Մեր զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Պարոն Քոքոբելյան, օրերս ռուսական մամուլը հրապարակեց, թե Հայաստանը ՌԴ-ից 200 մլն դոլարի վարկի դիմաց ինչ տեսակի զենքեր է ձեռք բերելու։ Ձեր կարծիքով, ինչու հիմա Ռուսաստանը որոշեց հրապարակել այս ցանկը, որն, ի դեպ, գաղտնի է։ Արդյոք սա պայմանավորված է ռուս-թուրքական լարվածության աճով։
Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ես ինքս հրապարակային քաղաքականության կողմնակիցն ու կրողն եմ, սակայն սա այդ դեպքը չէ։ Նախ, եթե Ռուսաստանը նման բան է հրապարակում, պետք է համաձայնեցներ Հայաստանի հետ, ինչը վստահ չեմ, որ արվել է։ Մյուս կողմից, այստեղ ոչ թե հրապարակայնություն ու թափանցիկություն ապահովելու խնդիր էր լուծվում, որը պետական և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթերի դեպքում չի գործում, այլ սա ուղղակի Ռուսաստանի կողմից յուրօրինակ մեսիջ էր թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ տարածաշրջանային զարգացումների հետ կապված աշխարհքաղաքական կենտրոններին: Շատ հետաքրքիր ու ցանկալի կլիներ, եթե Ռուսաստանը հրապարակեր բոլոր այն զինատեսակների ու սպառազինությունների ցանկը, որոնք վաճառում է մեր հակառակորդ Ադրբեջանին։ Ռուսաստանն, ըստ էության, հաշվի չառավ 1997 թվականին կնքած հայ-ռուսական բարեկամության պայմանագիրը, որով այդ վաճառքն արգելվում է։ Ավելին, մինչև այս պահը Ռուսաստանը մնում է Ադրբեջանին զինող թիվ մեկ երկիրը, և Ադրբեջանն իր սպառազինության 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, ինչը ռուսական կողմը ներկայացնում է որպես բիզնես։ Ցավոք, Հայաստանում էլ կան քաղաքական գործիչներ, որոնք ևս դա փորձում էին ներկայացնել որպես բիզնես։ Երբ նման հայտարարություններ հնչում են ռուսական կողմից, ես դա հասկանում եմ, բայց երբ նույնը հնչում է Հայաստանում, դա ինձ համար զավեշտալի է, ու հիմա ես կցանկանայի լսել այդ մարդկանց, թե ինչպես են մեկնաբանում Ռուսաստանի կողմից մեզ տրվելիք սպառազինության ցանկի հրապարակումը։
Արդեն մասնագետները նշում են, որ այդ ցանկում հին զենքեր են, որևէ նոր մոդիֆիկացիա չկա։ Կարո՞ղ ենք ասել, որ հերթական անարդյունավետ գործարքն է կնքվել, և առաջիկա 13 տարում Հայաստանը ևս մեկ վարկային բեռի տակ է հայտնվում։
Հստակ պիտի ասել, որ ոչ միայն այդ ցուցակում նոր զինատեսակներ չկան, այլ ընդհանրապես՝ ժամանակակից, նոր տեխնոլոգիաներով հագեցած և մրցունակ ռուսական զինտեխնիկա և զինամթերք չկա: Դա այլ խնդիր է, սակայն հիմնական խնդիրն իմ կարծիքով այն է, որ ՀԱՊԿ-ն այն կառույցը չէ, որը կարող է Հայաստանի համար անվտանգության համակարգ հանդիսանալ։ Մենք դե ֆակտո այսօր չենք գտնվում որևէ անվտանգության համակարգում։ Այսինքն դա իմիտացիոն անվտանգության համակարգ է, որը ծառայել, ծառայում և ծառայելու է Ռուսաստանին։ Նույնիսկ ռուս փորձագետները չեն թաքցնում, որ ՀԱՊԿ-ը հիմնականում ստեղծվել է Միջին Ասիայում խնդիրներ լուծելու նպատակով։ Ես միշտ կարծել եմ, որ մենք այդ ճանապարհով չենք ավելացնում մեզ համար այդքան կարևոր անվտանգության բաղադրիչը։ Ավելին, օրեցօր նոր խնդիրներ ենք ունենում կապված այդ համակարգի գործունեության հետ։
Շատերն են նշում, որ ռուս-թուրքական պատերազմը սարերի հետևում չէ, և որ այն տեղի կունենա Սիրիայի տարածքում։ Օրերս ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Արթուր Բաղդասարյանը նշել էր, որ եթե նման պատերազմ լինի և այն Սիրիայի սահմաններից դուրս գա, ապա Հայաստանը սահման ունի Թուրքիայի հետ և կմասնակցի, անգամ պարտավոր է մասնակցել այդ գործողություններին։ Դուք այստեղ ի՞նչ վտանգներ եք տեսնում։
Իհարկե, այդտեղ մեծ վտանգներ եմ տեսնում։ Ես, անկեղծ ասած, ցանկություն չունեմ որևէ մեկի խոսքը մեկնաբանելու, բայց նման տեսակետներն ինձ համար անընդունելի են և չեն բխում Հայաստանի շահերից։ Առհասարակ, կարծում եմ, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ պետական այրերը նախ պետք է շատ զգույշ լինեն այդ թեման շոշափելիս, որովհետև դա շատ նուրբ ու զգայուն թեմա է, երկրորդ՝ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստանը կարողանա խուսափել նման զարգացումներին առնչվելուց։ Հայաստանը պետք է կարողանա կտրուկ ասել՝ ոչ, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա պրոյեկտելն ուղղակի վտանգավոր է։
Այսօր, երբ Ռուսաստանում շոշափվում են մեր ազգային խնդիրներին վերաբերող թեմաներ, վստահաբար կարող ենք ասել, որ դա չի արվում Հայաստան պետության շահը սպասարկելու համար։ Դա արվում է Ռուսաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը սպասարկելու համար, որի վառ ապացույցը նաև այն է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Ռուսաստանը և Թուրքիան մեծ հաճույքով քննարկում էին նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Հայաստանին առնչվող խնդիրներ և դա գաղտնիք չէ, սկսած «Լավրովի պլանից»։
Հիմա հարց է ծագում՝ այդ ինչ տեղի ունեցավ, որ մի քանի ամսում հռետորաբանությունը կտրուկ փոխվեց։ Սա ապացուցում է, որ ուղղակի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների փոփոխությունը բերեց դրան, ու այստեղ փորձել եթերային հայրենասիրություն փնտրել, կեղծ հայրենասիրություն խաղալ, անթույլատրելի է։ Այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունը պարզապես պարտավոր է հստակ շեշտադրումներով համապատասխան հարթակներում իր դիրքորոշումը ցույց տալ՝ ասելով, որ ինքն իրավունք չունի խառնվելու այս զարգացումներին։ Մենք ունենք փոքր հնարավորություններ, և այդ մեծ բախումների ժամանակ կունենանք անդառնալի, միգուցե նաև անվերականգնելի կորուստներ։ Դա ոչ թե զգուշավորություն ու վախկոտություն է, այլ պետք է լինի հավասարակշռված ու խոհեմ քաղաքականության արդյունք։ Չպետք է սպասարկել ռուսական այսօրվա արտաքին քաղաքականության շահը, պետք է հստակ պատկերացնենք, թե ինչ է պետք Հայաստանին այսօր։ Իսկ այսօր Հայաստանի շահերից չի բխում Ռուսաստան-Թուրքիա բախումը, և Հայաստանը չպետք է ներքաշվի մի խաղում, որն իրենը չէ։ Եթե մտնում ես մի գործընթացի մեջ, որտեղ դու ուղղորդելու հնարավորություն չունես, դու արդեն օգտագործված ես։ Իսկ այդ գործընթացում Հայաստանը հենց այդպիսին կլինի։
Վերջերս հրապարակվել է նաև Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա հայտարարել է, որ Ռուսաստանն իր համար ավելին է, քան պետությունը։ Այսինքն՝ մեր գրեթե բոլոր գործիչները պտտվում են Ռուսաստանի շուրջը, որպես անվտանգության երաշխիք տեսնում են հենց Ռուսաստանը և ամեն անգամ չեն խորշում իրենց նվիրվածությունը ցույց տալ Մոսկվային ու Պուտինին։
Նույնիսկ չեմ պատրաստվում մեկնաբանել դա, որովհետև կան դեպքեր ու փաստեր, որոնք ինձ համար մեկնաբանության ենթակա չեն։ Ես կցանկանամ, որ մենք Ռուսաստանի հետ հարաբերվենք որպես պետություն։ Խոսքը չի վերաբերում Ռուսաստանի վերնախավին, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, այդ երկրի պետական կառույցներում, իրականում ռուսական պետությանն էլ ձեռնտու չէ։ Այո, ինձ համար ցավալի է, որ մեր քաղաքական գործիչները, առավել ևս նախկին ու ներկա պետական այրերը մեկ այլ պետության մասին ավելի մեծ հիացմունքով են խոսում, քան այդ պետության քաղաքացիները։
Այսինքն՝ մտածողության փոփոխությո՞ւն է անհրաժեշտ։
Այդ մտածողությունը միշտ էլ եղել է, որը գալիս է որոշակի շերտի մոտ խորհրդային տարիներից, որովհետև շատ-շատերի համար դա ընդհանուր պետություն է եղել։ Բարեբախտաբար, ինձ համար դա երբեք ընդհանուր պետություն չի եղել, և միգուցե դա է պատճառն իմ աշխարհայացքի ձևավորման։ Ես այդտեղ մեծ վտանգ չեմ տեսնում, որովհետև այդ շերտը շատ չէ, հավատացեք, որքան էլ ջանան այդպես ցույց տալ։ Հիմա նոր սերունդ ու նոր շերտ կա, որի համար Հայաստանի Հանրապետությունըանկախ պետություն է, որը Ռուսաստանի հետ ընդհանուր պետություն երբեք չի եղել։ Այսօր այդ շերտը ներկայացնողներն ակտիվ դերակատարներ են հասարակական-քաղաքական կյանքում և վաղվա գործուն դերակատարները հենց նրանք են լինելու։ Այսօր Ռուսաստանն էլ կարիք չունի այդ նվիրվածության, որովհետև այսօր աշխարհքաղաքական գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ նմանատիպ մոտեցումներով խնդիրներ չեն լուծվում՝ այն էլ մերօրյա իրատեսական քաղաքական գործընթացներում։ Այսօր խնդիրները լուծվում են շատ հստակ շահերի առաջնորդմամբ։
Հարցազրույցը՝ Սիրանույշ Պապյանի