«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Պարոն Քոքոբելյան, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, հայտարարել է, որ այնթույլատրելի է ծանր տեխնիկայի կիրառությունը: Ինչպես գիտենք դեկտեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանը տանկեր է կիրառել: Կարո՞ղ է արդյոք պետքարտուղարության այս հայտարարությունը զսպաշապիկ լինել Ադրբեջանին:
Անշուշտ, շատ տեղին և ճիշտ ժամանակին արված հայտարարություն էր, և դա ոչ միայն սովորական հայտարարություն էր, այլև հստակ գնահատական վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից մերթընդմերթ ծավալվող ռազմական գործողություններին: Ես երբեք չեմ խուսափել այդ բառն օգտագործելուց, որովհետև եթե այդ գործողությունների ընթացքում հրետանակոծություն է լինում և խաղաղ բնակչության շրջանում զոհեր ենք ունենում, ապա դա արդեն ռազմական գործողություն է: Եւ կարծում եմ, որ սա այն քիչ դեպքերից է, երբ միջազգային հանրության շահագրգիռ կարևորագույն հատվածը՝ նկատի ունեմ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, պետք է ավելի լուրջ և ուշադիր հետևեն նման գործողություններին: Ցավալի է, իհարկե, որ շփման գծում տանկերի օգտագործման առնչությամբ գնահատականները միայն արևմուտքից են հնչում: Ավելին, պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանից բացի, ես կավելացնեի նաև ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որտեղ նա ուղղակի հանդես էր եկել պահանջով, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ճեպազրույցով հանդես գա և ներկայացնի մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես, թե ինչն է պատճառը, որ մինչ այսօր չի հաջողվում դիպուկահարներին հեռացնել շփման գծից: Այդ նախաձեռնությանն արդեն իսկ իրենց ստորագրություններով միացել են մի քանի տասնյակ կոնգրեսականներ: Սա խոսվում է այն մասին, որ արդեն ընկալվում է միջազգային հարթակներում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը սոսկ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, այլ դա շատ լուրջ խնդիր է, որի նկատմամբ ոչ բավարար ուշադրությունը հնարավորություն է տալիս այն կողմերին, որոնք շահագրգիռ չեն տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, վերածել այս խնդիրը շատ ակտիվ և տարածվող կոնֆլիկտի: Միշտ պնդել եմ, և այժմ էլ կրկնում եմ, որ ԼՂ հիմնախնդրին լրջագույն չմոտենալու դեպքում հնարավոր է, որ այդ կոնֆկլիկտը տարածվի ամբողջ Կովկասով, և Կովկասը վերածվի մի նոր Սիրիայի: Իհարկե, Աստված մի արասցե, նման զարգացումներ, բայց դրանք կանխելու ամենամեծ ու կարևորագույն հարցը միջազգային և պատկան մարմինների՝ այդ թվում նաև ԱՄՆ պետքարտուղարության, նմանատիպ գնահատականները և դրանց հաջորդող գործողությունները պետք է լինեն: Այսինքն ես ակնկալում եմ, որ այս հայտարարությանը պետք է նաև հաջորդի Մինսկի խմբի գնահատականը և ճիշտ աշխատանքը կողմերի հետ, որովհետև մինչ այս պահը նրանք հավասարության նշան են դրել կողմերի միջև, թեև մտածելով, որ այդպես կոնֆլիկտը չի զարգանա, սակայն հավասարության նշան դնելը, ռազմական գործողությունների սանձազերծմանն ու դիվերսիային հստակ գնահատականը չտալը հնարավորություն է տալիս ադրբեջանական կողմին ավելի առաջ տանել իրենց այդ կեցվածքը: Իսկ վերջին հայտարարության մնան գնահատականներն առաջին հերթին կանխարգելիչ հանգամանք կարող են հանդես գալ նման գործողություններին:
