Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Երևանի Մամուլի Ակումբի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից մայիսի 13-15-ը Աղվերանում կազմակերպած «Տարածաշրջանային զարգացումները և դրանց անդրադարձը ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վրա» խորագրով սեմինարի ընթացքում հանդես եկավ «Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հեռանկարները» զեկույցով: Ստորև ներկայացնում ենք զեկույցն ամբողջությամբ:
Հարգելի գործընկերներ,
2013թ․ սեպտեմբերի 3-ի բոլորիս հայտնի իրադարձությունից հետո ակնհայտ դարձավ մեկ իրողություն՝ ՀՀ-ն շուրջ 3 տարի բանակցելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ և հաջողությամբ ավարտելով այդ բանակցությունները մեկ օրում ջուրը լցրեց այն բոլոր հնարավորություններն ու զարգացման հիմքերը, որոնք անկասկած մեզ ընձեռվելու էին վերոնշյալ պայմանագրով և կատարեց ակնհայտ հետքայլ՝ հայտարարելով Եվրասիակն տնտեսական միությանը՝ իսկ իմ խորին համոզմամբ՝ Ռուսաստան-Ղազախստան միությանն իր անդամակցության մասին։
Գաղտնիք չէ, որ ես ի սկզբանե դեմ եմ եղել ՀՀ-ի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Հայաստանի ապագան տեսնում է Եվրամիությունում՝ դա մեր կուսակցության ծրագրային դրույթներից է:
Ի սկզբանե ուզում եմ շեշտել, որ չկան հեռանկարներ այնպիսի միությունում, որը մեզ ոչ թե հնարավորություններ է ընձեռել, այլ հասցրել է տնտեսական և քաղաքական բլոկադայի։ Սա ակնհայտ իրողություն է և այդ միությանը ՀՀ-ի մեկ տարուց էլ ավելի անդամակցության ամեն օրն ենք մենք տեսնում իմ ասածների ապացույցները։
Հստակ է, որ մեր ընդդիմախոսների այն երկու իբրև թե ծանրակշիռ փաստարկները՝ անվտանգության երաշխիքներ և տնտեսական զարգացում, ի չիք դարձան։
2015թ․ հունվարի մեկից, ինչ ՀՀ-ն պաշտոնապես դարձավ ԵԱՏՄ անդամ, մինչ օրս դիտարկելով ՀՀ տնտեսական վիճակն ու առևտրաշրջանառության տեմպերը ԵԱՏՄ երկրների հետ, բախվում ենք մի իրողության հետ, որ այս ընթացքում ՀՀ տնտեսական բոլոր ցուցանիշները նվազել են, շեշտակիորեն կրճատվել են ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները: Համաձայն ՀՀ Վիճակագրական ծառայության 2015թ․հետազոտությունների արտահանումը կրճատվել է 4.7%-ով, ընդ որում, արտահանումը հատկապես նվազել է դեպի ՌԴ` 28.1%-ով և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներ՝ Բելառուս՝ 41.9%-ով, Ղազախստան՝ 30.1%-ով: Ներմուծումը 2015թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նվազել է 26.2%-ով: Ակնհայտ է, որ ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությունը ոչ միայն տնտեսական զարգացում չապահովեց, այլ ՀՀ-ն տարավ տնտեսական մեկուսացման՝ նվազեցնելով օտարերկրյա ուղղակի ներդրումները, զրկեց Եվրամիության շուկայի հետ տնտեսական համագործակցության հեռանկարներից։
Նկատենք, որ մինչև ԵԱՏՄ մտնելը դեպի ԵՄ մեր արտահանումը մոտ 2 անգամ գերազանցում էր դեպի ՌԴ արտահանման ծավալները, բայց ԵԱՏՄ մտնելուց հետո այդ տարբերությունը փոքրացել է, չհաշված 2015 թվականը, երբ նավթի գները կտրուկ նվազեցին ու սկսվեցին Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները։ Գլխավոր եզրակացությունը, սակայն, շարունակում է մնալ նույնը՝ ԵԱՏՄ մտնելուց հետո նվազել է մեր առևտրաշրջանառությունը ինչպես ԵՄ-ի այնպես էլ Ռուսաստանի հետ։
Ավելորդ չեմ համարում նաև խոսել այն հնարավորություններից, որը մեզ կտար ԵՄ-ի հետ Խորը համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը։ Ի դեպ այդ հնարավոր հեռանկարների մասին վկայող հետազոտությունները ինչպես նաև բանակցվող համաձայնագիրը իշխանությունները խնամքով գաղտնի էին պահում հասարակությունից՝ իհարկե բոլորիս հասկանալի պատճառներով։
Այսպիսով, համաձայն Եվրոպական հանձնաժողովի պատվերով Սոցիալական և տնտեսական հետազոտությունների կենտրոնի (CASE – Center for Social and Economic Research) կատարած հետազոտության՝ Խորը համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի գործունեությունից շահելու էր թե՛ Հայաստանը և թե՛ ԵՄ-ն։ Երկարաժամկետ հեռանկարում ակնկալվում էր ազգային եկամուտի աճ, որը ԵՄ-ի դեպքում կազմելու էր 74 մլն եվրո, իսկ Հայաստանի դեպքում կրկնակի՝ 146 մլն. եվրո։ Ստացվում է, որ այս պարագայում Հայաստանում ունենալու էինք ՀՆԱ-ի 2,3% աճ։ Ակնկալվում էր նաև Հայաստանի առևտրային հաշվեկշռի հարաբերական բարելավում։ Հայաստանյան ապրանքների արտահանման ծավալները աճելու էին 15,2%, իսկ ներմուծմանը՝ 8,2%։ Ակնկալվում էր նաև սպառողական ապրանքների գների նվազում, սրան զուգահեռ տեղի էր ունենալու աշխատավարձերի 2,6% աճ, ինչն էլ ենթադրում է ՀՀ քաղաքացու եկամուտների աճ։ Սա միայն տնտեսական մասից որոշ հնարավորությունները, քաղաքական համագործակցության առումով էլ բնական է, որ շատ մեծ ու դրական հնարավորություններ էին մեզ համար բացվելու։
Մյուս հիմնական փաստարկը, որ ԵԱՏՄ անդամակցության փուլում բերում էին մեր ընդդիմախոսները, այն էր, որ անդամակցելով այդ միության մենք կունենանք երաշխավորված անվտանգություն։ Սակայն, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության նկատմամբ սանձազերծած քառօրյա պատերազմը ցույց տվեց նաև այդ փաստարկի անգործությունը։ Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի և ՀՀ-ի դեմ Ադրբեջանը կիրառեց այն զենքերը, որոնք գնել էր ու այսօր էլ շարունակում է գնել մեր ԵԱՏՄ անդամ-գործընկերներից։ Ադրբեջանի զինտեխնիկայի ձեռքբերման 80%-ը բաժին է ընկնում մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ին, երկրորդ տեղում՝ ԵՏՄ անդամ Բելառուսն է։ Ավելին՝ բացի այն, որ ՌԴ-ն մինչ օրս ՀՀ-ին չի տրամադրել 200 մլն․ վարկային պայմանագրով նախատեսված զինտեխնիկան, ՀՀ-ն նաև լինելով ԵԱՏՄ անդամ զրկված է զենք ձեռք բերելու այլընտրանքներից։ Նկատի ունեմ այն հանգամանքը, որ ԵԱՏՄ պայմանագիրը ՀՀ-ին ուղղակիորեն պարտադրում է ցանկացած երրորդ կողմից զինամթերքի ձեռք բերման դեպքում 18 % հավելյալ վճարում կատարել ընդհանուր միութենական բյուջե: Կան նաև հետ ստանալու մեխանիզմներ, բայց դրանք համադրելի թվեր չեն: Այսինքն՝ եթե ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ չլիներ, օրինակ, մեր դեմ կիրառվող ռուսական «Սմերչի» դեմ մենք կարող էինք Չինաստանից համարժեք զենք ձեռք բերել: Հիմա ստիպված ենք դրա համար հավելյալ 18 % վճարել:
