Երեկ՝ հուլիսի 29-ի երեկոյան, ինչպես նաև դրան նախորդած օրերին, ՀՀ ոստիկանությունը գործադրել է անհամաչափ ուժ և ակնհայտ բռնություն իրենց բողոքի ձայնն արտահայտող խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս ընթացքում նաև անօրինական կերպով ոստիկանական բաժիններ բերման են ենթարկել քաղաքացիներին՝ սահմանափակելով նրանց հիմնարար իրավունքները:
Ոստիկանությունն անզեն քաղաքացիների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ և լուսաձայնային պայթուցիկներ, անխնա ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին և ակցիաները լուսաբանող լրագրողներին՝ նրանց նկատմամբ իրականացնելով անթույլատրելի պատժիչ միջոցներ և պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ:
Մենք դատապարտում ենք անզեն քաղաքացիների և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը և բռնությամբ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելը:
Ակնհայտ հանցավոր գործելաոճ ենք համարում ոստիկանության բացահայտ թողտվությամբ և աջակցությամբ քաղաքացիական հագուստով անձանց խմբերի սադրիչ և անմարդկային գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք հստակ երևում են նաև տեսագրություններում:
Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի ապակայունացումը և արյունահեղությունը կարող է բերել անդառնալի հետևանքների ՀՀ թե՛ ներքին և թե՛ արտաքին կյանքի համար և այդ ամենի ողջ պատասխանատվություն կրում է իշխանությունը:
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնություն գործադրելուց, ժամ առաջ վերջ դնել բռնություններին և առաջացած ճգնաժամը լուծել բացառապես քաղաքական ճանապարհով՝ բանակցություններով և խաղաղ միջոցներով:
Պահանջում ենք իրականացնել անաչառ հետաքննություն՝ պարզելու խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններն իրականացնողներին, այդ թվում քաղաքացիական հագուստով ակնհայտ սադրիչ և բռնի գործողություններ իրականացրած անձանց ինքնությունը: Ապահովել հասարակական թափանցիկ վերահսկողություն իրավական ողջ գործընթացի նկատմամբ, ինչպես նաև Ազգային ժողովում ստեղծել այս դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով:
Ակնհայտ է, որ իշխանությունների նման գործելակերպը չի նպաստում ՀՀ ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծմանը՝ հատկապես ՀՀ և ԼՂՀ անվտանգության երաշխիքների ապահովմանը, հարված է հասցնում առանց այն էլ արժեզրկված պետական և քաղաքական ինստիտուտների կայացման գործընթացին, էլ ավելի է խորացնում երկրում առկա ճգնաժամը, թուլացնում պետության ներքին դիմադրողականությունը՝ բազմապատկելով ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
30 հուլիսի, 2016թ.
ք. Երևան