Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու Աբխազիայի նախաձեռնությունն առաջին հայացքից շատ դրական է թվում, սակայն որքան հեռանկարային` դժվար է ասել: NewsBook-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, վերլուծաբան Անուշ Սեդրակյանը:
«Եթե չճանաչված հանրապետությունները միավորվում և միմյանց միջև կապեր հաստատելու փորձեր են անում, միգուցե դա կարելի է քաղաքական բլոկադան ճեղքելու փորձ դիտարկել: Բայց եթե նայենք այդ փորձի հեռանկարայնությանը, ապա առնվազն 3 հարց է առաջանում` առաջին` արդյո՞ք չճանաչված հանրապետությունները միավորվելով` չեն ամրապնդում այդ չճանաչվածության կարգավիճակը և մեկուսանում, երկրորդ` արդյո՞ք նրանց միջև հնարավոր են տնտեսական, քաղաքական, դիվանագիտական խորքային հարաբերություններ, և երրորդ` արդյո՞ք Աբխազիայի հետ առանց վիզային ռեժիմի ամրագրումը չի նպաստի Վրաստանի հետ հայկական կողմի հարաբերությունների վատացմանը: Այս և շատ այլ հարցերի պատասխանները մենք չունենք»,- նկատեց մեր զրուցակիցը:
Անուշ Սեդրակյանի խոսքով` չճանաչված հանրապետությունների միավորումն ունի PR միայն մեկ առավելություն` միջազգային հնարությանը ևս մեկ անգամ հիշեցնել իրենց պայքարի և կարգավիճակի մասին: Բայց թե սա որքանով արդյունավետ ճանապարհ է, վերլուծաբանի խոսքով, դժվար է ասել:
Հիշեցնենք, որ Աբխազիայի արտաքին գործերի փոխնախարար Կան Թանիայի տեղեկացմամբ` այդ երկիրն ազատ վիզային ռեժիմ է սահմանում Լեռնային Ղարաբաղի և Մերձդենստրի հանրապետությունների հետ: «Արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբան հանձնարարել է Աբխազիայի արտգործնախարարության միջազգային-իրավական բաժնին մեր բարեկամների` Մերձդնեստրի Մոլդավական և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների հետ փոխադարձ ազատ այցելությունների մասին համաձայնագրերի նախագծեր մշակել»,- ասել է Կան Թանիան:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am