Առաջին լրատվականի(1in.am) զրուցակիցն է Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
– Պարոն Քոքոբելյան վերջին շաբաթների ընթացքում Հայաստանը աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, Հռոմի Պապի մատուցած պատարագը: Այս բոլորը որքանո՞վ են ընդհանրապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ավելի հեռացնում իրարից, արդյո՞ք այս ամենը նպաստելու են հետագայում` ապրիլի 25-ից հետո այս երկու երկրների խաղաղ գոյակցությանը, թե՞ ընդհակառակը` խորացնելու են առկա ճգնաժամը:
– Այդ թեման շատ ակտուալ է և այդ մասին շատ է խոսվում: Շատ վերլուծաբաններ, նաև փորձագետներ պնդում են, որ այդ մոտեցումները կարող են առճակատումը ավելի մեծացնել: Ես միանգամից ուզում եմ ասեմ, որ այդ կարծիքը չեմ կիսում և կարծում եմ, այն պատճառները, որոնք հիմա կասեմ շատ հիմնավոր են: Նախ այնպիսի ոճրագործություններ, ինչպիսին ցեղասպանությունն է, այդ թվում նաև պատերազմական հանցագործությունները ՄԱԿ-ի իրավունքների կոնվենցիայով վաղեմության ժամկետ չունեն, և կարծում եմ ու վստահ եմ, որ միջազգային հանրության, առաջադեմ, քաղաքակիրթ աշխարհի կողմից ցեղասպանության ընդունումը պետք է առաջնային լինի, իհարկե խոսքը չի վերաբերվում պահանջատիրությանը, այլ վերաբերվում է զուտ մարդկանց իրավունքներին և այդ ոճրագործության ճանաչման հետ կապված խնդրին: Եւ վստահ եղեք, որ միջազգային հանրության ճանաչումից հետո Թուրքիան չի դրսևորի ներկայիս կոշտ քաղաքականությունը, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերություններում, գիտեք, որ Թուրքիան երկու հիմնական նախապայման է առաջ քաշում` և ցեղասպանության խնդիրը և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Ինչու եմ նշում նաև երկրորդը, որովհետև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում անընդհատ առաջ է մղվում ղարաբաղյան հակամարտությունը, այսինքն Թուրքիան այդ կերպ փորձում է նաև տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական շահերն առաջ տանել: Եվ այստեղ ինձ համար կա մի հստակ փաստ, որ ցեղասպանության միջազգային ճանաչումից հետո, Թուրքիան միևնույն է ուշ թե շուտ ստիպված է լինելու ընդունել ցեղասպանությունը, որովհետև աշխարհի զարգացման տենդենցը դրան է տանում, դրա ամենավառ ապացույցն է Հռոմի Պապի մատուցած պատարագը, որտեղ կար հստակ ասելիք: Եւ նաև այդ առումով, ես կարծում եմ, որ Թուրքիան ձերբազատվելով ցեղասպանության ճանաչելու խնդրից, ավելի հեշտ կգործի միջազգային ասպարեզում, քանզի այս պահին հենց այս պատճառով Թուրքիան քաղաքակիրթ աշխարհի հետ շատ հաճախ խնդիրներ է ունենում:
-Սակայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը այդպես էլ մնում է չկարգավորված, այս դեպքում ավելի չի՞ հեռանում նույն Թուրքիայի կողմից ճանաչումը:
– Ես դրա համար նշեցի, որ Թուրքիան հստակորեն, անկախ ցեղասպանության հանգամանքից, միևնույն է Լեռնային Ղարաբաղի խնդիրը բերում է օրակարգ, որը, իմ համոզմամբ, այս փուլում մեր շահերից է բխում, որովհետև Թուրքիան ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ցույց տալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված, որպես տարածաշրջանային դերակատարություն ունեցող երկիր իր ազդեցությունը թուլացնում է, ինչու, որովհետև մյուս պետությունների և մյուս խաղացողների կողմից ընկալելի է դառնում և մեր համար ավելի հեշտ մատուցելի, որ Թուրքիան օբյեկտիվ չէ այս հարցում, հետևաբար վերջինիս խառնվելը ԼՂ հակամարտության կարգավորմանը`առնվազն անթույլատրելի է:
– Դավութօղլուի հայտարարությունը, դրանից առաջ Էրդողանի Ղազախստանում արած հայտարարությունը, և ընդհանրապես` Թուրքիայից եկող հայտարարություններում դուք նորություն տեսնո՞ւմ եք, այս հայտարարությունները որքանո՞ վ են իրենց բովանդակությամբ տարբերվում նախորդ տարի ապրիլի 24-ին Էրդողանի արած հայտարարությունից և ի՞նչ եք կարծում ապրիլի 24-ին այլ տեքստ կտեսնենք:
-Վստահ եմ, որ այլ տեքստ չենք տեսնելու, զուտ առանցքային առումով առանձնապես չեմ տարբերում, բովանդակային առումով ուղղակի խստացված է ավելի և Թուրքիայի այսօրվա պաշտոնական հայտարարությունները ավելի շատ կապում եմ իրենց ներքին քաղաքականության հետ, քանզի ցանկացած պարագայում նրանք իրենց ներքին խնդիրները ունեն, և չեմ կարծում, որ այդ պարզ ճշմարտությունը թուրքական դիվանագիտության մեջ այսօր չի գիտակցվում, ուղղակի իրենք իրենց մտցրել են փակուղի: Մեծ խնդիր է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև առկա փակ սահմանը, այն խորհրդային միության վերջին փշալարն է, և, կարծում եմ այստեղ մեծ անելիք ունի նաև ՆԱՏՕ-ն, հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամներից է: Խորհրդային միությունը չկա արդեն երկու տասնամյակից ավելի, սակայն սահմանում դեռ այդ փշալարը պահպանվում է և դրա սուրբ պահապանը կարծես թե Թուրքիան է իր կողմնակիցների հետ միասին, ինչը արդյունավետ չեմ համարում ու վստահ եմ, շատ կարճ ժամանակ հետո այդտեղ ևս փոփոխությունը պետք է լինի:
– Պարոն Քոքոբելյան, ինչո՞վ եք պայմանավորում Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների նախագահների՝ Նազարբաևի, Լուկաշենկոյի ապրիլի 24-ին Հայաստանում չգտնվելու հանգամանքը, ավելին` Լուկաշենկոն այդ օրը լինելու է Վրաստանում և Հայաստան հասնելը մի քանի ժամ էր նրանից պահանջելու, բացի այդ անդամ երկրների թե’ Ռուսաստանի, թե’ Ղազախստանի, թե’ Բելառուսի կողմից որևէ բանաձև ցեղասպանության հետ կապված, որևէ որոշում այդպես էլ չընդունվեց , փաստացի Եվրամիությունը, որի առջև Հայաստանը իր դռները փակել էր շատ ավելի հանդուրժող գտնվեց այս դեպքում, քան նույն Եվրասիական Տնտեսական Միության անդամները:
-Նախ , տարբեր արժեհամակարգերի հետ գործ ունենք և մենք միշտ այդ մասին խոսել ենք, ոչ թե Եվրամիությունը ավելի հանդուրժող գտնվեց, այլ հանդես եկավ որպես ձեռք մեկնող և միաձայն ընդունվեց այնպիսի կարևորագույն բանաձև , ինչպիսին բոլորս տեսանք և դա շատ էական էր: Նորից եմ ուզում կրկնել, այստեղ գործ ունենք և’ մարդկային տեսակի, և’ արժեհամակարգերի հետ, նոր չէ, որ այդ մասին ես խոսում եմ: Սա ևս մի ակնհայտ փաստ է, որ Եվրասիական Տնտեսական Միությունը ռուսական այսօրվա ռեժիմին հարմարացրած միություն է, և ուղղակիորեն ոչ ադեկվատ և ոչ հարգալից վերաբերմունք եմ համարում ԵՏՄ անդամ պետությունների այդ օրը Հայաստանում չգտնվելու հանգամանքը, դա անհարգալից վերաբերմունք է նաև հենց այդ միության նկատմամբ, ոչ թե հայ ժողովրդի:
-Իսկ Ռուսաստանի այն քաղաքականությունը, որ փաստորեն առաջին դեմքի մակարդակով կլինեն Հայաստանում, բայց բարձր պատվիրակություն կլինի Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումների Թուրքիայում, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
– Ես միշտ ասել եմ և կարծում եմ և նաև ցավում, որ մեր քաղաքական դաշտում դեռ հակառակ կարծիք ունեցողներ կան, այն հարցում, որ Ռուսաստանը, նաև որպես գերտերություն, մասնավորաբար Հայասատանի հետ վարվող քաղաքականության մեջ, երբեք չի առաջնորդվել բարի կամքի դրսևորումներով կամ Հայաստանի շահերը հաշվի առնելու հանգամանքով: Ռուսաստանը միշտ առաջնորդվել է բացառապես իր շահով, ոտնահարվել է Հայաստանի շահը` չհիշեցնեմ հայ-ռուսական խախտված պայմանագրերը, զենքի վաճառքը Ադրբեջանին: Ինձ համար ակնհայտ է, որ Թուրքիան այսօր Ռուսաստանի համար ավելի կարևոր գործոն է, ցավոք սրտի, քան Հայաստանը և Պուտինի այցելությունը դիտարկում եմ ուղղակի այցելություն մի երկիր, որն իրեն այս պահին ուղղակիորեն անհրաժեշտ է, և այդ առումով առանձնապես չեմ կարևորում:
– Ի՞նչ ենք անելու ապրիլի 25-ին, Պարոն Քոքոբելյան, 100-րդ տարելիցն էլ կանցնի, որո՞նք են լինելու մեր առաջնահերթությունները:
-Դա էլ ամենակարևոր խնդիրն է, թերևս, և մեր առաջնահերթությունները պետք է պայմանավորված չլինեին ի սկզբանե ցեղասպանությամբ և չեմ կարծում, որ պայմանավորված են, նաև հասարակության լայն շերտերի առումով ի նկատի ունեմ, քանզի այն խնդիրները, որ Հայաստանում կա, այն սոցիալական պրոբլեմները, այն ներքին և արտաքին մարտահրավերները, որ Հայաստանն ունի, դրանք չվերացան ցեղասպանության հարյուրամյակով: Ես դեմ եմ, որ Հայաստանը միջազգային հանրության կողմից, որպես բրենդ ճանաչվի ցեղասպանությունով: Ունենք Իսրայելի օրինակը , նորից եմ կրկնում, նայենք ինչ է տեղի ունենում Իսրայելում, իրենք իրենց իրավունքների ճանաչմանը ստիպողաբար հասնելուց հետո , այսօր ամբողջ աշխարհում տեխնոլոգիաներ են արտահանում, զարգացող երկիր է, թեև պատերազմական իրավիճակում է գտնվում: Այսինքն ՀՀ-ն իրավունք չունի օր և ժամ կորցնելու և զբաղվի միայն ցեղասպանությունից բխող հետևանքների մասին խոսելով: Անշուշտ, դա օրակարգ է, որը պետք է լինի, դա պատմական հիշողություն է, որը կա, դառը ճշմարտություն մեր ազգի և քաղաքակիրթ աշխարհի համար, բայց մենք պետք է կարողանանք առաջ գնալ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: