This post is also available in:
Հայաստան–ԵՄ համաձայնագիրն առ ոչինչ կլինի, եթե Հայաստանի իշխանությունները չսկսեն գոյություն չունեցող արդարադատության համակարգի կառուցումը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Ազատ Դեմոկրատներ Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
«Համաձայնագիրն առ ոչինչ կլինի, եթե այն որպես հիմք չօգտագործենք ու չփորձենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հիմնարար արժեհամակարգը, գոյություն չունեցող արդարադատության համակարգը կառուցել։ Սա լրջագույն հնարավորություն է Հայաստանի և ՀՀ քաղաքացիների համար։ Այն հնարավորություն է ստեղծելու Հայաստանի օրենսդրական դաշտը, բիզնես միջավայրը, էներգետիկ համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առումով։ Համաձայնագրում շատ զգույշ նշված է նաև օրենքները մոտարկելու մասին, ինչը շատ կարևոր է»,–ասել է Խաչատուր Քոքոբելյանը՝ ընդգծելով վիզաների ազատականացման հնարավորության մասին.
«Սա հնարավորություն է Հայաստանի համար սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը։ Ճիշտ կազմակերպելու դեպքում ՀՀ քաղաքացիները առանց խոչընդոտի ու առանց վիզաների կարող են մեկնել Եվրոպա։ Առանձնահատուկ շեշտեմ, որ այս պայմանագրով առնվազն ամրապնդվեց GSP համակարգից Հայաստանի օգտվելու հնարավորությունը։ Այն հնարավարություն է տալիս 6400 –ից ավել ապրանքատեսակներ առանց մաքսատուրքի արտահանել դեպի Եվրամիության երկրներ։ Այդ խնդիրը ևս առկա էր մինչև փաստաթղթի ստորագրում։ Այս համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը մոտենում է Եվրամիության ընտանիքին»։