«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
-Ըստ Ձեր ունեցած դիտարկումների՝ անցած տարվա համեմատ Հայաստանից արտահանումն ընթացիկ տարում ի՞նչ փոփոխություններ կկրի, մասնավորապես, այն կշարունակի՞ նվազել, թե՞ Դուք հնարավոր եք համարում, որ այն կաճի:
– Եթե նայելու լինենք միայն պետական վիճակագրության տվյալները, ապա 2015թ. հունվար-դեկտեմբերին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին ապրանքաշրջանառության ծավալները նվազել են 20,6 տոկոսով (4 միլիարդ 740,9 մլն ԱՄՆ դոլար), իսկ արտահանումը 3,9 տոկոսով (1 միլիարդ 486,9 մլն դոլար), իսկ սա շատ մեծ կշիռ է Հայաստանի համար: Այստեղ նաև շատ կարևոր եմ համարում, որ արտահանման ծավալների նվազումից բացի շուրջ 26,5 տոկոսով (3 միլիարդ 254 մլն դոլար) նվազել է ներմուծումը, ինչը շատ վատ ցուցանիշ է տնտեսության համար: Դա նշանակում է, որ Հայաստանում տնտեսությունն այն վիճակում է, որ ուղղակի ներմուծվող ապրանքները ոչ թե չեն ներմուծվում ի հաշիվ տեղական արտադրանքի, որովհետև շատ լավ կլիներ, որ տեղական արտադրությունն այնքան բարձր լիներ, որ դրսից չներմուծեինք: Այս նվազումը երկու գործոնով է պայմանավորված. առաջին՝ ՀՀ սպառողը կորցրել է գնողունակությունը և երկրորդ, որն ավելի վտանգավոր է՝ արտագաղթն է և ներմուծման ծավալների նվազման վրա այս երկու գործոնն էլ մեծ ազդեցություն են ունեցել: Բայց այստեղ կա նաև մի շատ էական խնդիր, եթե նայում ենք ՀՀ տնետեսության խճանկարը, ապա տեսնում ենք, որ տեղական բիզնեսմենները հիմնականում զբաղված են եղել վաճառելով, այսինքն դրսից ապրանքներ են ներմուծվել և վաճառել՝ սկսած առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներից մինչև ամենալայն սպառման ապրանքատեսակները: Մինչ այս պահը կառավարությունները և այսօրվա կառավարությունն այնպիսի տնտեսական դաշտ է ստեղծել, իսկ գիտենք, որ տեսական դաշտը ձևավորում են տնտեսական օրենքները և կառավարություններն իրենց ֆիսկալ քաղաքականությամբ, որ Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվողներին ձեռնտու է եղել միայն վաճառելը, քան արտադրությամբ զբաղվելը: Այսինքն, ֆիքսելով այս հանգամանքը ակնհայտ է դառնում, որ մինչ այս պահը մենք ունեցել են սխալ տնտեսական քաղաքականություն, որը գալիս է դեռևս նախկին կառավարություններից: Պետք է ուղղակի գիծ քաշել և նոր կոնցեպտուալ փոփոխություն անել և ստեղծել այնպիսի տնտեսական դաշտ, այնպիսի հնարավորություններ ստեղծել տնտեսվարողների համար, որ նրանց ավելի շատ ձեռնտու լինի արտադրել և արտահանել, այլ ոչ թե ներմուծել: Այդ գլոբալ, առանցքային փոփոխությունը մինչև չարվի, ավելորդ կլինի խոսել արտահանման ծավալների մեծացման և ընդհանրապես տնտեսության զարգացման մասին: Եւ այստեղ պետք է նաև հաշվի առնել, թե ինչ տեսակի ապրանքներ պետք է մենք կարողանանք արտադրել, իսկ այդ ուսումնասիրությունը պետք է կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը վաղուց իրականացրած լիներ: Պետք է այնպիսի ապրանքներ արտադրենք, որոնք կարող են մրցունակ լինել եվրամիության և արևմտյան շուկաներում: Իսկ ինչու հենց այնտեղ, որովհետև որևէ լավատեսական հիմք չկա կարծելու, որ կարող է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ռուսական շուկան բարելավվի և այնպիսի գներ առաջանան այնտեղ, որ հայկական արտադրանքն իրացնելը ձեռնտու լինի: Իսկ տնտեսության՝ հատկապես Հայաստանի պես երկրի տնտեսության համար, մեկ կամ երկու տարին ուղղակի կենսական նշանակության խնդիր է և ազգային անվտանգության հարց: Եթե չենք կարողանալու զարգացնենք տեղական արտադրությունը և ՀՀ-ում նոր աշխատատեղեր ստեղծենք, ապա չենք կարողանալու աշխատատեղերով ապահովել մեր քաղաքացիներին, ինչն էլ բերում է արտագաղթի աղետալի մակարդակի: Այսինքն ՀՀ տնտեսության ներկայիս վատթար վիճակը ոչ միայն զուտ տնտեսական խնդիր է, այլ բառացիորեն ազգային անվտանգության հարց: Եթե սա չգիտակցվի և լրջորեն չմոտենանք այս հարցին, և միայն քննարկումների մակարդակում մնա այս խնդիրը, ապա սա հղի է շատ վատ հետևանքներով:
Իսկ ինչ վերաբերում է 2016-ից զուտ տնտեսական առումով սպասելիքներին, ապա նույնիսկ այն պատկերը, որ ցույց է տալիս Ազգայի վիճակագրական ծառայությունը, արդեն իսկ խոսուն է և փաստում է այն մասին, որ 2016թ.-ը շատ ծանր տարի է լինելու:
– Ձեր կարծիքով, արտահանումը խթանելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել:
– Բոլորովին վերջերս կառավարությունը արտահանման աջակցման խորհուրդ ստեղծեց, սակայն ես համոզված եմ, որ ինչքան էլ խորհուրդներ ստեղծվեն, բավարար չեն, քանի դեռ կոնցեպտուալ փոփոխություն չի արվել: Նախ նշենք, որ մինչ այս պահը արտահանման ծավալները մեծացնելուն ուղղված քայլերը բավարար չեն եղել, իհարկե, կատարվել են նաև անհրաժեշտ քայլեր՝ նկատի ունեմ կառավարության ստեղծած նոր գործիքակազմը, բանկային համակարգում որոշակի արտոնություններ, որոնք խթանում են արտահանումը, բայց միևնույն է այդ բոլորը բավարար չէ արտահանման ծավալները մեծացնելու համար: Մինչ այս պահը նաև հույս էին հայտնում, թե ԵՏՄ կազմ մտնելով ՀՀ-ում արտադրվող ապրանքների արտահանման ծավալները կավելանան, անթաքույց նաև հայտարարում էին, թե մեր ապրանքների մեծ մասը մրցունակ չէ եվրոպական շուկայում և միայն ռուսական շուկայում այն կարող ենք իրացնել, թեև ես այդ կարծիքը չեմ կիսում: Սակայն հաշվի առնելով ռուսական տնտեսության խեղդվող վիճակը, շատ կանխատեսելի էր, որ պետք է արտահանման ծավալները շեշտակի նվազեին, և ակնհայտ է, որ ուղղակի սին էին բոլոր այն հույսերը, թե ռուսական շուկայում նոր հնարավորություններ կբացվեն արտահանման համար: Բառացիորեն մի քանի օր առաջ էլ գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան արգելվեց պայմանավորված դաբաղ հիվանդությամբ, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ դա Ռուսաստանի կողմից հաճախակի կիրառվող մեթոդ է: Արտահանման ծավալները մեծացնելու և հուսալի լինելու միակ ճանապարհը մրցունակ այնպիսի արպրանքատեսակների արտադրության կազմակերպումն է, որոնք կարող են իրացվել եվրամիության շուկայում: Եւ պետք է եվրոպական շուկայի ճիշտ թիրախավորում արվի, հստակեցվի, թե ինչպիսի ապրանքներն են այնտեղ պահանջված: Նույն բարձր տեխնոլոգիաների ոլորտում այն ծրագրերը և նախագծերը որ ստեղծվում են Հայաստանում, բնականաբար, արտահանվում են ոչ թե Ռուսաստան-Ղազախստան միություն, այլ եվրոպական, արևմտյան շուկա:
– Անցած տարի գինի, կոնյակ արտադրողները սովորականից շատ խաղող են մթերել: Այստեղ գործարարն ու կառավարությունը ի՞նչ պետք է անեն, որպեսզի արտադրանքը հնարավոր լինի իրացնել` հատկապես դրսում:
– Գինի և կոնյակ արտադրողներն անցած տարի սովորականից շատ խաղող մթերեցին, բայց գաղտնիք չէ, որ դա տեղի ունեցավ կառավարության միջամտությամբ, որը բիզնեսում միշտ չէ որ արդարացված է, բայց այս դեպքում մեր քաղաքացիներին ընդառաջ գնալու առումով կարևոր էր ու էական, և պետք է նաև շնորհակալ լինել այն գործարարներից, ովքեր ընդառաջեցին ու ավելի շատ խաղող մթերեցին: Բայց ակնհայտ է, որ եթե հույս ունենք, որ այդ գինին և կոնյակը պետք է իրացվի ռուսական շուկայում, ապա դա նշանակում է, որ ևս մեկ բեռ է ավելացել այդ գործարարների ուսերին: Պետք է կառավարությունը կարողանա նպաստել, որպեսզի այդ արտադրանքի համար նոր շուկաներ ձեռք բերվեն: Ընդհանրապես աշխարհում ընդունված տարբերակ է, որ կառավարությունն ու դեսպանությունները արտահանման նոր շուկաների ձեռքբերման ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: Կարծում եմ, ՀՀ դեսպանությունները պետք է զբաղվեն հատկապես ավանդական ապրանքատեսակների արտահանմանը նպաստող գործունեությամբ, որի ականատեսը մենք չենք լինում: Թերևս այդ առումով բացառություն էր Գերմանիայում ՀՀ դեսպանության անցած տարի կազմակերպված բիզնես հավաքը, որտեղ գերմանացի գործարարները հանդիպեցին ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող գործարարներին: Հենց այս ուղղությամբ ևս պետք է ակտիվացնել աշխատանքները, որպեսզի նոր շուկաներ բացվեն հայկական արտադրության համար:
– 2016 թվականի սկզբից նավթի միջազգային գները հերթական անգամ կտրուկ նվազեցին, ինչի արդյունքում, նույնքան կտրուկ սկսեց արժեզրկվել ռուսական ռուբլին, ըստ ձեզ, նման պայմաններում ռուսական շուկան կարո՞ղ է հայաստանցի արտադրողի համար մնալ գրավիչ, եւ ինչո՞ւ:
– Որևիցե մեկի համար գաղտնիք չէր, որ նավթի գների անկում է տեղի ունենալու, ծայրահեղ դեպքում այն գործիքները, որոնք ձևավորում են նավթի գինը և այդ գործիքների կիրառողները պատեհ և անպատեհ առիթներով հայտարարում էին, որ տեղի է ունենալու այն, ինչին մենք այսօր ականատես ենք լինում: Այդտեղ, այո, կա նաև քաղաքական գործոն, և հենց այդ առումով էլ զարմանալի որևէ բան չկա նավթի գների անկման մեջ: Բայց շատ զարմանալի է, թե ինչպես են կարողանում Ռուսաստանում հաշվի չառնել այդ փաստը և իրենց բյուջեում նավթի մեկ բարելի համար 60-ից բարձր արժեք գրել: Հայատանում, կարծում եմ բոլորն էլ պատկերացնում էին նավթի գնանկման հետևանքները և այս առումով, բնականաբար, այս տարի էլ ավելի անբարենպաստ է լինելու ռուսական շուկան, քանզի սրանից էլ ավելի վատ չի լինում: Ակնհայտ է, որ հենց այսօր հայկական ապրանքատեսակները ռուսական շուկայում գնային առումով մրցունակ չեն, իսկ թե այսուհետ ռուբլին ինչքանով կնվազի պակաս էական է, քանզի նվազելու դեպքում մեր ապրանքատեսակների ոչ մրցունակ վիճակն էլ ավելի է խորանալու: Հենց այդ առումով պետք է որևիցե հույս չկապել ռուսական շուկայի հետ: Ավելին, հենց հայկական շուկայում էլ մենք այսօր խնդիրներ ունենք՝ ռուսական շուկայից Հայաստան են մտել այնպիսի ապրանքներ, որոնք մինչ այդ կարող էին արտադրվել Հայաստանում և իրացվել այստեղ: Այսպես շարունակվելու դեպքում, օրինակ օղու արտադրությունն Հայաստանում անիմաստ կդառնա, թեկուզ այսօր էլ գրեթե անիմաստ է, որովհետև ռուսական քիչ թե շատ անուն ունեցող օղին ավելի էժան է, նույնը տեղի կունենա գինիների և գարեջրի շուկայի հետ, իսկ Հայաստանում կոնյակ խմողների տեսակարար կշիռն ավելի քիչ է և հիմնականում սպառվում է գինի, օղի և գարեջուր:
