Այսօր խորհրդարանում`Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական ակումբում հյուրընկալվել էր ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Հանդիպման քննարկման թեման էր` «Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարներ»:
Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ հաղորդակցման լեզուն ռուսերենն էր: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ով նշեց, որ հանդուրժեց հյուրի խոսքը հայերենով չթարգմանելը միայն ժամանակի սղության պատճառով: Քոքոբելյանը հիշելով այս ակումբում ամիսներ առաջ հյուրընկալված Դմիտրի Կիսիլյովի հայտարարությունները նկատեց, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը` թե’ քաղաքական և թե’ մշակութային առումներով, խոչընդոտ են հանդիսանում ռուսական քաղաքական եւ մշակութային որոշակի շրջանակների կողմից վերջին շրջանում հնչող որոշ հայտարարություններ, որոնք ոչ արդարացի են եւ ոչ հավասարակշռված և որոնցում հստակ ընդգծվում է վասալային հարաբերությունների գործոնը:
Խաչատուր Քոքոբելյանի խոսքերով`նման պահվածքն անընդունելի է, քանզի 21-րդ դարում մեծ և փոքր եղբար հասկացություններ չեն լինում և հայ-ռուսական հարաբերությունները, նրա գնահատմամբ, պետք է հիմնված լինեն իրավահավասարության վրա:
Ռուսաստանի կողմից ՀՀ հակառակորդ Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը բարձրացնելով, Քոքոբելյանը շեշտեց, որ այդ խնդիրն էլ պետք է լինի այս ակումբի քննարկման թեման: Նրա կարծիքով, լավ կլիներ անգամ, որ ակումբը նույնիսկ քննադատեր այդ իրողությունը. «Չեմ կարծում, որ դա կբերեր հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, ավելին` դա կլիներ հավաստիացում, որ ակումբը մտահոգ է բարեկամական հարաբերությունների պահպանմամբ: Ի դեպ, իր զենքի 80 տոկոսն Ադրբեջանը ձեռք է բերել ՌԴ-ից: Հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն հավասար սկզբունքների վրա, շատ կարեւոր եւ անհրաժեշտ է այդ հարաբերությունների զարգացումը, բացարձակ միտում չունեմ այդ հարաբերությունները խաթարվեն»:
Խաչատուր Քոքոբելյանն ասաց նաեւ, որ լավ կլիներ, որ ակումբն անդրադառնար Լեւոն Հայրապետյանի առողջական խնդիրների հետ կապված հարցերին, նույնիսկ որոշակի միջնորդություններ աներ. «Քանզի չեմ կարծում թե կա մեկը, ով չգիտի, որ Լեւոն Հայրապետյանը վերջին 25 տարիներին մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: Մենք պետք է ջանանք բացառել այն անթույլատրելին, որ լինում է հայ-ռուսական հարաբերություններում»: Խաչատուր Քոքոբելյանը նաեւ առաջարկեց, որ ակումբը քննարկի ՀՀ քաղաքացիների`ՌԴ-ում գրանցման հարցերը` առաջարկելով. «Կարծում եմ, որ լավ կլիներ, որ այդ խոչընդոտը վերանար, ինչպես նաեւ ազատվեին կրկնակի հարկումից»:
Անդրադառնալով Խաչատուր Քոքոբելյանի դիտարկումներին, Շվեդկոյը նշեց, թե չէր ցանկանա խառնվել ակումբի գործերին: Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին Շվեդկոյը հակընդդեմ հարց տվեց. «Դուք կցանկանայիք, որ ադրբեջանցիները ամերիկյա՞ն զենք գնեին: Դա ոչ պակաս վտանգավոր կլիներ Հայաստանի համար: Հայկական բանակն այսօր բավական մարտունակ է շնորհիվ նաեւ հայ-ռուսական ռազմական ու ռազմավարական համագործակցության»: Լեւոն Հայրապետյանի հարցի առիթով էլ ասաց որ AFK սիստեմա ընկերության նախագահ Վլադիմիր Եվտուշենկովն էլ պակաս գործ չի արել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, բայց. «Մնացյալ հարցերը հետաքննող կոմիտեին են ուղղված: Այնպես որ, դա ազգային կամ ազգության հարց չէ, բաշկիրական նավթին վերաբերվող հարց է: Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ չկան»:
Խաչատուր Քոքոբելյանն էլ նկատեց, որ Լեւոն Հայրապետյանի հարցն իբրեւ հայի չբարձրացրեց, այլ զուտ մարդասիրական տեսանկյունից ու հավելեց. «Ես չեմ ուզում, որ Ադրբեջանն ընդհանրապես զենք գնի: Բայց կա 1997 թվականին կնքված հայ-ռուսական պայմանագիրը, որի երրորդ հոդվածի, առաջին կետով հստակ նշված է, որ կողմերն իրենց հասանելի միջոցներով պետք է ձգտեն խաղաղության պահպանմանը: Ես չեմ կարծում, որ զենքի վաճառքով նպաստում եք խաղաղության պահպանմանը»:
Աղբյուրը՝ hayeli.am/ 22.09.2014 թ.