Երեկ Պաշտպանության փոխնախարարը մեզ հետ զրույցում նշեց, որ մենք արդեն հասել են այն վտանգավոր գծին, որից այնկողմ լայնամաշտաբ պատերազմական գործողություններն են: Որքանո՞վ ենք մենք արդեն այդ սահմանագծին և որքանո՞վ է հնարավոր, որ սկսվեն լայնամաշտաբ պատերազմական գործողություններ:
Բնականաբար համակարծիք եմ Պաշտպանության նախարարության այդ տեսակետի հետ, բայց կուզենայի ավելացնել, որ նոր չէ, որ մենք հասել ենք այդ սահմանագծին՝ դեռևս անցած տարվա օգոստոսին հաշված ժամերի ընթացքում կարող էին ծավալվել պատերազմական գործողություններ: Ցավոք սրտի, այո, դա կա, և դա պայմանավորված է նաև աշխարհաքաղաքական զարգացումներով: Եվ ես չեմ կարող չնշել, որ այս դեպքում ինձ համար անընդունելի է և տարօրինակ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի պահվածքը, որովհետև նույնիսկ այս պայմաններում գաղտնիք չէ, որ քննարկում եղավ Բաքվում Լավրովի հետ: Այսինքն ԼՂ հիմնախնդրի լուծման այլ տարբերակ կա, կարծես թե, և ոչ հայանպաստ և որն առաջ է մղվում Ռուսաստանի կողմից, որպեսզի Ադրբեջանին ներգրավեն ԵՏՄ գործընթացների մեջ, ինչը մեր շահերից չի բխում: Եվ նույնիսկ այս ծանր իրավիճակում մինչ այս պահը մեր ռազմավարական գործընկերոջ կողմից որևիցե պատշաճ գնահատական չի հնչել:
Պարոն Քոքոբելյան, հնարավո՞ր է արդյոք, որ այս լարվածությունը պայմանավորված լինի առաջիկայում սպասվելիք Սարգսյան-Ալիև հանդիպմամբ, երբ կողմերից մեկը փորձի ավելի ուժեղ ներկայանալ բանակցություններին:
Բնականաբար, չի կարելի բացառել, որ նաև այդ երանգը կա, բայց հիմնականը դա չէ և նաև այն չէ, երբ շատերը պնդում են, թե սա ռուս-թուրքական հարաբերությունների հետ են կապված, քանզի ռուս-թուրքական լարվածությունը հաշված օրերի հարց է, իսկ մինչ այդ էլ, երբ նրանք շատ լավ հարաբերություններ ունեին, հայ-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկայնքով կար խիստ լարվածություն: Ուղղակի ադրբեջանական կողմը մինչ այս պահը, քանի որ միջազգային հարթակներում հավուր պատշաճի գնահատականներ չէին տրվում, կամ մեղմ էին այդ գնահատակնները, օգտվելով առիթից անընդհատ փորձում էր ապացուցել, որ Մինսկի խումբը իրեն սպառել է, ընդ որում այդ կարծիքը ես չեմ կիսում և կարծում եմ, որ դա լավագույն ֆորմատն է ԼՂ խնդիրը լուծելու: Ադրբեջանն ուզում է այս կերպ ցույց տալ, որ այս հարաբերական կայուն բանակցային իրավիճակը իրենց չի բավարարում և այդ պատճառով անընդհատ լարումների է գնում, և ես չեմ կապում դա ո՛չ սպասվելիք հանդիպուների, ո՛չ էլ ռուս-թուրքական հարաբերությունների հետ:
Այսինքն Ադրբեջանի նպատակը Մինսկի խմբի փոփոխությո՞ւնն է:
Այո, ինչպես նաև Ադրբեջանը նմանատիպ սադրանքների և ագրեսիայի միջոցով լուծում է ներքին խնդիրներ, չմոռանանք, որ մինչ այդ իրենց մոտ ընտրական պրոցեսներ էր: Ադրբեջանը նման գործողություններ սանձազերծելով երկու նպատակ է հետապնդում՝ մեկը ներքին քարոզչության համար, որպեսզի իր քաղաքացիներին մեսիջ ուղարկի որ իրենք պատրաստ են իրագործելու ԼՂ-ի հետ կապված իրենց հայտարարած, բայց ոչ հիմնավորված պլանները:
Երկրորդը՝ միջազգային հանրությանն ուղղակի հստակ հասկացնում են, որ իրենց չի բավարարում այդ վիճակը և Մինսկի խմբի գործունեությունը:
Տեսանյութը՝ այստեղ:
Հարցազրույցը՝ Սիրանույշ Պապյանի