– Ըստ Ձեզ, Հայաստանից դեպի ԵՄ արտահանումը ՀՀ իշխանությունները ինչ-որ կերպ կարո՞ղ են խթանել, այսինքն, այս գործում արդյո՞ք առկա են խոչընդոտներ, որոնք պայմանավորված են ՀՀ կառավարության գործողություններով:
– Ամենամեծ սխալը, որը ՀՀ իշխանությունները կատարեցին, դա այն էր, որ մտանք Եվրասիական տնտեսական միություն: Ես բազմիցս եմ նշել, որ դա ոչ թե հնարավորություն էր, ինչպես ներկայացվում էր իշխանությունների կողմից, այլ դա ուղղակի մարտահրավեր էր, ինչի ականատեսն ենք այսօր: Եւ այդ առումով որպեսզի կարողանանք պահպանել եղած աշխատատեղերը, էլ չեմ ասում նորերի ստեղծման մասին, ՀՀ իշխանությունները, կառավարությունը պետք է արտահանող ընկերություններին նոր արտոնություններ տրամադրի և աջակցությունը պետք է չլինի միայն խոսքերով կամ տեխնիկական հնարավորություններ ստեղծելով: Պետք է կառավարությունը կարողանա բիզնես դաշտը ճիշտ թիրախավորելուց հետո հասանելի, ցածր տոկոսադրույքով վարկեր ապահովի և որոշակի հարկատեսակների ժամանակավոր հետաձգում արվի, որոնք պետք է լինեն շատ կայուն և երկարաժամկետ:
Եթե մենք պարտադրված ԵՏՄ-ում ենք, ապա դա պետք է ընդունել ի գիտություն և այս իրավիճակում ՀՀ-ն պետք է մշակի նոր ռազմավարություն կապված տնտեսական գործունեության հետ: Իհարկե, դա վաղուց պետք է արված լիներ, բայց այս պահին միակ ելքը դա է և այդ նոր ռազմավարության ամբողջ բովանդակությունը պետք է ուղղված լինի նպաստելու նոր շուկաներ գտնելուն: Ինչ է նշանակում ասել, թե մեր ապրանքը մրցունակ չէ Եվրոպայում, դա առնվազն անլուրջ մոտեցում է և նշանակում է, որ մենք նորմալ արտադրություն չունենք: Առաջին հերթին պետք է հնարավորություն տալ գործարարներին, որպեսզի կարողանան այնպիսի ապրանքատեսակներ արտադրեն Հայաստանում, որոնք մրցունակ կլինեն զարգացած շուկաներում, այլապես ՀՀ տնետսության զարգացման որևէ այլ երաշխիք չկա: Տնտեսության զարգացման միակ երաշխիքը զարգացած և մեծ շուկաներում հասանելի լինելն ու մրցունակ ապրանքներով ներկայանալն է: Իսկ ՀՀ-ում ավանդաբար նման ապրանքների արտադրություն եղել է, օրինակ նույն ծխախոտը ժամանակին մրցունակ է եղել արտաքին շուկայում: Ընդհանրապես կան ավանդական այնպիսի ուղղություններ, որոնք պետք է հարկերից ազատել, օրինակ նույն գինու արտադրությունը, կամ գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրումը, որովհետև մինչ այս պահը գյուղատնտեսական ապրանքների արտադրմամբ և մշակմամբ զբաղվող արտադրությունները, բացառությամբ մի քանիսի, գտնվում են խորհրդային տարիների մակարդակի վրա, այսինքն նոր տեխնոլոգիաների կիրառելիությունը ցածր մակարդակի վրա է, կամ բացակայում է:
Այսպիսով, կառավարությունը անհապաղ պետք է կատարի հետևյալ քայլերի շարքը՝ պետք է թիրախավորի Եվրամիության շուկան և ընդհանրապես նոր շուկաներ՝ ԵՏՄ-ից դուրս, գործուն քայլեր ձեռնարկի ցածր տոկոսադրույքով վարկերի հասանելիություն ապահովելու ուղղությամբ, տրամադրի արտոնություններ նոր տեխնոլոգիաների ներդրմանը արտադրության բոլոր ոլորտներում՝ առանց բացառության, և գլխավորը՝ մենաշնորհների և կոռուպցիայի վերացում:
Հարցազրույցը Սյունէ Համբարձումյանի