Հայաստանը որևէ պահանջ չի կարող ներկայացնել Եվրամիությանը՝ համագործակցության նոր փաստաթղթի բանակցություններում, որոնք մի քանի օր է պաշտոնապես մեկնարկել են: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք բաց թողեցինք այնպիսի հնարավորություն, ինչպիսին Ասոցացման համաձայնագիրն էր, բայց միաժամանակ ակնհայտ է, որ թե՛ Եվրոպական, թե՛ հայկական կողմը հստակ պատկերացնում են, որ կարիք կա նոր փաստաթղթի, որի անվանումը դեռևս չկա: Այն ամրագրվելու է տնտեսական և քաղաքական համագործակցություն, իր մեջ ներառելու է Ասոցացման նախկին համաձայնագրից ոչ դուրս կետեր, ամփոփելու է բոլոր ձեռքբերումները, որոնք եղել են բանակցային գործընթացում»,- նշեց պատգամավորը:
Խաչատուր Քոքոբելյանը շեշտեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող նոր փաստաթուղթը ունենալու է հաջողություն, որովհետև Հայաստանն այս փուլում գտնվում է աշխարհաքաղաքական կարևորագույն դիրքում:
«ԵՄ հետ համագործակցելու մեր հիմնական խոչընդոտը կապված էր Եվրասիական տնտեսական միության, ռուսական արտաքին քաղաքականության հետ, բայց քաղաքականությունը փոխվել է ու ՌԴ-ն հիմա չի խոչընդոտի մեր համագործակցությանը, որովհետև, ինչպես ժողովուրդն է ասում, այսօր այդ պահը չէ: Ռուսաստանը հիմա ամեն ինչ անում է՝ համագործակցության նոր հնարավորություն ստեղծելու արտաքին աշխարհի հետ, ոչ թե հակադրվելու դրան»,- մասնավորեցրեց Խաչատուր Քոքոբելյանը:
Ինչ վերաբերում է իշխանությունից հնչող կարծիքներին, թե սա այն «և-և» քաղաքականությունն էր, որը որդեգրել էր Հայաստանը, ԱԺ պատգամավորն ասաց, որ դրանք «լավ օրից չեն»:
«Բնության մեջ կան բնական պրոցեսներ, որտեղ «և-և»-ը չի աշխատում: Այստեղ էլ չաշխատեց: Սա վիճահարույց հարց չէ: Պարզապես հիմա կա օրենսդրական քաղաքականություն, որ Հայաստանը չի կարող հակադրվել ԵՏՄ-ին և ունենալ դրան հակասող քաղաքականություն: Սա ամենևին «և-և» քաղաքականությունը չէ»,- նշեց Քոքոբելյանը՝ հույս հայտնելով, որ խանգարող հանգամանքներ ի հայտ չեն գա և Հայաստանը ԵՄ հետ նոր փաստաթուղթ կստորագրի: