Երեկ խորհրդարանում, 96 «կողմ», 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ իշխող քաղաքական մեծամասնության ներկայացրած թեկնածուն` Արման Թաթոյանը, ընտրվեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների չորրորդ պաշտպան:
«Դեմ» քվեարկող պատգամավորներից մեկն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն է: «Ես ընդհանրապես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ձեւախեղված է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացման կարգը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պարոն Քոքոբելյանը` հավելելով, որ ինքն ի սկզբանե «դեմ» է եղել ՄԻՊ-ի ընտրության այս կարգին: Այդ մասին նա բարձրաձայնում էր նաեւ սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ:
«ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովով բառիս բուն իմաստով նշանակվում է Մարդու իրավունքների պաշտպանը: Ազգային ժողովը ոչ թե ընտրում է պաշտպանին, այլ հաստատում է: Այստեղ անձերի խնդիր չկա, բայց սա զուտ հաստատման գործընթաց էր»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ոչ պակաս կարեւորում է նաեւ պաշտպանի համարձակության խնդիրը. «ՄԻՊ-ի թեկնածու պիտի լիներ այնպիսի մարդ, ում համարձակությունը գոնե պետք է բավարարեր նշել, որ Հայաստանում եղել են քաղաքական հետապնդումներ եւ քաղբանտարկյալներ»:
ԱԺ լիագումար նիստում Խաչատուր Քոքոբելյանն ու Տիգրան Ուրիխանյանն այդ մասին հարց ուղղեցին Արման Թաթոյանին: Տիգրան Ուրիխանյանը նույնպես «դեմ» է քվեարկել Արման Թաթոյանի թեկնածությանը:
«Իր պատասխանում ինքը միարժեքորեն պնդեց, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդումներ եւ քաղբանտարկյալներ չեն եղել: Խոսքը չի վերաբերում միայն այսօրվան: Առհասարակ: Նաեւ այն դեպքերում, որոնք եվրոպական բարձր ատյաններում որակվել են այդպիսին: Աչք փակել նման դեպքերի վրա, իմ կարծիքով, անհնար է: Սա անձի խնդիր չէ, մասնագիտական ունակությունների հետ կապված չէ, ինստիտուցիոնալ մոտեցում է»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում Հայաստանում նաեւ բազմաթիվ քաղհալածյալներ եւ քաղբանտարկյալներ եղան: Նրանցից շատերը նաեւ իրենց գործերը վիճարկեցին ՄԻԵԴ-ում եւ փոխհատուցումներ ստացան: Այդ ժամանակ քաղաքական հայացքների համար բանտախցում հայտնված, ներկայումս ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը «կողմ» քվեարկեցին Արման Թաթոյանի թեկնածությանը: Խաչատուր Քոքոբելյանը հրաժարվում է մեկնաբանել իր գործընկերների կեցվածքը:
Նելլի Գրիգորյան