Անընդհատ շեշտվում է, որ սա տնտեսական միություն է, բայց տեսնում ենք, որ սա զուտ քաղաքական, ռուսական իշխանություններին հարմարեցված միություն է: Դրա ամենավառ ապացույցը եղավ այն, որ պատերազմից հետո, սպասարկելով Ադրբեջանի շահը, ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստը տեղի չունեցավ Երևանում, ինչպես նախատեսված էր: Երևանյան նիստի չեղարկումը պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ ռազմական գործողությունների ֆոնին նիստի անցկացումը Երևանում կնեղացնի Ադրբեջանին։ Փաստացիորեն, ՀՀ-ի, ԼՂՀ-ի և համայն հայության համար այս օրհասական պահին ԵԱՏՄ անդամ-պետությունները նման քայլով սպասարկեցին այդ կառույցի անդամ չհանդիսացող Ադրբեջանի քաղաքական շահը՝ ոտնահարելով այդ կառույցի լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության պետական շահը։ ԵԱՏՄ անդամ-պետությունների նման պահվածքն անընդունել է և ևս մեկ անգամ վկայում է, որ այն ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ ոչ արդյունավետ տնտեսա-քաղաքական միություն է։
Այսքանից հետո հասկանալի է դառնում, որ մենք, լինելով ԵԱՏՄ անդամ, յուրահատուկ շրջափակման մեջ ենք: ԵԱՏՄ-ն ես ոչ թե հնարավորություն եմ համարում, այլ՝ մարտահրավեր: Այդ միության անդամ լինելով՝ մենք սահմանափակում ենք մեր տնտեսական զարգացումը, նաև անվտանգության այլընտրանքային մոտեցումների հնարավորությունը:
Հենց այս ամենն է պատճառը, որ ԵԱՏՄ-ին, նաև ՀԱՊԿ-ին անդամակցությունն ես համարում եմ տոտալ բլոկադա Հայաստանի համար։ Մենք որևէ աջակցություն չենք ստանում այս կառույցներից, փոխարենը սահմանափակվում են Հայաստանի այն հնարավորություններն ու իրավունքները, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն, և որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, պարտավոր է ժամ առաջ իրացնելու։ Հայաստանը, դաս քաղելով նաև ապրիլյան ծանր քառօրյա պատերազմից, ժամ առաջ պետք է փնտրի իր տնտեսական ու ռազմաքաղաքական այլընտրանքները։ Շատերն են պնդում, որ Հայաստանն այլընտրանք չունի։ Ուզում եմ շեշտել, որ այլընտրանքները ստեղծվում են, ոչ թե նվիրվում, իսկ այլընտրանք կա, ուղղակի Հայաստանը պետք է հստակ քայլեր իրացնի այդ այլընտրանքն ունենալու ուղղությամբ։
Հայաստանը պետք է ժամ առաջ ձերբազատվի այդ տոտալ բլոկադայից՝ ռազմաքաղաքական ու տնտեսական, որը մեր երկիրը պատանդի կարգավիճակի է հասցրել։ Եւ հենց այդ նպատակն հետապնդելով եմ ես ԱԺ ներկայացրել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու մասին նախաձեռնությունը՝ հիմք ընդունելով վերը նշված բոլոր օբյեկտիվ փաստարկները և հաշվի առնելով, որ հեռանկարներ մեզ համար կբացվեն միմիայն ԵԱՏՄ-ից դուրս։ Ես հավատում եմ Հայաստանի Հանրապետության ապագային:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