«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ ի դեմս Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման՝ շատ արտառոց բան է տեղի ունեցել: Նման տեսակետ նա հայտնեց այսօր Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովի ժամանակ:
«Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կողմից արված այդ հայտարարությունը բառացիորեն ազդարարեց ՀՀ Սահմանադրության խախտման մասին: Մեր Սահմանադրությամբ չի նախատեսվում վերպետական կամ վերազգային որևէ սուբյեկտ, որի որոշումներն ու գործառույթները պարտադիր են Հայաստանի համար: Իսկ ՄՄ-ի տնտեսական կոմիտեի որոշումները անդամ պետությունների կողմից ենթակա են պարտադիր կատարման: Ավելի արտառոց բան, քան ՀՀ Սահմանադրության սահմանափակումն է, այն էլ երկրի անկախության 22-ամյակի շեմին, գոյություն չունի»,- ասաց նա:
Քոքոբելյանը միաժամանակ տեսակետ հայտնեց, որ ՄՄ-ին անդամակցելու մասին որոշումը անսպասելի չէր: «Մեզ համար դա սպասելի էր, բայց ոչ այս տեսքով: Միաժամանակ՝ այն կարծիքին չեմ, որ Ասոցացման համաձայնագրի հետ կապված մեր փորձերը ռեալ դաշտ կբերվեն: Կարծում եմ՝ այս ամենն ավելի շատ ձևական բնույթ կկրի:
Շատ է խոսվում անվտանգության խնդրի մասին: Չեմ կիսում նաև այն կարծիքը, որ ՄՄ-ին անդամակցելու գործընթացը մեր անվտանգությունից բխող անհրաժեշտ քայլ է: Ես ուզում եմ, որ մեր արտաքին քաղաքականությունը չտանենք ստորաքարշ ճանապարհով: Որևէ արդարացում չեմ տեսնում իշխանությունների այն քայլին, որ թեկուզ ճնշումների արդյունքում Սերժ Սարգսյանը գնացել է սրան»,- ասաց նա՝ հավելելով, որ զարգացման հեռանկարներ չունեցող երկիրը չի կարող գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար:
«Տարիներ անց արտագաղթը կհանգեցնի այնպիսի սոսկալի վիճակի, որ կգործի հայտնի խոսքը՝ չկա մարդ, չկա խնդիր: Այնպես որ՝ չպետք է սին հույսեր փայփայել: Պետք է առաջ շարժվել»,- ասաց նա:
Ելույթի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ։