Մեր զրուցակիցն է հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
ԵՏՄ անդամ երկրներն արդեն իրենց դժգոհությունն են հայտնում Ռուսաստանի միանձնյա որոշումների հետ կապված: Մասնավորապես, Լուկաշենկոն հայտարարել է, թե իրենք շան լակոտներ չեն: Փորձագետները գնահատում են, որ այս միությունը կարող է ընդհանրապես չկայանալ: Հնարավո՞ր է ԵՏՄ-ն կայանա միայն Ռուսաստանի ու Հայաստանի միավորմամբ:
Մեծամտություն չլինի ասելը, բայց Եվրասիական միության չկայացման մասին առաջին դիտարկումները ես արել են դեռևս այն ժամանակ, երբ այդ միության հակառակորդներն ընկճված սպասում էին դրա կայանալուն: ԵՏՄ-ն չի կարող կայանալ ոչ թե այն պատճառով, որ Լուկաշենկոյին և Նազարբաևին պատել է արժանապատվության և պետականամետության զգացումը, այլ այն պատճառով, որ ՕՊԵԿ-ի վերջին որոշումով, որին դեմ է քվեարկել ընդամենը երեք երկիր (Վենեսուելա, Իրան, Իրաք) փլվել են նավթի գները: Այդ կարտելի մեջ չեն մտնում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, քանի որ նրանց մասնաբաժինը շատ է, իսկ մնացած երկրները կազմում են նավթի շուկայի 40 տոկոսը: Նման իրավիճակ, երբ իրար են մոտենում արժույթի միավորն ու նավթի գինը, եղել է ԽՍՀՄ փլուզումից առաջ, երբ բերվեց արտաքուստ ավելի ճկուն առաջնորդ, որին Պուտինը մեղադրում էր ԽՍՀՄ-ը փլուզելու մեջ, որն իր կարծիքով ի զորու չէր պահել կայսերական ամբիցիաները:
Հիմա շատ կուզենամ տեսնել, թե տնտեսական նույն իրավիճակում, դեռ «սառը պատերազմի» շեմը չոտնակոխած, կայսերական մեծ ամբիցիաներով Պուտինը ինչպես է փորձում դուրս գալ այս իրավիճակից, երբ խնդիրը ոչ թե ԵՏՄ-ի, այլ արդեն Ռուսաստանի փլուզման մեջ է: Այդ հարցը շատ հստակ է դրված, և ռուսական էլիտան, օլիգարխները և դրան կից զինվորական միավորումները մեկ տարբերակ ունեն. Ռուսաստանում հաստատեն զինվորական դիկտատուրա, ինչն ինտերնետի առկայության պայմաններում անհնար է, իսկ ինտերնետը մենեջմենթի գործիք է, ու եթե այդ հսկայական երկրում ինտերնետն էլ անջատվի, լրիվ քաոս կտիրի: Ինտերնետի առկայության պայմաններում հնարավոր չէ սահմանել ռազմական դիկտատուրա, տնտեսական խաբեություն: Ու թեև ռուսական պրոպագանդան աշխատում է հրաշալի՝ լվանալով անգամ Հայաստանում որոշ մասի ուղեղները, թեև խորը կասկած ունեմ, որ այդ ուղեղ լվանալու համար, այնուամենայնիվ, լվացվողները ինչ-որ վճար ստանում են, սակայն կա օբյեկտիվ տնտեսական ռեալություն: Ես ընդհանրապես չեմ խոսում քաղաքական ռեալության մասին, որովհետև քաղաքական գաղափարներին ու սկզբունքներին հասու լինելու համար պետք է ունենալ կրթա-հումանիստական որոշակի ցենզ: Ցավոք, Հայաստանում այդ կրթա-հումանիստական ցենզը երբեք չի եղել նպատակ: Նպատակը եղել է տնտեսական բարեկեցությունը, որի դիրքերից էլ հենց խոսում եմ:
Խոսքը ռուբլու և դրամի արժեզրկման մասի՞ն է:
Ոչ միայն ռուբլու և դրամի, նավթն է էժանանում: Մենք խնդիր էինք դրել ռազմական պաշտպանության, էներգակիրների գների նվազման, այնինչ հիմա փլուզվում են տնտեսության այն ճյուղերը, որոնք իբրև թե ենթադրաբար պիտի մեզ օգուտ տային ԵՏՄ-ում: Որպես նախապայման նշվում էր, որ մեր տնտեսական վիճակը կբարելավվի, նույնիսկ շատ լավատեսներ կարծում էին, որ սովետական գնով երշիկ կվաճառվի Հայաստանի խանութներում, և որ ռուսական բանակի ուժգնությունից վախեցած թուրքերն ու ադրբեջանցիները կսսկվեն, ու ոչ մի խնդիր չենք ունենա: Իսկ ինչ ենք հիմա տեսնում. սահմանին լարվածությունը մեծացել է, դրամի փոխարժեքն էլ ընկնում է: Հիմա հարց է ծագում. ինչպե՞ս կարելի է լինել այդքան անտեղյակ: Կա երկու տարբերակ. կամ դու կոմպետենտ չես և պիտի հեռանաս, կամ եթե կոմպետենտ ես, ուրեմն հանցագործ ես: Ես առաջին տարբերակի կողմնակիցն եմ ու մտածում եմ, որ ներկա պահին հատուկենտ մարդիկ են պատկերացնում իրադրությունը:
ԵՏՄ անդամակցության համաձայնագիրն առաջիկա քառօրյային կդրվի քվեարկության ու անկասկած կանցնի: Եռյակի առաջնորդող ուժի՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ թեև փաստաթղթում կան թերություններ, բայց իրենք կողմ են քվեարկելու, քանի որ «այլընտրանք չկա»:
Մի շարք թերությունների մասին բարձրաձայնողներին առաջարկում եմ տալ ուղեկցող հարց՝ որոնք են այդ մոտ 1500 էջանոց փաստաթղթի թերությունները: Խիստ կասկածում եմ ոչ իշխանական և իշխանական ուժերի ներկայացուցիչների կողմից 1500 էջանոց փաստաթուղթը միանվագ կլանելու ցանկությանը, էլ չեմ ասում ունակությանը: Դրա համար այդ 1500 էջանոց փաստաթուղթը չկարդալու արդյունքը բնական է: Գիտե՞ք որտեղից եմ հասկանում, որ այդ թղթերը չեն կարդացվել, որովհետև պարզեցված վիճակով, ողջ Հայաստանով մեկ պետք է ընթանային այդ փաստաթղթի այս կամ այն հատվածի շուրջ դեբատներ՝ մաքսային սակագների, տնտեսական անցումների, ճանապարհային կապերի և այլնի մասին: Հիմա կարող եք հարցնել, թե ինչու ես չեմ անում քննարկումներ. որովհետև ես մասնագիտությամբ տնտեսագետ չեմ: Սակայն չլինելով տնտեսագետ՝ տեսնում եմ զարգացումներ: Ինձ համար զարմանալի է, որ եթե մեկ մարդու համար դա ակնհայտ է, ինչպես կարող է մի ողջ կառավարման համակարգի համար դա ակնհայտ չլինի:
Պատճառն այն է, որ Հայաստանում չկա պետական ձեռնտուի կոնցեպցիա, կա անհատական ձեռնտուի կոնցեպցիա: Մարդը երբեք չի մտածում, և դեռ ավելին, այնքան ստոր ու այլասերված է այդ կոնցեպցիան, որ ոչ մեկը չի կարդում, որ հնարավոր է իր տնտեսական բարեկեցությունը լինի ուրիշների տնտեսական բարեկեցության հետ համատեղ: Բոլորին թվում է, որ իր տնտեսական բարեկեցությունը կարող է կայանալ միայն ուրիշի տնտեսական բարեկեցության հաշվին, իսկ բոլորին ձեռնտուի սկզբունքը Հայաստանում միշտ թվում է անիրական: Դրա համար էլ Հայաստանում մերժվում է ժողովրդավարությունը, քանի որ այն համարում են անհնար: Որովհետև եթե ժողովրդավարությունը հնարավոր լինի, անձնական հարստացումն ուրիշի հաշվին չի կայանա: Հայաստանում ժողովրդավարությունն անհնար է, մարդու իրավունքներն անհնար են, ԵՄ-ի հետ տնտեսական պայմանագիրն անհնար է: Խնդիր է դրված վերջնականապես մարդկանց մեջ մեռցնել նույնիսկ ոչ թե այլընտրանքի տեսլականը, այլև անգամ դրա հույսը: Սա նման է նրան, որ հիվանդը չդիագնոզված պառկած է, և բոլորը գալիս ասում են, դե մեկ է մեռնելու է, ուրիշ տարբերակ չկա: Հայաստանի դիագնոզը, կոնկրետ ԵՏՄ-ի մասով, արդեն բոլոր ռեֆերենտ խմբերը պետք է տային՝ տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, բայց ցավոք, մենք որևէ ոլորտում պրոֆեսիոնալ չունենք, որի հետևանքն այն է, ինչ ունենք:
Իշխանություն-ոչ իշխանական եռյակ հարաբերությունները շատերը իշխանակիսության գործընթաց են անվանում: Դուք ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական այս գործընթացը, Եռյակի նպատակն արտահերթ ընտրություննե՞րն են, թե նրանք գնում են հերթական ընտրությունների:
Ես չեմ կարծում, որ խոսքն իշխանակիսության մասին է: Խոսքն այն մասին է, որ կարկանդակը գնալով փոքրանում է, որովհետև տրանսֆերտներն ու դրամական հոսքերը քչանում են, վերանում է միջազգային օգնությունը, ու բոլորն արդեն հասկանում են, որ Ռուսաստանից չվերահսկվող վարկ այլևս ոչ ոք չի կարող ունենալ, և կարող է եղածն էլ կտրվի: Դրա համար խնդիր է դրվում, թե ով ավելի մոտ կկանգնի կարկանդակին և ինչ լծակների առկայությամբ: Սակայն այս բոլոր ներքաղաքական իմիտացիաները, իսկ ես դա համարում եմ ներքաղաքական իմիտացիա, միևնույն է ստվերվում են մի լոզունգով, որը կարելի է ասել այսպես. «հազար կետ էլ քննարկվի, ո՞վ է փրկելու դրամը»: Այսինքն՝ 12 կետ կարող են քննարկել ոչ իշխանական ուժերը, 115 կետ կարող են քննարկել պատանի բնասերների խմբակները, 34 կետ կարող են քննարկել ԱԼՄ հեռուստատեսության ներկայացուցիչները և այլն: Այդ կետերի ավելացումներից ու հավելումներից կարելի՞ է մի բան դուրս բերել, երբ ակնհայտ է երեք բան. ա) հանրային բարիքը շորթված է և չի աշխատում պետության համար, բ) ԵՏՄ-ն որպես գլոբալ ինտեգրացիոն միավորում ոչ թե նպաստում է ներքաղաքական ու տնտեսական զարգացումներին, այլ վնասում է, գ) մեր ոչ ներքին, ոչ արտաքին անվտանգության հարցը չի լուծվում, որովհետև ներքին ու արտաքին անվտանգության մեկ պայման կա՝ դա առողջ, կուշտ և արդարությանը հավատացող ժողովուրդն է, որն ուզում է աշխատել իր երկրում: Հիմա հարկային, մաքսային ու դատական համակարգերն այդ կետերի հետ որևէ կապ ունե՞ն: Այդ 12 կետերի մեջ կա՞ պահանջ անջատել դատական համակարգն ու դարձնել անկախ: Բնականաբար չկա, որովհետև դա ոչ մեկին ձեռնտու չէ, որովհետև այսպես թե այնպես, շոշափվում են այն կետերը, որոնք կողմնակիորեն կարող են դառնալ կամ սպեկուլյացիայի առարկա, կամ շահույթի առարկա:
Այս պայմաններում զարգացումները դեպի ո՞ւր կարող են տանել:
Մինչ բոլորը զբաղված էին քաղաքական ու տնտեսական բրոքերությամբ, աճպարարություններով, տարբեր տիպի իզմերով, ճամբարակառուցումներով, նաև տարբեր տիպի լավ գաղափարների այլասերություններով, բաց թողեցին մի շատ կարևոր հատված՝ Հայաստանում մեծացավ անկախ սերունդ, որը լուծել է հայրեր ու որդիներ սերնդափոխության խնդիրը և բացարձակապես մերժել է հայրերի կեցույթը՝ կառավարելու համակարգը, պետության համակարգը, ընտանեկան հարաբերությունների համակարգը: Նրանք հիմա կամաց-կամաց մտնում են մրցունակ քաղաքական տարիք:
Դուք երիտասարդների ո՞ր հատվածը նկատի ունեք, որովհետև մենք տեսել ենք նույն երիտասարդ հանրապետականներին, որոնք իրենց ավագներից ավելի առաջ չեն:
Դուք երիտասարդ հանրապետականներին տեսել ենք ՀՀԿ-ական լոզունգները կրկնելիս: Ինձ չեն հետաքրքրում այն երիտասարդները, որոնց մենք տեսել ենք, ինձ հետաքրքրում են այն երիտասարդները, որոնց մենք լսում ենք: Նրանք անում են լավ պոեզիա, կազմակերպում են լավ ֆլեշմոբներ, նկարում են սքանչելի նկարներ, լավ երգեր են գրում: Վերջին ամիսներին, անկեղծ ասած, ես հենց այդ երիտասարդներին եմ լսում ու ապշում եմ, թե ինչքան շատ են նրանք:
Այնուամենայնիվ, ներքաղաքական գործընթացները կարո՞ղ են տանել արտահերթ ընտրությունների:
Աստված հեռու տանի, որ Հայաստանում արտահերթ գործընթացներ լինեն, որովհետև Հայաստանում հեղափոխության տնտեսական ռեսուրս չկա: Խնդրել, որ որևէ օլիգարխ անի անորոշ ելքով հեղափոխություն, անիմաստ է: Նա իր ողջ ուժը ներդրել է, որ այդ գումարները ձեռք բերի, իսկ հիմա հայտնի չէ, թե այդ գումարների ներդրումից կլինի՞ արդյոք հեղափոխություն, և հետո այն կարկանդակը, որ ինքը կստանա, կհավասարակշռի՞ արդյոք ունեցած կորուստները: Այսինքն՝ երբ մենք խոսում ենք հեղափոխության արհեստական առաջացման մասին, ես դա համարում եմ ոչ իրատեսական: Այստեղ մի վտանգ կա. այնուամենայնիվ Ռուսաստանը գնում է դեպի փլուզում, մարդիկ կարող են արագացնել այս հեղաշրջումը, որպեսզի մինչև ՌԴ փլուզում իրենք լինեն Հայաստանի այն էլիտան, որի հետ բանակցելու է Արևմուտքը: Այ դա է շատ խնդրահարույց, որովհետև ոչ կոմպետենտ շրջանակներին գալիս են փոխարինելու նրանցից ոչ պակաս «կոմպետենտ» շրջանակները: Իսկ մեզ՝ թեկուզ պետական բանակցությունների ու այլընտրանքային ելքերի, ԵՏՄ-ից դուրս գալու համար, պետք է ճգնաժամային մենեջմենթ: Այսինքն՝ եթե իշխանությունն ընդհանրապես մի բան պատկերացնում է, իր թևքում պետք է պահի երիտասարդ պրոֆեսիոնալների ճգնաժամային մի խումբ, որն ամեն վայրկյան կարող է պետք գալ: Կարող են բերել նաև սփյուռքից: Այդ ճգնաժամային մենեջմենթի խումբն իսկապես պիտի պատրաստ լինի, որովհետև մենք պետություն կորցնելու իրավունք չունենք: Պետությունը ազգի գոյության միակ մշակույթն է 21-րդ դարում, գաղթօջախով ազգ չկա: Դրա համար պետությունը փրկելու համար պետք է պետության փրկարար ծրագիր: Նրանք պետք է լինեն 4-5 լեզու իմացող, ամեն մեկն իր պրոֆեսիայի տեր, ամեն մեկը հակակոռուպցիայի երաշխիքներ ունեցող, որոնք կկարողանան փրկել պետության մնացած բեկորները, հակառակ դեպքում կունենանք Առաջին հանրապետության պատմությունը, երբ «կառավարությունն առավ փողերն ու փախավ»: Անկեղծ ասած, այն ժամանակ էլ պետական շատ փող չկար, հիմա էլ չկա, բոլոր փողերն անձնական են, ինչը ևս խնդիր է:
Հուրախություն մեզ և ի տխրություն ոմանց, աշխարհում արդեն կա ներքին պայմանավորվածություն, որը գործում է պուտինյան սխալ քայլերից հետո: Ի դեպ, Պուտինը շատ վնասեց ծպտված դիկտատորներին, փող լվացողներին, որովհետև եթե մինչ այդ միջազգային հանրությունը հանդուրժում էր նման պրակտիկան, հիմա խիստ բարկացել է: Հիմա կա հստակ պայմանավորվածություն, որ ոչ մի կոռումպացված կեղտոտ փող չթողնել դրա տիրոջ մոտ: Դրա վառ օրինակներն են Քադաֆին, որի 30 մլրդ դոլարը բանտարկել են, Յանուկովիչը և այլք: Դեռ շատ կլինեն նման վառ օրինակներ, եթե ասենք որևէ մեկի կարողությունը 30 մլրդ դոլար չէ, դա դեռ չի նշանակում, որ այդ փողերը չեն դառնալու լծակ: Բոլոր փողերը թափանցիկ են դառնում, և թափանցիկ փողի ֆենոմենը շատերին է բարկացնում, որոնք միանգամից հիշում են սեփականության իրավունքի մասին: Իհարկե, բոլորն ունեն հարուստ լինելու իրավունք, բայց շատերը մոռանում են, որ խոսքը օրինական հարուստ լինելու մասին է: Ոչ օրինական հարուստ լինելու իրավունքն արդեն իրավունք չէ, այլ օրինախախտում:
Հարցզրույցը Սիրանույշ Պապյանի