«Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը, որպես այդպիսին, որպես վերջնական նախագիծ գոյություն չունի: Դա հասարակությանը դեռ պաշտոնապես ներկայացված չէ: Թե կայքում ի՞նչ է գրված, Վենետիկի հանձնաժողովի հետ ի՞նչ են ճշգրտում կամ բանակցում`հարցի մյուս կողմն է»,- սա է պատճառը, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը գրավոր առաջարկներ չի ներկայացրել: Այդ մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Հիշեցնենք, մինչեւ մայիսի 5-ը կուսակցությունները, խորհրդարանական խմբակցությունները պետք է առաջարկներ ներկայացնեին սահմանադրական փոփոխություններն իրականացնող հանձնաժողովին`ներկայացված հայեցակարգի վերաբերյալ:
Քաղաքական ուժի կողմից գրավոր առաջարկների ներկայացումը Խաչատուր Քոքոբելյանը «թղթի կտոր» չի համարում, որ մի բան գրեն տան. «Դա կոնցեպտուալ փաստաթուղթ պետք է լինի, ուստի, անհրաժեշտ եմ համարում, որ վերջնական փաստաթուղթը լինի, ծանոթանանք, նոր մեր ասելիքն ասենք: Չի կարելի մի կետ ներկայացնել, որն ամբողջակա՞ն է, թե՞ կոնտեքստից դուրս, հայտնի չէ ու ասել`գիտե՞ք, մենք առաջարկ ենք անում: Դա ամբողջական փաստաթուղթ է եւ որեւէ կետի մասին առաջարկով հանդես գալ`առանց ամբողջական կապը տեսնելու, մասնագիտական, իրավական առումով էլ ճիշտ չէ»: Նախնական տարբերակի հետ կապված «Ազատ դեմոկրատները» ի սկզբանե վերապահումներ ունեցել են, այդ մասին քանիցս ասել են: