Հարցազրուց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ հետ
-Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը անպտուղ հանրահավաքներով քամեցին ժողովրդի ներուժը, զրոյացրին նրա վստահությունը, այդ նույն ճանապարհով անցան նաեւ այլ քաղաքական ուժեր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղակի սպառեց, վարկաբեկեց հանրահավաքային «ժանրը», անգամ՝ հացադուլը: Այժմ, սակայն, հանրահավաքային նույն անարդյունավետ ճանապարհով է գնում «եռյակը»: Արդյոք սա՞ է երկրում խնդիրներ լուծելու ճանապարհը:
-Իրավացի եք, քանի որ առավել քաղաքակիթ քաղաքական համակարգ ունեցող երկրներում հարցերը, այդ թվում՝ իշխանափոխության, լուծվում են այլ ճանապարհներով: Չնայած Հայաստանի նման քաղաքական համակարգ ունեցող երկրներում հանրահավաքը դեռեւս շարունակում է համարվել քաղաքական ուժերի զինանոցի հիմնական միջոցը, քանի որ այլընտրանքն է քիչ:
Հարցը կարեւոր է նաեւ հետեւյալ առումով. երանի մեր երկրում եւս ձեւավորվի այն քաղաքակիրթ համակարգը, որի արդյունքում Հայաստանում քաղաքական խնդիրները կլուծվեն կարեւորագույն ինստիտուտների միջոցով, ու գործը չի հասնի նման «գործիքների» օգտագործմանը, որոնք համարում եմ ծայրահեղ:
Ինչ վերաբերում է հանրահավաքների վարկաբեկված լինելուն, ապա մեղավորը ոչ թե հասարակությունն է, այլ քաղաքական ուժերը: Ի տարբերություն շատերի, մշտապես պնդել եմ, որ քաղաքացին, որը ընտրություններում իր ձայնը տվել է ընդդիմության թեկնածուի օգտին, ամենեւին պարտավոր չէ հետո գալ ու հրապարակում պաշտպանել իր ձայնի իրավունքը: Բոլորովին պետք չէ մեղադրել բժշկին կամ մանկավարժին ու պարտադրել նրանց գալ եւ դառնալ քաղաքական գործընթացների մասնակից: Ասել է թե՝ այդ ձայների իրացնելիության, պաշտպանության խնդիրը պետք է կարողանան լուծեն քաղաքական ուժերը:
Շարունակելով վարկաբեկման թեման՝ չեմ կարող չասել, որ Հայաստանում համատարած վարկաբեկման գործընթաց է, վարկաբեկվում է ամեն ինչ՝ թե՛ քաղաքական գործընթացները, թե՛ գաղափարները, որոնք կորցրել են իրենց կարեւորությունն ու ուժը: Դրանում մեղքի իրենց մեծ բաժինն ունեն քաղաքական այն ինստիտուտները, որոնք նպաստում են այդ վարկաբեկմանը:
Տեսեք, թե ինչ է կատարվում Ազգային ժողովում. գրեթե ամեն օր մենք ականատես ենք լինում որեւէ զավեշտալի դեպքի: Հաճախ եմ մտածում՝ ի՞նչն է այս ամենի պատճառը, ինչո՞ւ են որոշ քաղաքական գործիչներ իրենց թույլ տալիս այդչափ ցածրանալ ու գնալ նման քայլերի:
Որեւէ մեկին ուսուցանելու նպատակ չունեմ, բայց չեմ կարող նաեւ չասել, որ կան ուժեր, որոնց համար ձեռնտու է այս վարկաբեկումը, որովհետեւ իջեցնելով քաղաքական գործընթացների մակարդակը՝ դրանով կարողանում են երկրորդ պլան մղել կարեւոր խնդիրները, ինչպիսին է երկրի տնտեսության զարգացումը, եւ ուշադրությունը կենտրոնացնել փոքր, ածանցյալ հարցերի վրա:
-Հայհոյախոսությունն էլ վարկաբեկման մի ձեւ է. ոմանց համար ընդդիմադիր համարվելու թիվ մեկ նախապայմանը. գուցե այդպիսիներին թվում է՝ հայհոյելով կարող են ավելի շա՞տ դուր գալ հասարակությանը:
-Ես չեմ ցանկանա հայհոյախոսության մեջ մեղադրել միայն ընդդիմությանը: Քաղաքական իրողություններին հետեւող ցանկացած ոք համոզվում է, որ այդ մերժելի «ոճին» տիրապետում են թե՛ որոշ ընդդիմադիրներ, թե՛ իշխանության որոշ ներկայացուցիչներ:
-Դառնանք «եռյակին»: Նախօրեին վարչապետ Հ.Աբրահամյանը Ազգային ժողովում հարց ուղղեց ոչ իշխանականներին. «Ձեր ցանկությունն ի՞նչ է, ուզում եք, որ երկրում իշխանափոխությո՞ւն լինի, հեղափոխությո՞ւն լինի, երկրորդ մարտի մե՞կ եք ուզում, ձեր ուզածն ի՞նչ է: Գոնե ինձ համար անհասկանալի է, թե ձեր նպատակը ո՞րն է»: Իսկ ձեզ համար պա՞րզ է «եռյակի» նպատակը:
-Հակիրճ ասեմ. նախ վստահ չեմ, որ «եռյակը» իշխանափոխության խնդիր է դնում: Չնայած պետք չէ բացառել, որ նրանք կարող են հենց իշխանափոխության պահանջը դարձնել իրենց հիմնական օրակարգը:
Բայց այստեղ առավել կարեւոր է, թե ինչ են ասելու իշխանափոխության պահանջը հնչեցնելուց հետո: Քանի որ այդ ժամանակ արդեն պետք է հստակ ներկայացնեն, թե սա մերժելով ինչպիսի՞ երկիր են ուզում կառուցել եւ ինչպե՞ս:
Երկրորդ՝ «եռյակի» օրակարգային անորոշությունը հետեւանք է արտաքին քաղաքականության հարցերում նրանց մոտեցումների: Ինձ համար անընդունելի են աշխարհաքաղաքական զարգացումների առնչությամբ թե՛ եռյակի, թե՛ իշխանության մոտեցումները: Ինչո՞ւ եմ շեշտադրում արտաքին քաղաքականությունը, քանի որ այն ներքին քաղաքականության շարունակությունն է, եւ սոցիալական, տնտեսական խնդիրներ ունեցող Հայաստանի համար շատ կարեւոր է արտաքին քաղաքականության ճշգրիտ իրացումը: Այս առումով էական է, թե մենք զարգացման ինչ ուղղություն ենք ընտրում:
–Այսինքն՝ այն, որ «եռյակը» ժողովրդին հրապարակ է հանում՝ չունենալով հստակ օրակարգ, չգիտի, թե իր այսօրվա քայլին վաղը ինչ է հաջորդելու, հասարակությանը ոչինչ չի առաջարկում, դրանում երկրի արտաքին քաղաքական հարցե՞րն են խանգարում:
-Գիտեք, չեմ կարող ասել՝ «եռյակը» հստակ թեզ, օրակարգ ունի՞, թե՞ չունի, որովհետեւ կուզենամ, որ իրենք խոսեն այդ մասին, իրենք ասեն, թե, ի վերջո, ի՞նչ նպատակներ են հետապնդում, ո՞րն է իրենց հաջորդ քայլը: Գուցե դեռ կասեն. երեւանյան հանրահավաքին կգնա՞ն հստակ օրակարգով, ասելիքով, թե՞ չեն գնա՝ չգիտեմ: Բայց մի բան պարզ է՝ եթե ասելիքը հստակ չլինի, ուրեմն հասարակությունը կանի իր եզրակացությունը:
Այս պահին նրանք կենտրոնացել են կառավարությանը ներկայացրած 12 կետերի վրա, որոնք համարում են կարեւորագույնը. դա իրենց իրավունքն է: Իսկ ես համարում եմ, որ այդ կետերից ավելի կարեւոր հարցեր կան: Բայց իրենք են այդ օրակարգը առաջ քաշել, ու դա իրենց խնդիրն է:
-Մտահոգիչ չէ՞, որ քաղաքական, գաղափարական, ծրագրային ընդհանրություններ չունեցող «եռյակ-քառյակը» վճռորոշ պահերին ուղղակի անկարող կլինի միասնական որոշում կայացնել, ինչն անգամ կարող է վտանգավոր լինել երկրի համար:
-Անկեղծ ասած, չգիտեմ՝ իրենք ունե՞ն վճռական պահին միասնական որոշում կայացնելու ներուժը, թե՞ չունեն: Իհարկե, դրանում կհամոզվենք առաջիկայում, երբ կտեսնենք, թե այս գործընթացը ինչ զարգացում կստանա:
-Ինչո՞վ կբացատրեք «եռյակ-քառյակի» գործողությունների հանդեպ արտախորհրդարանական ընդդիմության խիստ բացասական վերաբերմունքը, ինչը հաճախ ուղեկցվում է կոշտ բնորոշումներով:
-Հարցին այսպես պատասխանեմ. լինել ընդդիմություն նշանակում է համաձայն չլինել իշխանության վարած քաղաքական կուրսին՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին: Բայց կա ընդդիմության մի տեսակ, որը ընդդիմություն է իշխանության դեմ, ոչ թե նրա վարած քաղաքականության:
Կան նաեւ աշխատավարձով աշխատող ընդդիմադիրներ: Հիմա պարզ ասե՞մ, թե ո՞վ որտեղի՞ց է աշխատավարձ ստացել: Գրասենյակները նույնն են մնացել տերերն են փոխվել: Ու կապ չունի՝ այդպիսիք խորհրդարանակա՞ն են, թե՞ արտախորհրդարանական, դա մարդու տեսակի խնդիր է:
Ի վերջո, ուզում եմ մի բան հստակ լինի բոլորի համար՝ՀՀ քաղաքական դաշտում ներկայիս լղոզված վիճակի ու երկրում տիրող այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են։
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
http://armarlur.com/