Ազատ Դեմոկրատներ Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը armtimes.com-ի հետ զրույցում անրադարձել է կուսակցության առաջիկա համագումարին առնչվող հարցերին:
Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, հարցին, թե ինչու մինչեւ հիմա չի կայացել համագումարը, պատասխանել է.
«Նախ ասեմ, որ որևէ խնդիր չկա համագումարի կայանալ-չկայանալու մեջ: Մենք ընդամենն ասել ենք, որ նախապատրաստվում ենք համագումարին, եւ այո՛, անելու ենք համագումարը: Նախապատրաստական աշխատանքներն արվել են արդեն: Պարզապես, ինչպես գիտեք, նոյեմբերին կարևորագույն արտաքին քաղաքական գործընթաց էր մեզ սպասվում, նկատի ունեմ նոյեմբերի 24-ին ստորագրված Եվրամիության հետ համաձայնագիրը: Ի սկզբանե ես ասել եմ, որ համագումարի ենք պատրաստվում՝ շեշտելով, որ կանենք այն ժամանակ, երբ արդեն հստակ լինեն բոլոր մարտահրավերները՝ արտաքին, ներքին քաղաքական գործընթացներն ամբողջականացված կլինեն, որպեսզի մենք կարողանանք քաղաքական հստակ օրակարգ ձևավորել: Հիմա մենք որոշակի դադար տվեցինք համագումարի անցկացման հետ կապված, որպեսզի այդ բոլոր գործընթացները անցնեն, հստակ ձևավորվի իրավիճակը: Այնպես որ առաջիկայում համագումարը կլինի, եւ մենք մանրամասնորեն կանդրադառնանք թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական խնդիրներին, թե՛ մարտահրավերներին, որոնք Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած են, եւ բնականաբար, կներկայացնենք կուսակցության դիրքորոշումը դրանց հետ կապված»,- պատասխանեց կուսակցության փոխնախագահը:
Ներքին քաղաքական դաշտում փոփոխությունների հետ կապված Խաչատրյանը հավելել է.
«Նոր և մեծամասշտաբ փոփոխություն, բնականաբար, չի լինելու: Ես կարծում եմ՝ որեւէ մեկը միամիտ չէ, եւ եթե մենք փոխում ենք քաղաքական կառավարման համակարգը, ապա չի նշանակում՝ փոփոխություն է տեղի ունենալու: Բնականաբար, 2018-ի ապրիլին, ըստ նոր Սահմանադրության, մենք ամբողջապես անցնում ենք կառավարման նոր համակարգի, բայց Հայաստանում էական փոփոխություններ չեն լինելու եւ դա արդեն տեսանելի է»:
Պատրաստեց ՀայԱրփի Բաղդասարյանը