Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցեր է ուղղել տեղեկանալու, թե ՀՀ տնտեսությունը և հատկապես արտահանողները որքան են տուժել 2014թ. վերջին և մինչ օրս արտարժույթի շուկայում տիրող անկայուն վիճակի` մասնավորապես ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը:
- Արդյո՞ք ՀՀ կառավարությունն իրականացրել է համապատասխան ուսումնասիրություններ պարզելու համար, թե այս ժամանակահատվածում ռուբլու արժեզրկման պատճառով ինչքան վնաս է կրել ՀՀ տնտեսությունը և հատկապես հայաստանյան արտահանողները:
Արտաքին տնտեսական գործոններով պայմանավորված ռիսկերը գործնականում սրվեցին և դրսևորվեցին 2014թ-ի տարեվերջին, մասնավորապես, երբ Ռուսաստանի Դաշնության արժույթը` ռուբլին արժեզրկվեց շուրջ 70 տոկոսով, իսկ տնտեսկան աճը ՌԴ-ում 2014թ-ին գրանցվեց 0.6 տոկոս, իսկ տարվա համար կանխատեսվում է առնվազն 3 տոկոս անկում:Նշվածներով պայմանավորված, բնականաբար, ոչ միայն Հայաստանի, այլ ՌԴ բոլոր գործընկերների մոտ նկատվում է արտահանման նվազում: Ինչ վերաբերում է ՀՀ-ից ՌԴ արտահանողների կրած վնասների գնահատականներին, ապա հայտնում եմ, որ դժվար է նման գնահատականներ տալ, քանի որ նկատվում է արտահանողների աշխարհագրության փոփոխություն և 2014թ. արդյունքներով ավելացել է ոչ հիմնական գործընկեր երկրներ արտահանող ապրանքների ծավալները` ընդհանուր արտահանման մեջ կշիռը աճեցնելով շուրջ 7,7 տոկոսային կետով: Այսինքն, ՌԴ պահանջարկի անկման պայմաններում և փոխարժեքի արժեզրկմամբ պայմանավորված գնային ոչ բարենպաստ միջավայրը արտահանողների համար խնդիր է առաջացնում նոր շուկաներ հայտնաբերելու համար, ինչը արդեն իսկ տեղի է ունեցել 2014թ. արդյունքներով: Եթե փորձենք ընդհանրական գնահատել ՀՀ-ից ՌԴ արտահանման նվազման հնարավոր ազդեցությունը ՀՆԱ-ի վրա, ապա կարող ենք նշել, որ ՀՀ-ից ՌԴ արտահանման կշիռը ՀՆԱ-ում 2014թ-ին կազմում է շուրջ 3 տոկոս` նվազելով շուրջ 0,5 տոկոսով: Նշված գնահատականի չափով նշանակում է, որ Հայաստանի արտահանողները ունեցել են եկամուտների ստացման հետաձգում` մինչև նոր շուկաներ արտահանում իրականացնելը, որը ևս որոշակի ջանք և նյութական միջոցներ կպահանջի արտահանողներից, ինչը նույնպես վնասի դրսևորում է:
Այժմ մեր արտահանողների և արտաքին գործընկերների միջև բանակցային շարունակական գործընթացներ են ընթանում` կապված պայմանագրային հարաբերությունների(հատկապես` գնանշումների մասով) վերանայման կամ վերահաստատման ուղղությամբ: Ընդ որում պետք է նկատի ունենալ նաև այն, որ իրավիճակները տարբեր են` պայմանավորված արտահանման շուրջ պայմանավորվածությունների առարկայով, բնույթով, ժամկետայնությամբ, ծավալներով և այլն: Հետևաբար այս տեսանկյունից ևս միանշանակ ազդեցության գնահատականներ տալը դեռևս վաղաժամկետ է:
- Ի՞նչ քայլեր է իրականացնում Կառավարությունը այդ վնասները մեղմելու համար:
ՌԴ կանխատեսումների համաձայն, մինչև 2015թ-ի առաջին կիսամյակ ՌԴ տնտեսական աճի նվազումը կարագանա, որից հետո աստիճանաբար բացասական աճը կմեղմվի: Նշվածով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով 2015թ-ի առաջին ամիսների օպերատիվ տվյալները, կարող ենք նշել, որ դեպի ՌԴ արտահանման ծավալների վերականգման միտումները, որոշակի չափով համահունչ կլինեն ՌԴ ներմուծման և տնտեսական աճի միտումներին: Այսինքն, ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման ծավալների վերականգնման հարաբերականորեն դրական զարգացումներ կարելի է սպասել 2015թ-ի երկրորդ կիսամյակից հետո: Նշենք նաև ՀՀ-ից ՌԴ արտահանման կառուցվածքում տեղի է ունենում կառուցվածքային փոփոխություններ, որի մանրամասն վերլուծությունը կիրականացվի առաջին եռամսյակի ամփոփ տվյալների արդյունքներով:
Միաժամանակ ՀՀ կառավարությունը, ՀՀ ԿԲ հետ համատեղ իրականացնում է սցենարային վերլուծություններից բխող գործողությունների շարք, որոնք ուղղված են ֆինանսական կայունության պահպանմանը և արտադրողների/ արտահանողների ռիսկերի նվազեցմանը: Խնդիրն առավելապես ոչ թե կոնկրետ ժամանակաշրջանում հավանական վնասների մեղմումն , այլ` հետագա ռիսկերի կառավարելիության մակարդակի բարձրացման և արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցության առավելագույնս թուլացման մեջ է, այդ համատեքստում քաղաքականության հիմնական խնդիրը արտադրողականության ու մրցունակության բարձրացմանը նպաստելն է` ներդրումային հոսքեր ապահովելու, առևտրի խոչընդոտները վերացնելու, գործարար ակտիվությունը խթանելու, ինչպես նաև աջակցող ենթակառուցվածքի ձևավորման միջոցով:
- Արտահանման նոր շուկաներ գտնելու ուղղությամբ ի՞նչ գործողություններ են իրականացվում ՀՀ Կառավարության կողմից:
Արտահանման աճին միտված քաղաքականությունը մշտապես եղել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, հետևողականորեն իրագործվում է ՀՀ-ում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, որի հիմքում ընկած է արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի զարգացմանն աջակցման միջոցով տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնումը` շեշտադրելով մշակող արդյունաբերության զարգացումը, արտադրատեսակների և արտահանման շուկաների դեվերսիֆիկացումը: Նախանշված հեռանկարային ոլորտների(գինեգործություն, ոսկեգործություն, ժամագործություն, ադամանդագործություն, դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, թեթև արդյունաբերություն) առնչությամբ իրականացվում են ոլորտային գործողությունների ծրագրերը: Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության ծավալները տարեցտարի ընդլայնվում է:
Միաժամանակ, ՀՀ կառավարության որոշմամբ արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամները միաձուլման ձևով վերակազմակերպմամբ ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամը, որի խնդիրներից է արտահանման խթանումը, իսկ հիմնական գործառույթներից` արտահանման ներուժ ունեցող ոլորտների և դրանց թիրախային շուկաների բացահայտումը, արտահանողների` «մեկ կանգառի կենտրոն» սկզբունքով սպասարկումը, շուկաների մասին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացներին մասնակցությունը և համագործակցությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կազմակերպումը, պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության և համագործակցության շարունակական կատարելագործմանը նպաստելը, համատեղ ծրագրերի իրականացումը և այլն:
- Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինչքանո՞վ են կրճատվել արտահանման ծավալները ՀՀ-ից դեպի ռուսական շուկա և հատկապես ո՞ր ապրանքատեսակների մասով:
2013-2014թ.թ. IV եռամսյակների ընթացքում ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալները ներկայացվում են ստորև բերված աղյուսակում:
մլն. դրամ
2013թ. | 2014թ. | Աճի %-ը | |
Հոկտեմբեր | 13,207
| 14,043
| 106,3
|
Նոյեմբեր | 14,934 | 11,884 | 79,6 |
Դեկտեմբեր | 12,426 | 11,919 | 95,9 |
Միաժամանակ հայտնում ենք, որ 2014թ-ի նոյեմբեր ամսվա արտահանման ծավալների կրճատումը կապված է հիմնականում ադամանդի, կոնյակի, ծխախոտի հումքի, խեցգետնակերպերի և ոսկերչական իրերի, իսկ դեկտեմբեր ամսվանը` կոնյակի, կոմպրեսորային կայանի, ձկնեղենի և խեցգետնակերպերի արտահանման ծավալների կրճատման հետ:
Հարգանքներով` Վաչե Գաբրիելյան
ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