Lragir.am-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Իշխանության ներկայացուցիչների մի հատված կա, որ ԸՕ նախագծի վերաբերյալ ունի մտահոգություններ և ընդդիմադիրներին առաջարկում է, օրինակ, պայքարել, որ բոլորին նույնականացման քարտ տան, ինչը շատ հարցերի պատասխան կտա։ Դուք այս օրերին մասնակցում եք ԸՕ-ի շուրջ իշխանության կազմակերպած քննարկումներին, տեսնո՞ւմ եք քաղաքական կամք ձեր առաջարկներն ընդունելու առումով։
Նախ արհեստական եմ համարում, երբ ասում են՝ միացրեք առաջարկները։ Իհարկե, այս անգամ հույս ունեմ՝ ընդդիմությանը կհաջողվի մեկտեղել առաջարկները, թեկուզ կլինեն տարբեր առաջարկներ տարբեր քաղաքական ուժերի կողմից, որոնք միգուցե ընդհանուր փաստաթղթում չընդգրկվեն։ Բայց իշխանությունը չէ, որ պետք է դրանով մտահոգված լինի։ Իշխանությունը պետք է մի խնդիր լուծի, որ բոլոր առողջ ու առանցքային առաջարկները հաշվի առնի և անկախ ընդդիմությունից և անկախ փորձագետներից, ստանա այնպիսի ընտրական օրենսգիրք, որը տալիս է այնպիսի մեխանիզմներ, որը հնարավորություն կտա վերահսկել ընտրությունները և բացառել բոլոր տեսակի ընտրակեղծարարությունները։
Այսօրվա թիվ մեկ խնդիրն ընտրակեղծարարության մեջ կրկնակի քվեարկություններն են, իսկ ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծում որևէ մեխանիզմ չկա բացառելու համար դրանք, կամ գոնե այն անհրաժեշտ պայմանները, որոնք հիմք կստեղծեն ընդդիմության կողմից ընտրությունները վերահսկելու համար։ Եթե ավելի գլոբալ ասեմ, ապա պետք է առանց ընդդիմության վերահսկման այնպիսի մեխանիզմ ստեղծեն, որով հնարավոր կլինի վերահսկել նորմալ ընտրությունների անցկացումը, որովհետև դա պետության գործառույթն է։
Այդպիսի առաջարկներ մենք անում ենք։ Օրինակ մատնահետքով էլեկտրոնային գրանցման մեխանիզմը։ Իսկ զուտ էլեկտրոնային գրանցման մեխանիզմը, որի մասին խոսում է իշխանությունը, հավատացեք, դա ոչինչ չտվող մեխանիզմ է։ Ես հույս չունեմ, որ այն կարևորագույն կետերը, որոնք հնարավորություն կստեղծեն բացառելու ընտրակեղծարարությունը, իշխանությունը կընդունի։ Իհարկե, ասենք, 10 առաջարկից կարելի է վերցնել մի քանիսը, որոնք կարևոր են, բայց ոչ էական, ընդունել ու ասել՝ տեսեք, ընդառաջ ենք գնում ընդդիմությանը։ Խոսքը առնվազն երկու կարևորագույն կետերի մասին է. ընտրացուցակների մաքրում, մատնահետքով էլեկտրոնային գրանցում։ Հավատացած եղեք, որ եթե մատնահետքով էլեկտրոնային գրանցման հնարավորություն ստեղծենք, ապա գրեթե անհնար կդառնան կրկնակի քվեարկությունները։ Իհարկե, ես կարող եմ շարադրել նաև, թե ինչպիսի մեխանիզմ ներդրվի մատնահետքով գրանցմանը զուգահեռ, որպեսզի հնարավոր չլինի կրկնակի քվեարկությունը։ Մյուս կարևոր կետը ցուցակների մաքրումն է, իրական ցուցակների հրապարակումը, քանզի եթե ցուցակները համադրել հնարավոր չէ, եթե հնարավոր չէ վերահսկել ցուցակները, այդ դեպքում էական չէ՝ էլեկտրոնային է գրանցումը, թե ոչ։
Այսօր նաև իմ ընդդիմադիր գործընկերները շատ են խոսում ազատ և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու մասին, բայց ես ոչ պակաս կարևոր եմ համարում ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած այնպիսի կարևոր հոդվածների առկայությունը, որոնք նույնիսկ տեսականորեն արդար ընտրությունների դեպքում էլ հետագայում ԱԺ-ում բավական խոչընդոտներ են ստեղծելու զուտ ժողովրդավարության առումով։ Օրինակ՝ ընտրական օրենսգրքի նախագծի 97-րդ հոդվածն այնպիսի մեխանիզմ է ներդնում, որ ԱԺ անցած կուսակցությունները կարող են կոալիցիա ձևավորել միայն առաջին 2 տեղերը զբաղեցրած ուժերից մեկի հետ։ Այդ երկու առավելագույն ձայներ հավաքած ուժերը, օրինակ, կարող են ստացած լինել 40 տոկոս, ու ստացվում է, որ մնացած 60 տոկոս ձայն ստացած քաղաքական ուժերին միասին հանդես գալու հնարավորություն չի տրվում։ Սա ժողովրդավարության առումով ուղղակի անթույլատրելի է։ Բոլորը կարծես կենտրոնացել են ընտրությունների կազմակերպման մեխանիզմների վրա, բայց թե ինչ է մատուցում ընտրական օրենսգրքի այս նախագիծը, այդ մասին չի խոսվում։
