Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցազրույցը Առաջին լրատվական կայքին:
Պարոն Քոքոբելյան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Ազատ դեմոկրատներ կուսակցությունը չմասնակցեց, 2017-ի ընտրություններին ընդառաջ արևմտյան բևեռների հետ համագործակցություն լինելո՞ւ է:
-Նախ պատասխանեմ թե ինչու չմասնակցեցինք, չնայած որ բազմիցս այդ մասին խոսել եմ: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանում, նույնիսկ մեծ քաղաքներում, քանզի փոքր համայնքների դեպքում դա խիստ հասկանալի է, քաղաքական-գաղափարական ընտրություններ չեն: Եւ հոկտեմբերի 2-ին Գյումրիի և Վանաձորի ընտրությունները դա ապացուցեցին: Դա շատ կանխատեսելի էր, հաշվի առնելով այն ընտրական օրենսգիրքը, որն այսօր արդեն գործում է և այն բազմազան առաջադրումները, միայն Գյումրիում 400-ից ավելի առաջադրված ավագանու թեկնածուններ կային, ինչը, բնականաբար ձայները փոշիացնելու համար էր: Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ Գյումրիի և Վանաձորի ընտրությունները քաղաքական էին, կցանկանայի ցույց տային ինձ որևիցե բանավեճ, որևիցե կարգախոս, որևիցե մոտեցում, որտեղ արտացոլված է եղել մասնակից քաղաքական ուժերի քաղաքական մոտեցումները: Իհարկե, քաղաքական մոտեցումներ ասելով, ի նկատի չունեմ արտաքին քաղաքականությունը, խոսքը վերաբերվում է այն քաղաքական մոտեցումներին, որ իրենք ունեն թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական և ինչու ոչ հենց տեղական ինքնակառավարման ոլորտի հետ կապված: Պարզ է, որ տեղական ինքնակառավարման ընտրություններում պետք է թիրախավորել տեղական ինքնակառավարման մարմնին վերաբերող և բուն համայնքի քաղաքացիների կենսակերպին առնչվող խնդիրներ և, իհարկե, պետք է դրանց վերաբերյալ քաղաքական մոտեցումներ հնչեն: Մենք վստահ էինք, որ այդպես է լինելու, դրա ապացույցը եղավ ընտրությունների արդյունքները և այդ բոլորը հաշվի առնելով, նաև, ինչու ոչ, հաշվի առնելով մեր ռեսուրսները, քանզի մասնակցել ավագանիում զուտ ներկայացվածություն ունենալու համար, մենք նպատակահարմար չգտանք: Սակայն մեր անդամներից շատերը ինքնաառաջադրվել են որպես ավագանու անդամի թեկնածու և եղել են ընտրվողներ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և այլ մարզերում: Այն մարդկանց, ովքեր ցանկություն են ունեցել առաջադրվելու, բնականաբար մեր աջակցությունն ենք առաջարկել և փորձել ենք աջակցել, բայց դա չենք փորձել ներկայացնել որպես քաղաքական գործընթացի մեկնարկ՝ հաշվի առնելով այս ընտրությունների բնույթը, ինչպես նաև նախկին փորձը, որ Հայաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները երբեք չեն պրոյեկտվում Ազգային ժողովի ընտրությունների վրա և Հայաստանում լուրջ տեղաշարժերի և փոփոխությունների հասնել հնարավոր է միայն համապետական ընտրությունների միջոցով:
Բնականաբար, մենք պատրաստվել ենք, այս պահին ևս պատրաստվում ենք Ազգային ժողովի ընտրություններին: Այս ընտրություններն իրենց բովանդակությամբ և քաղաքական մոտեցումներով էապես տարբերվելու են նախկին խորհրդարանական ընտրություններից, բացի այն, որ այս ընտրական օրենսգիրքը այլ խաղի կանոններ է հաստատել, ի դեպ ոչ բարվոք, նաև այս ընտրական օրենսգիրքը, որն իմ ընդիմադիր գործընկերներից շատերը, ցավոք, պաշտպանեցին, գալիք ընտրությունների ողջ պրոցեսը քաղաքական մրցակցության դաշտից դուրս է դնելու: Գալիք ընտրություններն ավելի շատ սուպեր-մաժորիտար ընտրություններ են լինելու և քաղաքական տեսակետների, մոտեցումների մրցակցության փոխարեն, ցավոք սրտի, մենք ականատես ենք լինելու ռեսուրսների, այդ թվում նաև ֆինանսական ռեսուրսների մրցապայքարի: Երկրորդ հարցը՝ կապված քաղաքական բևեռների հետ: Հայաստանում քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների մեծամասնությունը պաշտպանում են այն քաղաքականությունը, որն այսօրվա իշխանությունները վարում են արտաքին-քաղաքական ոլորտում, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և մի շարք այլ ուղղություններով, որը, բնականաբար մեզ համար անընդունելի է: Սակայն, բարեբախտաբար, Հայաստանում եղել են և կան քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք իշխանությունների վարած արտաքին քաղաքական գիծը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի մասով չեն կիսում, ինչը մեր քաղաքական ուժի համար չափազանց կարևոր է, ավելին՝ դա մեզ համար սկզբունքային խնդիր է:
