Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումներ:
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ հետաքրքրվեց աշխատավարձերից, ֆինանսատեխնիկական բազայի բացակայությունից:
Նա ասաց, որ ԱԺ-ի պատերի տակ այդ մասին խոսելով՝ խնդիրը չի լուծվում: Պետք է Պոլիտեխնիկում առնվազն մի ամբիոն լինի, համապատասխան մասնագետներ պատրաստի. «Մենք բարձր որակի ինժեներին չենք կարող հորդորել 120 հազար դրամով հանուն հայրենիքի աշխատել»:
Հետո նա հարցրեց՝ «Ի՞նչն է պատճառը, որ սահմանում՝ առաջնային գծում չենք կարողանում ամենապարզագույն դիտարկում իրականացնող սարքավորումներ տեղադրել: Չեմ ուզում հիշեցնել, թե ինչ տեխնիկա ենք օգտագործում՝ մեր պապերից եկած, անգամ ամաչում եմ դրա մասին խոսել»:
ՊՆ փոխնախարար, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը պատասխանեց, որ կադրերի հարց իսկապես կա. «Ծանր տեխնիկայի վերանորոգման համար Պոլիտեխնիկի ուսանողներին էինք առաջ նշանակում գործարանում, փորձ էին ձեռք բերում եւ հաշվվում էր դա որպես ծառայություն: Այդ ընթացքում ունեցանք լուրջ առաջընթաց, հետագայում այդ պրակտիկան դադարեցվեց: Գուցե նորից անդրադառնանք տվյալ հարցին»:
Ինչ վերաբերում է հայտնաբերման ժամանակակից սարքերին՝ նա ասաց. «Բանակի առաջ այդ խնդիրը վաղուց էր ծառացել: Մենք ունենք տարբեր տեսակի միջոցներ, բայց պետք են այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան եղանակի ցանկացած պայմաններում կարճ ժամկետում հայտնաբերել դիվերսիան: Դա պետք է լինի սեյսմիկ կրիչների հիման վրա, ռազմարդյունաբերական համալիրի միջոցով աշխատանքներ ենք տանում, փորձում ենք նման սարքավորումներ ներկրել ՀՀ»:
Ալիկ Միրզաբեկյանն ասաց, որ վերջին 4-5 ամսվա ընթացքում տարբեր միջոցներով հայտնաբերման փորձարկումներ են անցկացրել, հիմա էլ անցկացնում են: Ավելին՝ փոխնախարարը հայտարարեց, որ այսօր տվյալ խնդիրը լուծելու համար համապատասխան ֆինանսական միջոցներն առկա են:
Հռիփսիմե Ջեբեջյան