Մյուս խնդիրն այն է, որ այս ընտրությունները չի կարելի համարել համամասնական։ Որքան էլ փորձեն սա ներկայացնել որպես համամասնական, բայց կա շատ պարզ սահմանում. համամասնական ըտրակարգի ժամանակ պետք է ամբողջ պետությունը դիտարկվի որպես մեկ ընտրատարածք, և բոլոր սահմանված ընտրատարածքներում պետք է քվեարկվի միևնույն ցուցակը։ Հայաստանը դաշնային պետություն չէ և պետք չէ մատնանշել այն երկրների օրինակները, որտեղ գործում են այլ չափորոշիչներ։ Խոսքը չի վերաբերում նրան, թե որն է ճիշտ՝ համամասնականը, թե մեծամասնականը, այլ նրան, որ ՀՀ սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ԱԺ-ն պետք է ձևավորվի համամասնական կարգով, իսկ ներկայացված ընտրական օրենսգիրքն այդպիսին չէ՝ սրանում հստակ նշված է, որ ընտրական տարածքներից յուրաքանչյուրում, բացի համապետական ցուցակից, քվեարկվելու են նաև առանձին ցուցակներ։ Այսինքն Հայաստանը բաժանված է 13 ընտրատարածքի, թեկուզ այդ բաժանումն էլ է արհեստական, բայց եթե մեկ համամասնական ցուցակ դիտարկվի, այդ դեպքում քիչ էական կլինի, թե ինչպիսի բաժանում է արված։ Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ անգամ այդ բաժանումը հարմարեցված է այս կամ այն մարդուն, որպես կանոն, ոչ քաղաքական գործիչներին։
Ռեյտինգային քվեարկության մասով ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։
Իմ ասածը չի բացառում ռեյտինգային քվեարկությունը, թող մնա ռեյտինգային քվեարկությունը, ես անգամ կողմ եմ դրան, որովհետև այդկերպ քաղաքացին զուտ ժողովրդավարության իմաստով, հնարավորություն է ունենում ինքը փոփոխություններ անել կուսակցությունների ներկայացրած ցուցակներում, այսինքն քաղաքացին կարողանում է մասնակցել կուսակցությունների ցուցակներում թեկնածուների հորիզոնականների փոփոխությանը։ Դա շատ առողջ և ժողովրդավարական մոտեցում է։ Բայց ես առաջարկում եմ, որ ամբողջ Հայաստանում քվեարկվեն նույն ցուցակները, որից էլ քաղաքացին կընտրի նաև առանձին անձանց, ոչ թե ամեն տարածքում առանձին ցուցակ լինի։ Կամ ինչ է նշանակում, երբ ասում են բացառել ենք, որ երեք ուժից ավելի կոալիցիա կազմեն, որպեսզի շատ խայտաբղետ չլինի, սա առնվազն լուրջ չէ։
Մեզ մտահոգում է նաև ընտրատեղամասերում լրագրողների և դիտորդների թվի սահմանափակումը։ Ուղղակիորեն անթույլատրելի է նման սահմանափակում դնելը, որովհետև գաղտնիք չէ, որ մեզ մոտ ցանկացած ընտրական հանձնաժողովի նախագահ, որը որպես կանոն իշխող կուսակցության ներկայացուցիչ է, միշտ կարող է ապահովել 8 ցանկալի լրատվամիջոցի ներկայացուցչի ներկայություն, իսկ այն անաչառ լրատվամիջոցի ներկայացուցչի աշխատանքը, որը պետք է փորձի նաև ընդդիմության տեսանկյունից ներկայացնել ընտրության ընթացքը և տեղի ունեցող գործընթացը, ուղղակիորեն բացառել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում կան մոտ 2 տասնյակ տաք կետեր, որտեղ ամենից շատ ընտրախախտումներ են տեղի ունենում։ Այդ տեղամասերում կարելի է ապահովել 8 ցանկալի լրատվամիջոցի ներկայություն՝ ընդ որում 2-ական կամ 3-ական նույն լրատվամիջոցից, ու ասել, որ այլևս այստեղ հնարավոր չէ նոր լրագրող մտնի։ Մենք առաջարկում ենք այդ սահմանափակումը հանել։ Իսկ եթե իշխանությունը պնդում է, որ այդ դեպքում արհեստականորեն կլցվեն լրատվամիջոցների 25 ներկայացուցիչներ, մենք առաջարկել ենք այդ տեղամասերում ընդգրկել այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք աշխատող են, այսինքն՝ վերջին մի քանի ամիսներին սոցիալական վճարներ են կատարել։ Այս մեխանիզմը կարելի է կիրառել։
Մյուս խնդիրը՝ ոչ մի կերպ հասկանալի չէ, թե ինչու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին արգելվում է իրացնել դիտորդական առաքելություն. ումից ինչ թաքցնելու խնդիր ունենք։ Այս ամենը հանգեցնում են ընտրությունների ոչ թափանցիկ կազմակերպմանն ու անցկացմանը։
Պարոն Քոքոբելյան, ի՞նչ եք կարծում, ընդդիմադիրների՝ ԸՕ-ի վերաբերյալ մեկ ընդհանուր առաջարկների փաթեթ ներկայացնելն ավելի արդյունավետ կլինի՞, թե առանձին-առանձին։
Կարծում եմ՝ ավելի արդյունավետ կլինի, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանան իրենց մոտեցումները մեկտեղել կարևորագույն կետերի հետ կապված, գոնե երեք-չորս կետեր կան, որ կարծես թե բոլորը պնդում են։ Իսկ այն կետերի շուրջ, որ չեն համաձայնվի, կարող են առանձին-առանձին ներկայացնել ԱԺ։
Հարցազրույցը՝ Սիրանույշ Պապյանի