«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը գտնում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու՝ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը քաղաքական որոշում է: «Ցավում եմ, որ մեր պետությունում Սահմանադրական դատարանն ընդունել է քաղաքական որոշում, այլ ոչ թե իրավական: Սա փաստ է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
-Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի դրույթները ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: Ինչպե՞ս կգնահատեք այդ որոշումը:
-Ցավոք սրտի, ակնհայտ է, որ դա իրավական փաստաթուղթ չէ, ուղղակիորեն մեր Սահմանադրությանը հակասում է: Այսօր Եվրասիական տնտեսական միության տնտեսական կոմիտեի որոշումները Հայաստանի և անդամ պետությունների համար պետք է պարտադիր դառնան. այդ առումով ակնհայտ է, որ դա հակասահմանադրական է: Փաստերը շատ են, և այդ առումով Սահմանադրական դատարանի որոշումը ես ավելի շատ պարզապես համարում եմ քաղաքական վճիռ կամ որոշում, այլ ոչ թե իրավական փաստաթուղթ: Եվ դա շատ տրիվիալ է: Կարծում եմ՝ չկա որևէ իրավաբան, որն այդ կարծիքը չպնդի: Որպես կանոն մեր Սահմանադրական դատարանը, ցավոք սրտի, լղոզված պատասխաններ է փորձում տալ, և եթե ուշադիր եղաք, այս անգամ այն եզակի դեպքերից էր՝ այդ լղոզումը բացակայում էր: Ցավում եմ, որ մեր պետությունում Սահմանադրական դատարանն ընդունել է քաղաքական որոշում, այլ ոչ թե իրավական: Սա փաստ է:
-Նույն այդ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը կարող է դուրս գալ ԵՏՄ կազմից, երբ ցանկանա: ՍԴ-ն հատկապես շեշտեց այդ կետը:
-Նախ, ցանկացած միությունից կարելի է դուրս գալ, հատկապես եթե այն հակասահմանադրական է: Բայց պատկերացրեք՝ Ռուսաստանն արդեն ճանաչել է, այսինքն՝ Ռուսաստանը հավանության է արժանացրել: Եվ մինչ այդ Հայաստանի խորհրդարանում և հասարակության շրջանում, այդ թվում՝ կայքերում և որևիցե տեղ հնարավորություն չկա լայն մասսաների համար, որպեսզի առերեսվեն այդ պայմանագրերին: Այսինքն՝ թե ինչին է Սահմանադրական դատարանը կողմ եղել և ինչին է Ռուսաստանը համաձայն եղել, հասարակությունը տեղյակ չէ: Դա էլ է խոսում այն մասին, որ մեղմ ասած՝ մինչ այս պահը փաստաթուղթը խնամքով թաքցվում է: Եվ թող ոչ ոք չփորձի ասել, որ ոչ, դա ընդունելի է և այլն:
-Արդյո՞ք նույն իրավիճակը չէր նաև Եվրոպական միության Ասոցացման համաձայնագրի պարագայում:
-Եթե նախկինում Ասոցացման համաձայնագրի պարագայում ասում էին, որ բանակցային գործընթացի ընթացքում չի կարելի հրապարակել այն, էլի երեք ու կես տարի հետո Հայաստանի ժողովուրդը չիմացավ, թե ինչից ենք հրաժարվել, ապա այստեղ մենք գործ ունենք պարզ մի դեպքի հետ, որ այդպես էլ մեր հասարակությունը չառերեսվեց այդ պայմանագրերին:
Եվ սխալ էին անում, որ չէին հրապարակում: Պատկերացրեք, որ Ձեր պետությունը երեք տարի բանակցել է, և Դուք տեղյակ չեք եղել, թե ինչի մասին: Եթե այն ժամանակ գոնե փորձում էին վերջին պահին արդարանալ, որ բանակցային գործընթացն ավարտված չի եղել և չավարտված բանակցային գործընթացն իրենք իրավունք ունեին չհրապարակել՝ հաշվի առնելով դետալների հետ կապված հետագա բանակցությունները, ապա այստեղ մենք գործ ունենք ավարտված գործընթացի հետ: Ռուսաստանի պառլամենտը հաստատել է, բայց մենք բոլորս լայն իմաստով այդ փաստաթուղթը տեսնելու, կարդալու, հաստատելու հնարավորություն չենք ունեցել: Ինձ ցույց տվեք մեկ լրատվամիջոց, որտեղից ես կարող եմ տեսնել այդ փաստաթղթերը: Որևէ քաղաքացի չի կարող կարդալ և հասկանալ, թե ինչ ճակատագիր է սպասվում երկրին: