Ազատ Դեմոկրատներ Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան կատարած այցին, Արցախյան հիմանխնդրին՝ մասնավորապես թե ի՞նչ է տվել Ռուսաստանը հակամարտության կարգավորմանը , նշելով. «Դուք կարող եք նշել մեկ այլ երկիր, բացի Ռուսաստանից, որն Արցախյան հիմնախնդիրը որպես խաղաքարտ դարձնելով կարողանում է միլիարդներ վաստակել: Բառացիորեն Արցախյան հիմանխնդրի հաշվին Ռուսաստանն առնվազն տասնյակ միլիարդներից ավելի գումար է վաստակել, ես դա կգնահատեմ մինչև 30 միլիարդ»:
Հարցին թե ինչպե՞ս, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանել է. «Շատ պարզ ճանապարհով՝ ՌԴ-ն Արցախյան կոնֆլիկտն օգտագործելով այս ընթացքում Ադրբեջանին վաճառել է համարյա 15 միլիարդ դոլարից ավելի արժողությամբ զենք, դա դեռ այն է, ինչ հայտնի է: Բնականաբար հայկական կողմին էլ է վաճառում: Շատ տրիվիալ է, որ Ռուսաստանը զենքի վաճառքն օգտագործում է որպես միջոց տարածաշրջանում իր ազդեցությունն ավելի ուժեղացնելու համար: Դուք կարո՞ղ եք նշել մեկ այլ պետություն, որը Արցախյան հիմնախնդրի հաշվին կարողանում է այդքան գումար վաստակել: Այստեղից չի՞ բխում, որ Ռուսաստանին բացարձակապես ձեռնտու չէ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը»:
ԱԴԿ նախագահը նշել է, որ Բաքու կատարած վերջին այցելության ժամանակ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն դեմ չէ Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. «Այս փուլում Ռուսաստանը Արցախյան հիմնախնդիրը փորձում է օգտագործել Ադրբեջանին ԵԱՏՄ քարշ տանելու, որը կարծում եմ չի հաջողվի տարբեր պատճառներով: Այստեղ կա նաև թուրքական գործոնը, ինչու ոչ նաև արևմտյանը, այսինքն միայն ռուսական շահով այստեղ ուղղակի հնարավոր չէ առաջնորդվել: Հայաստանը պետք է կարողանա ձերբազատվել ռուսական արտաքին քաղաքականության սպասարկուի դերից և դառնա ինքնուրույն խաղացող: Չեմ կարծում, որ կգտնվի գեթ մեկ պետական այր, ով կհամարձակվի գնալ «տարածքներ ոչինչի դիմաց» լուծման տարբերակին, որի մասին անթաքույց խոսում են թե՛ ադրբեջանական, թե՛ ռուսական կողմը:
Այս փուլում, եկեք արձանագրենք երկու կարևոր բան. առաջին՝ Արցախյան հիմնախնդիրը Ռուսաստանին հնարավորություն է տալիս միլիարդավոր դոլարներ աշխատելու, մի քանի տասնյակ արդեն վաստակել են: Երկրորդ՝ այս հիմնախնդիրը հնարավորություն է տալիս Ռուսաստանին թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում և թե՛ առհասարակ տարածաշրջանում իր տոտալ ազդեցությունը պահպանելու: Եվ այս իրավիճակում սպասել, որ ռուսական կողմը որևիցե կառուցողական մոտեցում է ցուցաբերելու առնվազն քաղաքական առումով համարում եմ կարճատեսություն»:
Պատրաստեց Սիրանույշ Պապյանը