Ազատ Դեմոկրատներ Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին` կմիանա՞ն արդյոք հունվարի 19-ին նախանշված «Ելք» դաշինքի երթին` ընդդեմ թանկացումների, ասել է.
«Չենք քննարկել այդ հարցը: Կարծում եմ` բոլորն էլ թանկացումների դեմ բողոքում են, բոլորն էլ դժգոհ են թանկացումներից և ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել: Առաջարկ ստանալու խնդիր չկա, մենք` որպես քաղաքական ուժ, կքննարկենք և մեր ուժի ներկայացուցիչները նաև ազատ են ցանկացած երթի մասնակցելու և իրենց դիրքորոշումը ներկայացնելու, մենք այդպիսի խոչընդոտներ, խնդիրներ չունենք»:
Tert.am-ի հարցին`ի՞նչ են կարծում, երթը հանրահավաքային պայքարի կվերածվի՞, թե՞ կսահմանափակվի մեկ օրով, և արդյոք կապ ունի, թե ով է ուղղորդելու հանրային բողոքը, Անժելա Խաչատրյանը պատասխանել է. «Մեզանում արդեն իսկ այդ բոլոր տեսակի շարժումներն այնքան են, ցավոք, վարկաբեկվել, որ մարդիկ անգամ չեն հավատում երթերին, հավաքներին, և մտածում են` ով է ուղղորդելու, ով է ֆինանսավորելու։ Այսինքն` այդ խնդիրը՝ հանրահավաքային մշակույթը քաղաքականության մեջ վարկաբեկվել է, ցավոք, բայց ընդհանուր առմամբ, եթե կա բողոք, բողոքը արտահայտվում է տարբեր ձևերով: Չգիտեմ, ես չեմ կարող գուշակություններ անել՝ ինչպես կստացվի: Լավ կլինի, որ ևս մեկ անգամ քաղաքացիների վստահությունը կամ բողոքի ձայնը չօգտագործվի ի շահ այլ բաների ու այլ դիվիդենտների»:
Պատրաստեց Անահիտ Հակոբյանը