Մեր զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Պարոն Քոքոբելյան, Ռուսաստանը բուռն արձագանքեց Արցախի ճանաչման վերաբերյալ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի օրինագծին կառավարության տված եզրակցությանը՝ նշելով, որ իրենց հետ չի քննարկվել, իրենք չեն իմացել այդ մասին։ Ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված Ռուսաստանի այս հայտարարությունը։
Ես միշտ նշել և հիմա էլ նշում եմ, որ ԼՂ անկախության ճանաչման գործընթացը ԼՂ և ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկն է, և մենք պետք է ամեն կերպ հետամուտ լինենք, որ ԼՂ անկախությունը միջազգային ճանաչման արժանանա։ Ես հեռու եմ այն մտքից, որ ԼՂ անկախության ճանաչումը կարող է բառացիորեն վերջ դնել բանակցային գործընթացին։ Իհարկե, կա մտավախություն, բայց այստեղ կարևորագույն խնդիր կա, որ չեմ կարող չնշել. մինչև ապրիլյան քառօրյա ծանր պատերազմը Հայաստանում բոլորովին այլ իրողություն էր ԼՂՀ հիմնախնդրի հարցում, այսինքն` արդեն այսօր՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերների ընկալման առումով միջազգային շահագրգիռ սուբյեկտների կողմից էական փոփոխություն է տեղի ունեցել։ Որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնել, որ Ռուսաստանի իմացությամբ է եղել այդ լայնածավալ հարձակումը, քանի որ առնվազն զորքերի էսկալացիան, որ տեղի է ունեցել, Ռուսաստանը չէր կարող տեղեկացված չլինել ոչ միայն հետախուզական ճանապարհով, այլ նաև արբանյակի դիտարկմամբ։ Այսինքն՝ ՌԴ լուռ համաձայնությամբ, ինչու ոչ՝ նաև աջակցությամբ են սկսվել այդ լայնածավալ պատերազմական գործողությունները։ Ինչու եմ ասում Ռուսաստանի աջակցությամբ, որովհետև պատմության մեջ չեք հիշի մի դեպք, որ ռազմավարական գործընկերը իմանա սպասվող հարձակման մասին և չհայտնի, կամ էլ դրան նախորդող ժամանակահատվածում հարձակողական սպառազինությամբ զինի իր ռազմավարական գործընկերոջ հակառակորդին, այն դեպքում, երբ այդ նույն գործընկերոջը նույնիսկ պարտավորությունների շրջանակում՝ նկատի ունեմ նաև 200 մլն վարկային պայմանավորվածությամբ նախատեսված զենքը չես հատկացրել։ Ավելին՝ պատերազմի այդ ծանր օրերին պաշտոնական մակարդակով էլ աջակցություն եղավ հենց մեր հակառակորդին՝ նկատի ունեմ Ռոգոզինի և նաև վարչապետ Մեդվեդևի ոչ ադեկվատ հայտարարությունները, որ իրենք շարունակելու են Ադրբեջանին զենք մատակարարել։ Սա առնվազն անհեթեթություն է։ Բառացիորեն արդեն բավ է, մեր և՛ պետական, և՛ քաղաքական էլիտան ուղղակի պարտավոր է ճիշտ եզրակացություններ անել այս իրողությունից և ադեկվատ լինել։
Ինչ վերաբերում է ԼՂՀ անկախության ճանաչման հետ կապված գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի կողմից հնչող հայտարարություններին, թե իրենք տեղեկացված չեն, ապա նախ ես դրանք առ ոչինչ եմ համարում, որովհետև բազմիցս առիթ ենք ունեցել հասկանալու, որ դա այդպես չէ։ Ռուսաստանն այստեղ ունի տարբեր ներկայացուցչություններ, այդ թվում դեսպանատուն, իսկ ԼՂՀ անկախության ճանաչման թեման ամենաքննարկվողներից էր քաղաքական հարթությունում։ Բնականաբար, նրանք մանրակրկիտ տեղեկացված էին ողջ գործընթացից։ Իսկ տեղեկացված չինելու մասին Ռուսաստանի հայտարարությունը պարզապես մեսիջ էր Ադբեջանին և միջազգային հանրությանը։
Ի՞նչ շահեց Ռուսաստանը ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողություններից։ Շահա՞ծ դուրս եկավ։
Ես փաստում եմ, որ Ռուսաստանը տեղեկացված է եղել ապրիլյան հարձակման մասին, որը չեն հերքում նաև ռուս պաշտոնյաները մասնավոր հանդիպումների ժամանակ։ Քննարկումներ եղել են նաև Ազգային ժողովում, որտեղ ռուս պաշտոնյաները չեն էլ փորձել հերքել, որ իրենք տեղեկացված են եղել։ Դա նաև անլուրջ կընկալվեր հակառակ կողմից։ Մենք բոլորս խոսում ենք այն մասին, որ Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին։ Թուրքիան Ադրբեջանի բնական դաշնակիցն ու գործընկերն է և պետք չէ զարմանալ ու զայրանալ այդ աջակցությունից, բայց Ռուսաստանը Ադրբեջանի բնական ռազմավարական գործընկերը չէ։ Այսօր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին աջակցելը չի բխում ՌԴ պետական բնական շահից։ Չեմ ուզում աշխարհքաղաքական մանրամասնությունների մեջ մտնել, բայց դա դասագրքային ճշմարտություն է, և եթե ուշադիր լինենք, որքան էլ շատ մասնագետներ պնդեն, որ Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցության փայլուն օրինակներ ունեն, իհարկե, ունեն, բայց որպես կանոն նրանց շահերը չեն համընկնում՝ հատկապես տարածաշրջանում։ Նույնիսկ եթե վերջին 200 տարվա պատմությունը դիտարկենք, շատ խոսուն փաստեր կան՝ սկսած պատերազմներից, տարածքների հետ կապված փոփոխություններից։ Այսինքն՝ Ռուսաստանի այսօրվա պետական քաղաքականությունը հօգուտ Ադրբեջանի ակնհայտ ցցուն փաստ է, որի հիմքում ընկած են էներգետիկ ու հաղորդակցային խնդիրները, բայց դա չի բխում Ռուսաստանի բնական և երկարաժամկետ պետական շահերից։ Ոչ մի երաշխիք չկա, որ այն հարձակողական սպառազինությունը, որը տրվում է Ադրբեջանին և որակվում որպես բիզնես և որոնք այսօր օգտագործվում են Հայաստանի ու Ղարաբաղի դեմ, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների էլ ավելի վատթարացման պարագայում չեն օգտագործվի հենց Ռուսաստանի սահմանների ուղղությամբ։
ԱԺ-ում պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ խոսք է եղել Նախիջևանում զորքերի կուտակման մասին։ Ի՞նչ տեղեկատվություն դուք ունեք այս մասին։
Այդ նիստին չէի ցանկանա անդրադառնալ, քանի որ այն փակ էր, թեկուզ շատ բան հրապարակվել է, բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կան կուտակումներ Նախիջևանում, նաև հյուսիս-արևելյան սահմանին։ Մասնավորապես, Նախիջևանի հետ կապված ռուսական ու թուրքական մամուլում հայտնվեցին հրապարակումներ և արդեն տարբեր աղբյուրներից ճշգրտված փաստ է, որ ռուսական զենքի նոր խմբաքանակ է ձեռք բերվել, և այժմ դրանք Նախիջևանում տեղակայման ու փորձարկման գործընթացի մեջ են։ Դա նոր ձեռք բերված ռուսական հրետանային զենքեր են։ Դա հստակ է և ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում այդ մասին։ Այսինքն, նույնիսկ այս օրերին նրանք զենքի նոր խմբաքանակ են ձեռք բերել Ռուսաստանից։
Այս օրերին շատ է խոսվել այն մասին, որ ՀԱՊԿ-ը չէր կարող արձագանքել Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործղություններին։ Նախիջևանում նման գործողությունների դեպքում ի՞նչ կարող ենք ակնկալել այդ կառույցից, թե՞ նորից նույն իրավիճակն է լինելու։
Նախ ես համաձայն չեմ, որ ՀԱՊԿ-ը չէր կարող արձագանքել ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձություններին։ Ավելին, ես կարծում եմ՝ ՀԱՊԿ-ը պարտավոր էր արձագանքել, որովհտև առնվազն 2014 թվականին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին իրավիճակի լարվածություն ունեցանք, այդ թվում նաև զոհեր, այս օրերին էլ սահմանին ունեցանք առնվազն հրետանակոծություններ ու այս ամենը փոխկապակցված են։ Այսինքն՝ եթե Լեռնային Ղարաբաղի խնդիրը փորձում են դիտարկել այլ հարթության մեջ, դա անթույլատրելի է, թող որևէ մեկը չփորձի տարանջատել Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունը, որովհետև դա միևնույն անվտանգության խնդիրն է։ Այս առումով, ՀԱՊԿ-ը ոչ թե ուղղակի թերացել է, այլ արել է անթույլատրելին, և մենք ևս մի ավելորդ անգամ համոզվել ենք, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար անվտանգության համակարգ չէ։ Դա է պատճառը, որ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի համար տոտալ բլոկադա է։ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ գտնվում է ռազմաքաղաքական բլոկադայի մեջ, որովհետև որևէ աջակցություն չի ստանում, բայց դա նաև սահմանափակում, բլոկադայի է ենթարկում Հայաստանի այն հնարավորություններն ու իրավունքները, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն, և որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, պարտավոր է ժամ առաջ իրացնելու։ Այսինքն դա սահմանափակում է նաև մեր այլընտրանքները։
Նույնը կասեի ԵԱՏՄ-ի մասով։ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, նույնիսկ չկարողացավ ապահովել, որպեսզի Երևանում տեղի ունենա ԵԱՏՄ երկրների վարչապետների խորհրդի նիստը։ Որևէ գրոշի արժեք չունեն Երևանում այսուհետ անցկացվող նմանատիպ նիստերը, որոնք, իմ խորին համոզմամբ, ընդամենը միջին կոնֆերանսի մակարդակի քննարկումներ են, որոնք որևէ պատճառահետևանքային իրադարձության չեն բերում։ Լինելով ԵԱՏՄ կազմում, Հայաստանը նաև տնտեսական առումով է զրկվում այլընտրանքներից։ Այսինքն՝ Հայաստանը, դաս քաղելով նաև ապրիլյան ծանր քառօրյա պատերազմից, ժամ առաջ պետք է փնտրի իր տնտեսական ու ռազմաքաղաքական այլընտրանքները։ Շատերն են պնդում, որ Հայաստանն այլընտրանք չունի։ Այլընտրանքները ստեղծվում են, ոչ թե նվիրվում, իսկ այլընտրանք կա, ուղղակի Հայաստանը պետք է հստակ քայլեր իրացնի այդ այլընտրանքն ունենալու ուղղությամբ։
Հայաստանը պետք է ժամ առաջ ձերբազատվի այդ տոտալ բլոկադայից՝ ռազմաքաղաքական ու տնտեսական, որը մեր երկիրը պատանդի կարգավիճակի է բերել։ Նույն 200 մլն դոլարի վարկային պայմանագիրը՝ նախատեսված զենքի համար, արդեն մեկ տարի է գոյություն ունի, բայց ոչ մի քայլ դրա իրականացման ուղղությամբ չի իրականացվել։ Պատերազմն սկսելու առանցքային պատճառներից մեկն էլ ես համարում եմ հենց այդ զինտեխնիկայի չտրամադրումը։ Համարում եմ, որ Ռուսաստանը նույնիսկ խախտելով 2015-ին կնքված այդ պայմանագրի 10-րդ կետը, իր մամուլով հրապարակեց այն սպառազինության ցուցակը, որը Հայաստանը պետք է ստանար կամ պետք է ստանա, և դա այն դեպքում, երբ ՀՀ ԱԺ-ում անգամ այդ վարկային պայմանագրի քննարկումների ժամանակ այդ ցուցակը հրապարակային չի եղել։ Այսինքն, այդ հույժ գաղտնի տեղեկությունը, որը պայմանագրի համաձայն կողմերը պարտավորվել են գաղտնի պահել ու չհրապարակել, ռուսական կողմը ի լուր բոլորի ու ի ցույց Ադրբեջանի հրապարակել է իր լրատվամիջոցներով։
Ամփոփելով միտքս, ասեմ, որ մենք գործ ունենք մի ռազմավարական գործընկերոջ հետ, որը պատերազմական օրերին անգամ շարունակում էր զինտեխնիկայով ապահովել մեր հակառակորդին, որը մինչև այս պահը ձգձգում է մեզ հատկացվող զինտեխնիկայի տրամադրումը՝ չկատարելով իր պայմանագրային պարտավորությունները։ Եթե չլիներ այդ 200 մլն դոլարի պայմանագիրը, Հայաստանը քայլեր կձեռնարկեր համարժեք բալանսն ապահովելու առումով։ Հուսանք, որ նման քայլեր ձեռնարկվում են, բայց ժամ առաջ պետք է այդ հետևություններն անենք։ Միաժամանակ, տեղին եմ համարում նշել, որ լինելով ԵԱՏՄ անդամ, այլ երկրներից զինտեխնիկա ձեռք բերելու պարագայում ստիպված ենք լինելու 18 տոկոս հավելավճար կատարել ԵԱՏՄ ընդհանուր գանձարկղին։ Սա էլ ևս մեկ ապացույց, որ մենք ռազմաքաղաքական ու տնտեսական բլոկադայում ենք, այլ ոչ թե անվտանգություն և տնտեսական զարգացում ապահովող միությունում։
Սիրանույշ Պապյան