Մենք նշել ենք, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք մեր՝ Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք գնալու լայն համախմբման: Մենք փորձելու ենք համախմբել բոլոր այն անհատներին, բոլոր այն քաղաքական գործիչներին, այդ թվում նաև քաղաքական ուժերին, որոնք պաշտպանում և կիսում են մեր տեսակետները: Մեզ համար երեք սկզբունքային, կարևորագույն խնդիրներ կան. մենք գտնում ենք, որ պետք է ճանապարհ անցնենք այն մարդկանց հետ, ովքեր դեմ են Եվրասիական տնտեսական միությանը և բացի դեմ լինելը նաև համոզված կողմնակիցն են եվրոպական ուղղվածության: Մեր կուսակցության ծրագրային դրույթն է Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության լիիրավ անդամակցությունը, այսինքն ԵԱՏՄ-ին միայն դեմ լինելը մեզ համար նվազ պայման է: Ես նույնիսկ «ոչ-ոչ»-ը որոշակի առումով համարում եմ կրավորական մոտեցում՝ այս հարցում պետք է հստակություն լինի, քանի որ դա կարևոր մարտահրավեր է: Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար համարում ենք ոչ թե հնարավորություն, այլ մարտահրավեր: Մեզ համար կարևոր է նաև, թե ով ինչ մոտեցում է ունեցել սահմանադրական փոփոխությունների հետ կապված, որովհետև մենք ինքներս դեմ ենք եղել և կարծում ենք, որ այդ սահմանադրությունը, որն այսօր դե ֆակտո գործում է, իր մեջ շատ կետեր է ներառում, որոնք մենք անընդունելի ենք համարում: Մենք բնականաբար մասնակցել ենք «ոչ»-ի քարոզարշավին և կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում էր, իհարկե, չենք մեղադրում այն ուժերին, ովքեր չեն մասնակցել այդ գործընթացին, բայց մեզ համար շատ սկզբունքային է նաև այդ խնդիրը: Լինելով ՀՀ Մայր օրենքը, այն հնարավորություն չի տալիս Հայաստանի դինամիկ, այդ թվում նաև տնտեսական, զարգացման ապահովման համար, որովհետև սահմանադրությունները միայն իրավակիրառման առումով իրավական հարաբերությունների որոշիչը չեն, այլ դրա սահմանած իրավահարբերությունները պետք է ապահովեն նաև պետության տնտեսական զարգացումը: Եվ երրորդ հիմնական խնդիրը, որը մեզ համար սկզբունքային է, վերաբերում է այն քաղաքական գործիչներին, ուժերին և անհատներին, որոնք հետևորդն ու կրողն են ժողովրդավարական քաղաքական մշակույթի, ինչպես ընդունված է ասել արևմտյան արժեհամակարգի, և որոնք ոչ միայն իրենց բառերի միջոցով, այլ իրենց ամենօրյա քաղաքական գործունեության ընթացքում ապացուցել են, որ իրենք ժողովրդավար քաղաքական գործիչներ են:
Նշեմ, որ այո, այս պահին նաև բանակցություններ և հանդիպումներ են ընթանում: Անձերի առումով որևիցե բան չեմ կարող ասել, որովհետև անշնորհակալ և անթույլատրելի եմ համարում բանակցային գործընթացի ընթացքում անուններ հնչեցնելը, դա ճիշտ չի լինի նաև բուն գործընթացը վնասելու առումով: Կարող եմ հստակ մի բան ասել, որ մենք մեր որոշումներում հաստատակամ ենք և հստակ գնալու ենք իրացնելու մեր ծրագրերը և մոտեցումները, և որևիցե մտավախություն չունենք նաև ընտրություններում հաջողության հասնելու առումով:
Հաջողություն ասելով ի նկատի ունեք Արևմտյան բևե՞ռը, Եվրոպական արժեհամակա՞րգը:
Այդ մասին շատ խոսում են մարդիկ, որոնք մինչ այս պահը քարը քարին չեն դրել, և որևիցե բան չեն ձեռնարկել այդ բևեռների ձևավորման համար: Ես համարում եմ, որ քաղաքական ուժն արդեն բևեռ է:
-Այսինքն կարևոր է խորհրդարանում լինի մեծամասնությո՞ւն, թե՞ պարզապես տեղ ունենալը:
-Խորհրդարանում ներկայացված լինելն ուղղակի խնդիր չեմ համարում և կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք մեծ ներկայացվածություն ունենալու համար, որպեսզի կարողանանք եթե ոչ ամբողջովին, ապա գոնե ազդեցություն ունենալ որոշումների կայացման գործընթացի վրա, հատկապես այնպիսի որոշումների, որոնք մեզ համար ուղղակի անընդունելի են:
Հարցազրույցը՝ 1in.am-ի: