«Թող ոչ մեկը չփորձի անընդհատ շեշտել, թե կանայք քաղաքականության մեջ այդքան ակտիվ չեն կամ քվոտաները արհեստական են լինելու և այլն: Պետք է պարզապես հնարավորություն տալ, որպեսզի կանայք ակտիվանան, այլ խնդիր չկա… Այդ տեսանկյունից ես նույնիսկ 50/50 քվոտայի կողմնակից եմ»,– այսպիսի կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը WomenNet.am–ի հետ զրույցում:
«Որպես ազատական քաղաքական ուժի ղեկավար, որպես ազատական գաղափարներ կրող գործիչ, բնականաբար, կողմնակից եմ ու ահրաժեշտ եմ համարում կանանց քաղաքական ներգրավվածության մեծացումը ու շատ կուզենայի, որ դա օրենքով չարվեր, այլ հենց այդպես էլ լիներ: Օրինակ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության 40 տոկոսը կանայք են կազմում: Ավելին՝ ես միշտ կողմնակից եմ եղել կանանց ակտիվ ներգրավմանը, բայց դեմ եմ զուտ թիվ ցույց տալու գաղափարին:
Այնպես որ ես հիմա հայտնում եմ իմ դիրքորոշումը և Ազգային Ժողովում Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ էլ կբարձրաձայնեմ՝ նշելով, որ կողմնակից եմ ոչ միայն 25/75 քվոտայի, որ ներկայումս ներկայացվել է, այլև կաջակցեմ բոլոր նրանց, ովքեր կբարձրաձայնեն 30/70 համամասնության մասին: Վստահ եղեք, որ կանանց մասնակցության ավելացումը միայն դրական տեղաշարժեր կարող է բերել: Եվ բացի այդ, ելնելով անձնական դիտարկումներից ու փորձից, կարող եմ ասել, որ կանայք մեղմում են քաղաքական մրցապայքարի դրսևորումները»:
Զրուցեց՝ Լիա Խոջոյանը