Ընտրական օրենսգրքի հարցում ընդդիմադիր ուժերը պետք է բոլոր հնարավոր միջոցներով միավորվեն և թույլ չտան, որ փաստաթղթում ընդգրկվեն եղած խայտառակ կետերը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Ոչ թե մոռանալով, այլ մի կողմ դնելով բոլոր խնդիրները՝ պետք է զբաղվեն ԸՕ-ի խայտառակ կետերը թույլ չտալով, որպեսզի այն տարբերակը, որը կգնա խորհրդարան, լինի առավելագույնս անաչառ և իր գործունեության համար նպատակահարմար, որովհետև այդ փաստաթուղթը աշխատում է ներկա պահին ընդդիմության դեմ»,-ասաց նա:
Անուշ Սեդրակյանը նման միավորումը ոչ միայն հավանական է համարում, այլ տեսնում է բոլոր ուղիները, մեթոդիկան և նշում՝ մնում է միայն քաղաքական կամք:
«Ուրիշ բան չկա, հին ԸՕ-ի բոլոր խութերը մարդիկ արդեն գիտեին, և յուրաքանչյուր նոր փաստաթուղթ՝ սովորական քաղաքացուն խճճելու է: Ընդդիմության խնդիրը համակարգել, ուղղորդելն է»,-ասաց նա:
Թե որ ուժերին է տեսնում միավորման մեջ, քաղաքական գործիչը նշեց, թե նրանց, ովքեր ունեն հստակ քաղաքական հայեցակարգ:
«Մեր քաղաքական ուժերը ժամանակին շարժվել են քաղաքական ամբիցիաներով, ժամանակն է արդեն շարժվել քաղաքական հայեցակարգով: Նրանք, ովքեր հստակ կհնչեցնեն քաղաքական հայեցակարգը և դրա հետ մեկտեղ էլ կտան լուծման մեխանիզմները, կունենան հստակ շանս»,-ասաց նա:
Անուշ Սեդրակյանը նշեց, որ 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են լինելու:
«Ընտրություններն անցնում են խիստ լարված աշխարհաքաղաքական գեոպոլիտիկ հանգույցներում, և մենք այլևս չենք կարող ունենալ դակիչ խորհրդարան, մանավանդ, որ եթե նախագահն էլ պնդում է, որ սա իշխանության լծակների սահմանափակում է, ապա այդ սահմանափակումը պետք է լինի մտածող մարդկանցով, ոչ թե մարդկանցով, որոնք հարմար կլինեն իշխանությանը»,-ասաց նա:
Անդրադառնալով բուն ԸՕ-ի նախագծի անընդունելի կետերին, Անուշ Սեդրակյանը համաձայնեց, որ նոր ռեյտինգային տարբերակը՝ մեծամասնականի քողարկված տարբերակն է և ավելացրեց, թե ըստ էության համակարծիք է նաև այն հնչեցված մտքի հետ, որ ընտրում են թաղի տղայի և ոչ թե քաղաքական ուժ:
«Քաղաքական հայեցակարգը ընտրական հիմնական անկյունաքար չի լինում, մարդիկ կենտրոնանում են անձերի վրա։ Տեղից էլ ՀՀ-ի քաղաքականությունն անձնակենտրոն էր, հիմա դա ամրագրվում է օրենքով: Դա մի կետ է, որը շատ մտահոգիչ է և խնդրահարույց»,-ասաց նա:
Երկրորդ կետը ըստ նրա՝ լրագրողների և տեսախցիկների սահմանափակման հարցն է:
«Այս սահմանափակումը հասկանալի է՝ ինչ փաթեթավորմամբ է ներկայացվում Վենետիկի հանձնաժողովին, որ իբրև թե տեղամասերում խժդժոց էլ չլինի, բայց մենք հասկանում ենք, որ իշխանական ընտրատեղամասեր կան, որտեղ կատարվում են հիմնական զեղծարարությունները և իշխանությունը, սահմանափակելով լրագրողների թիվը, բացառում է անկախ ժուռնալիստների ներհոսքը, այն լրագրողների, որոնք հեշտությամբ կարող են մուտք գործել ընտրատարածք և իրականացնել իշխանությանը անախորժ գործունեություն: Սա էլ է շատ լուրջ հարց, որը պետք է քննության ենթարկել»,-ասաց նա:
Հաջորդ հարցը վերաբերվում էր ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը:
«Ի՞նչ է՝ դժվա՞ր է ընտրացուցակների հրապարակումը, որին ի դեպ, դեմ չէ Վենետիկի հանձնաժողովը, որ դրանք թե ընտրություններից առաջ, թե ընտրություններից հետո հրապարակվեն: Տեխնիկապես հեշտ լուծելի հարց է, և այդ հարցից հրաժարվելն ակնհայտ ունի քաղաքական աստառ, և դրան լուծում է պետք տալ»,-ասաց նա: