«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ իր շուրջը հավաքելով ազատական գաղափարախոսությունը կրող քաղաքական ուժերին, անհատներին. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք մասնակցելու ենք մեր առանձին ընտրացուցակով: Համագործակցելու ենք անկուսակցական անհատների, քաղաքական ուժերի հետ, ներկայացնելու ենք իրատեսական ծրագիր, որը Հայաստանի համար ցույց կտա ելքեր՝ ներկա դրությունից: Անհրաժեշտ են կտրուկ փոփոխություններ, ուստի ես վստահ եմ, որ մենք կկարողանանք համախմբել մարդկանց, ովքեր այսկերպ են մտածում»,- նշեց Քոքոբելյանը:
Ըստ «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահի՝ իրենք փորձելու են ազատական մտածողություն ունեցող քաղաքական գործիչներին ու ուժերին համախմբել, բայց այն ազատական արժեքների կրողներին, ովքեր իսկապես այդպիսին են, չեն զբաղվում իմիտացիայով և իրենց կենսագրությամբ են ապացուցում, որ այդպիսին են:
Պատգամավորը դրական պատասխանեց նաև այն հարցին՝ արդյոք այդ ուժերի, քաղաքական գործիչների հետ քննարկումներ արդեն տարվում են խորհրդարանական ընտրություններում միասնական ճակատով հանդես գալու ուղղությամբ: «Այո, քննարկումներ կան, չեն կարող չլինել: Հավատացած եղեք, որ շատ հետաքրքիր պատկեր կարող է ստացվել: Ավելին, Հայաստանի քաղաքականության կենսականության ապահովման համար այն ուղղությունները, մոտեցումները, որոնք ներկայացնում ենք, թող դա ամպագոռգոռ չթվա, կենսական նշանակություն ունեն»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը: