Նախօրեին սոցիալական ցանցերում բավական քննարկվեց ու քննադատվեց ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀՀՇ-ի, «Ազատ դեմոկրատների», Միավորված աշխատանքային կուսակցության հանդիպումները նախագահական ապարատում եւ Սերժ Սարգսյանի հետ ձեռքսեղմումները: Քննադատողները հիմնականում ՀԱԿ-ի եւ առաջին նախագահի համակիրների շրջանակից էին: Հանդիպումները եւ քննարկումները, հիշեցնենք, նվիրված էին սահմանադրական բարեփոխումներին: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ այդ քննադատությունները, որակումներն ու պիտակավորումները, հաճախ անգամ վիրավորանքի հասնող, Ձեզ շա՞տ են կաշկանդել, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Ընդհանրապես»: Նա ասաց, որ իբրեւ ազատական քաղաքական ուժ՝ իրենք միշտ կողմնակից են եղել հարցերի հրապարակային եւ թափանցիկ քննարկումներին, իսկ ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հարցն այնպիսի կարեւոր օրակարգային հարց է ՀՀ քաղաքացիների համար, որի առիթով իրենք չեն կարող բաց ու հրապարակայնորեն չներկայացնել սեփական տեսակետները:
«Մենք երբեւիցե չենք հայտարարել, որ կողմնակից ենք սահմանադրական փոփոխություններին: Ավելին, միշտ նշել ենք, որ Հայաստանում առկա խնդիրները Սահմանադրությունից չեն բխում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ իրենք բազմիցս են հայտարարել այն մոտեցումը, որ Հայաստանի համար առավել նախընտրելի են համարում ամբողջական խորհրդարանական համակարգը:
«Ազատ դեմոկրատների» համար քննության չի ենթարկվում այն, որ Հայաստանում կան կոռուպցիա, դատական համակարգի թերություններ, ոչ հավասար մրցակցային պայմանների ապահովում եւ այլն, բայց. «Այլ խնդիր է, որ կարող է լինել ավելի հստակ Սահմանադրություն: Օրինակ՝ եթե Սահմանադրությամբ ամրագրվի, որ նախագահները երկու անգամից ավելի, ոչ թե անընդմեջ, այլ առհասարակ, չեն կարող առաջադրվել, ապա Հայաստանի քաղաքական համակարգն այս վիճակում, իմ խորին համոզմամբ, չէր լինի: Թեկուզ մեր կուսակցության ծրագրային կետերից է խորհրդարանական համակարգին անցումը, բայց կարծում եմ, որ թե’ նախագահական, թե’ խորհրդարանական համակարգերի դեպքում էլ կարելի է արդյունավետ կամ ոչ արդյունավետ աշխատել: Աշխարհում դրա փորձը կա: Նախագահականի արդյունավետ համակարգ է ԱՄՆ-ը, պառլամենտականը՝ Գերմանիան, ոչ արդյունավետ ես կհամարեի Իտալիայի փորձը, որտեղ միեւնույն քաղաքական խումբն ու վարչապետը հնարավորություն են ունենում երկարաժամկետ իշխանավարելու: Այս առումով մենք ունենք մեր առաջարկները՝ թե՛ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, թե՛ դատական համակարգի տարանջատման, թե՛ պաշտոնավարման ժամկետների եւ այլնի մասին: Մենք երբեւիցե չենք խորշել՝ ներկայացնելու մեր տեսակետները, այս պահին էլ կրկնում ենք՝ եթե քաղաքական մեծամասնությունը որոշում է կայացրել, իսկ որոշումն արդեն կայացվել է, որ գնում ենք սահմանադրական փոփոխությունների, ապա չի կարելի անմասն մնալ այդ քաղաքական եւ իրավական կարեւորագույն փաստաթղթի քննարկումներից»:
Մի կողմ քաշվելն ու սեփական մոտեցումները չներկայացնելն, ըստ Խաչատուր Քոքոբելյանի, նշանակում է նպաստել քաղաքական մեծամասնությանը ձեռնտու փաստաթղթի ընդունմանը. «Գործընթացին չմասնակցելը մոտեցումները չներկայացնելը, նույնն է, թե թողնել բարձիթողի վիճակում: Ընդհանրապես ինձ համար անհասկանալի են կրավորական դիրքորոշմամբ մոտեցումները կամ հայտարարությունները, որ բովանդակային առումով մասնակցություն չեն ունենալու: Իմ կարծիքով՝ պետք է մասնակցություն ունենալ եւ մոտեցումները ներկայացնել: Որեւէ լղոզված բան խոստումնալից արդյունքների չի կարող բերել»:
Ի վերջո, «Ազատ դեմոկրատները» «կո՞ղմ» է, թե՞ «դեմ» սահմանադրական բարեփոխումներին՝ վերջնական կարծիք կհրապարակեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դրվելիք նախագծի հրապարակումից հետո, քանզի չիմանալով, թե ինչի մասին է խոսքը, անհեթեթ են համարում «կողմ» կամ «դեմ» լինելը:
Հարցին՝ մասնակցելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներին՝ չի՞ նշանակում լեգիտիմացնել իշխանությունների՝ վերարտադրվելու հավակնությունները, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Ենթադրենք՝ քաղաքական ուժերն ու հասարակական կառույցները չեն մասնակցում որեւիցե քննարկման: Բայց միշտ էլ կլինեն քննարկողներ, ու լեգիտիմության-ոչ լեգիտիմության խնդիր չկա: Չմասնակցելով՝ քեզ զրկում ես գործընթացի վրա ազդեցություն ունենալու հնարավորությունից ի սկզբանե: Տվյալ դեպքում՝ բավական կարեւորագույն հարցի վերաբերյալ: Քաղաքական ուժերի հիմնական գործառույթը քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալն է, ուստի ինձ համար անհասկանալի են հակառակ մոտեցումները: Չմասնակցելն էլ տեսակետ է, բայց իմ կարծիքով՝ անարդյունավետ մոտեցում է»:
Իսկ ի՞նչ տպավորություններ են ստացել Ազատ դեմոկրատները Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից ու զրույցից՝ իշխանությունն առա՞ջ է մղելու ամեն կերպ վերարտադրման գործընթացը, թե՞ մոտեցումներում վերանայումները հնարավոր են, մասնավորաբար՝ հրաժարվել խորհրդարանական համակարգին անցնելուց: Նկատենք, որ ՀՀԿ ԳՄ նիստից հետո էլ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց՝ խորհրդարանի դատին ներկայացվելու է սահմանադրական բարեփոխումների երկու հայեցակարգ: Երեկ էլ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը վերահաստատել էր իր մոտեցումը՝ կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ՝ տարակուսելով խորհրդարանական համակարգի արդյունավետության մասով: Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ նախագահի հետ զրույցից պարզ է դարձել, որ խորհրդարանին կներկայացվի երկու փաստաթուղթ՝ մեկը՝ նախագահական, մյուսը՝ խորհրդարանական համակարգով: «Քաղաքական գործընթացները կախված են քաղաքական ուժերից, եւ եթե քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմությունը, ճիշտ ու արդյունավետ մոտեցումներ ցուցաբերեն, կարելի է նաեւ շատ արդյունքների հասնել: Դա ակնհայտ իրողություն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Նելլի Գրիգորյան