Ազատ դեմոկրատներ կուսակցության մամուլի խոսնակ, վարչության անդամ Անժելա Խաչատրյանի ելույթը Մամուլի ազգային ակումբի և ՀՀ–ում Լեհաստանի դեսպանատան կազմակերպած «Հայաստանը ԵՏՄ-ում. Ռիգայի խորհրդաժողովին ընդառաջ, որն է լինելու Երևանի կարգախոսը» թեմայով քննարկման ժամանակ:
Հարգարժան դեսպան, հարգելի գործընկերներ, ներկաներ:
Նախ կուզենայի ողջունել նման ֆորմատի քննարկումների կազմակերպումը, քանզի այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս ներկայացնելու մեր դիրքորոշումներն ու մտահոգությունները, ինչու ոչ նաև գալ որոշակի եզրահանգումների: Երկու ամսից էլ պակաս ժամանակ է մնացել ԱլԳ Ռիգայի խորհրդաժողովին, որին, իմ խորին համոզմամբ Հայաստանը պարտավոր է ներկայանալ գործնական առաջարկներով և իր վրա պատասխանատվություն ու պարտականություններ վերցնելու պատրաստակամությամբ, քանզի այս խորհրդաժողովը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքի համար կարելի է ասել հանգրվանային կետ է: Եւ դա է վկայում նաև վերջերս նմանատիպ մի քննարկման ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի ելույթը, որտեղ վերջինս նշեց, որ Ռիգայի խորհրդաժողովից պետք է իրատեսական ակնկալիքներ ունենալ: Մեկ կարևոր հանգամանք ևս նշել է Հրիսթեան, որոնք իմ գնահատմամաբ ամենևին պատահական չեն ասված` այն, որ ԵՄ-ն չի հեռանալու Հայաստանից և շարունակելու է սատարել մեր երկիր արդիականացմանը: Կարծում եմ, սրանից առավել հստակ մեսիջ մեր իշխանություններին պետք չէ փնտրել, այլ պարզապես պետք է մշակել գործողությունների պլան ու դրանով ներկայանալ Ռիգայի խորհրդաժողովին:
Ակնհայտ է մեկ բան` ԵՄ մեր գործընկերները, ընդունելով Հայաստանին ՌԴ-ի կողմից պարտադրված բռնակցումը ԵՏՄ-ին, այնուամենայնիվ, մեզ համագործակցության ձեռք են մեկնում: Նրանք հստակ նշում են, որ ցանկանում են աջակցել փոքր և միջին բիզնեսին և դրա համար նախատեսվում է 19 միլիոն եվրո տրամադրել, քաղաքացիական հասարակությանը տրամադրվող գումարներն այս տարի ավելացել են` 2,1 միլիոն եվրո է, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար ԵՄ-ն նախատեսում է տրամադրել 12 միլիոն եվրո: ԵՄ հիմնական թիրախներն են մեր երկրում տեսնել արդյունավետ կառավարում, դատական համակարգի զարգացում, կոռուպցիայի նվազեցում:
Իսկ որևէ մեկը կարող է ասել, որոնք են ՀՀ-ԵՏՄ համագործակցության առաջնահերթությունները, բացի նրանից, որ ռուսական քարոզչահայրերը գալիս են Հայաստան և հայտարարում, որ մենք պետք է վերանայենք Լեզվի մասին ՀՀ օրենքը և ռուսերենն էլ պիտի մեր մայրենիին հավասար իմանանք, բացի նրանից, որ պետք է պայքարենք այն ՀԿ-ի և քաղաքական ուժերի դեմ, որոնք Ռուսաստանին քաղցր-մեղցր խոսքեր չեն շռայլում, քանզի վերջիններս սեպ են խրում հայ-ռուսական դարավոր եղբայրության միջև:
Իհարկե, ԵՏՄ կողմնակիցները միանգամից առաջ են բերում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության երկու փաստարկ` տնտեսական շահավետ վիճակ մեր երկրի համար և անվտանգության ամրապնդում:
Նախ մեկ կարևոր հանգամանք, եթե դու չես աջակցում ՓՄՁ-ի զարգացմանը, չես ստեղծում մրցունակ տնտեսական դաշտ, ապա ավելի մեծ շուկաներում մեծ հնարավորություններ ունենալու մասին խոսելն ավելորդ է: Իսկ ինչ վերաբերում է այն միֆին, թե ԵՏՄ-ին անդամակցելով մեր տնտեսությունը ծաղկելու է, մեր արտահանողները մեծ հնարավորություններ են ունենալու, ապա այդ փաստարկը անգամ կես տարվա կյանք չունեցավ: Ընդամենը հաշված օրերի ընթացքում բոլորի համար պարզ դարձավ, որ պատժամիջոցների տակ գոյատևող ռուսական շուկան և արժեզրկված ռուսական ռուբլին մեր տնտեսությանը միայն վնասներ են տալիս, ԵՏՄ անդամակցության առաջին «նվերը» մեր քաղաքացիներին գնաճն էր, արտահանման ծավալների նվազեցումը: Եւ դա միայն մենք չենք ասում, անգամ իշխանական գործարարներն են խոսում այն մասին, որ ռուբլու այս արժեզրկման պայմաններում նրանց ձեռնտու չէ արտահանել իրենց ապրանքը ՌԴ, նրանք եվրոյով են ցանկանում աշխատել, արտահանողների մեծ մասը իրենց ապրանքները հետ են կանչում ռուսական պահեստներից, իսկ դա լավ օրից չէ որ անում են:
Անվտանգության բաղադրիչը ևս երկար չդիմացավ փորձությանը, չնայած այս փաստարկը ի սկզբանե թույլ էր, քանզի մենք բոլորս էլ մեր աչքի առջև ունենք ՌԴ-ի կողմից «բիզնես» որակվող զենքի վաճառքը Ադրբեջանին: Միայն վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանը սպառազինություն գնելու համար տրամադրած գումարի 80 տոկոսը ծախսել է ռուսական արտադրության զենք գնելու համար: Ավելին` այն ժամանակ, երբ Հայաստանում խոսում էին թե մեր անվտանգության երաշխիքներից ելնելով ՀՀ-ն պետք է անդամակցի ԵՏՄ-ին, հոկտեմբերին էլ անդամակցության պայմանագրի ստորագրումից օրեր անց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանում հայտարարում է իրենց առավել խորը ռազական համագործակցության զարգացման, և ադրբեջանցի զինվորականներին ռուսաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում վերապատրաստելու մասին: Այսինքն ՀՀ «անվտանգության երաշխավոր», մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն քիչ է մեծ մաշտաբների հասնող զինամթերք է վաճառում մեր հակառակորդ Ադրբեջանին, այն էլ բացառապես հարձակողական տիպի, դեռ մի բան էլ ադրբեջանցի սպաներին սովորեցնելու է, թե ինչպես այդ զենքը օգտագործեն մեր դեմ: Ահա այսպիսի երաշխավորներ ու բարեկամներ ունենք:
Մեկ կարևոր հանգամանք ևս` ամռանը սահմանային լարվածության դեպքերը կարծես լակմուսի թուղթ էին անվտանգության փաստարկը առաջ քաշողների համար: Մեր բանակը ցույց տվեց, որ ինքն է ՀՀ անվտանգության երաշխավորը և մենք պետք է մտածենք մեր պետությունը, տնտեսությունը, բանակը զարգացնելու մասին, և ոչ թե փորձենք անվտանգության երաշխավոր դրաձնենք մի երկրի, որը շատ հեռու է այդ գործառույթից:
Հստակ է, որ մեր առջև կա երկու տեսլական և դրանց շուրջ պետք է ընտրություն կատարենք. Ուր ենք գնում` մի կենտրոն, որը ինքնամեկուսացման գործընթացի մեջ է, որտեղ կոռուպցիան աճում է օր օրի, մարդու իրավունքները պաշտպանված չեն, որտեղ այլ կարծիք ունենալը ոչ միայն ըդունելի չէ, այլև սպառնում է մարդու գոյությանը, թարմ օրինակ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը, այն էլ Կրեմլի պատերի տակ, թե ընտրում ենք զարգացման, առաջընթացի մոդելը` ԵՄ ասոցացումը, որը մեզ առաջարկում է բարեփոխումների լայն փաթեթ, որը մեզ տալիս է համամարդկային արժեքներ, հստակ ստանդարտներ:
Ռիգայի խորհրդաժողովից առաջ հենց այս հարցերի շուրջ պետք է մտածել, ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ ամեն անգամ չէ որ իրենց տրվում է սխալվելու և այդ սխալը շտկելու հնարավորություն, իսկ Վիլնյուսից հետո փաստացիորեն մեր ԵՄ գործընկերները այդ հնարավորությունը տվել են և դրանից չօգտվելը կնշանակի դեմ լինել ՀՀ-ի զարգացման հեռանկարին: