Lragir.am-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Պարոն Քոքոբելյան, եթե ամփոփենք հանրաքվեի արդյունքները, ընտրախախտումներ, ընտրակաշառք և այլն, անակնկա՞լ էին արդյոք դրանք։
Շատ պարզ պետք է ասել, որ բնականաբար, ակնհայտ է, որ այս հանրաքվեի արդյունքներն արժանահավատ չեն, և հասարակությունը չի կարող վստահել, և մեր քաղաքացիները դա ցույց տվեցին քվեարկության արդյունքներով։ Այստեղ շատ դիտարժան է, որ մայրաքաղաքում և մարզերում պատկերը շատ հուսադրող է։ Նկատի ունեմ նաև այն առումով, որ քաղաքացիները կարողանում են կամարտահայտման միջոցով իրենց դիրքորոշումը հստակ արտահայտել։ Եվ պետք է փաստեմ, որ այս էլ որերորդ անգամ մենք համոզվում ենք, որ ընդդիմությունից բացի մենք ունենք նաև հրաշալի քաղաքացիներ և քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցող բավական մեծ շերտ, որը երկրի ամենամեծ հարստությունն է։ Իհարկե, ես էլ եմ կիսում այն կարծիքը, որ մինչև այս պահը քաղաքական համակարգը և ընդդիմությունը, այդ թվում նաև մենք, չենք կարողացել և չենք կարողանում իրացնել ընտրությունների արդյունքում, կլինի հանրաքվե թե ընտրություն, այն բոլոր գործառույթները, որոնք անհրաժեշտ են քվեները պաշտպանելու համար։
Այս փուլում քաղաքացիների դիրքորոշման հետ կապված՝ հիմա նոր որակի գործընթաց է ի հայտ եկել։ Հիմա կեղծարարությունը գնում է ոչ թե դեմ ձայների չեզոքացմամբ, այլ ավելացնելով իրենց կողմնակիցների ձայները, որի հետևանքով տոկոսային առումով քչանում են դեմ ձայները։ Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք, որ մենք «ոչ»-ի կողմնակիցն ենք, դեմ քվեարկելու կոչով ենք հանդես եկել, բայց ավելի կարևոր կհամարեի, որ լինեին այնպիսի արդյունքներ, որոնք լինեին արժանահավատ, կարողանայինք ունենալ մի այնպիսի իրավիճակ, որտեղ կարող էինք զրոյից սկսել և ընտրակեղծիքների ամբողջ քարավանը հետևում թողնել: Բայց այս անգամ ավելի զարգացած մոտեցումներ եղան, և կարծում եմ, որ այս արդյունքները համոզիչ չեն նաև այո-ի կողմնակիցների համար։ Վստահաբար նա, ով իրատես է, տեսնում է, որ ՀՀ-ն ունի լուրջ խնդիր՝ կապված վստահության ռեսուրսի բացակայության հետ։ Այսինքն՝ կա մի իրավիճակ, որտեղ կարծես թե մեր քաղաքացիներն իրենց մոտեցումներով կամ ընդհանրապես ամբողջությամբ իրավիճակից դուրս են գտվում։ Այսինքն՝ կա մի իրավիճակ, որտեղ ՀՀ քաղաքացիներն են իրենց դիրքորոշումներով, և կա մի դաշտ, որտեղ այդ ընդհանուր դաշտից դուրս գտնվող փոքրամասնությունն է, բայց այդ փոքրամասնությունը, որը հասարակության մեծամասնության վստահությունը չի վայելում, կարողանում է ընտրությունների ամփոփման միջոցով իրավիճակը վերահսկել։ Եվ սա շատ պայթյունավտանգ է բոլոր առումներով։ Այսօր արդեն որպես փաստ ասեմ, որ սահմանադրական փոփոխությունները խնդրի էությունը չեն փոխում, ընդամենը խաղի նոր կանոններ են հաստատում պետական կառավարման առումով, բայց զուտ ընտրական պրոցեսի հետ կապված, և ընդհանրապես մեր ներքին և արտաքին մարտահրավերներից սկսած Հայաստանում իրավիճակի փոփոխություն չկա։ Շատերն ասում են, որ քաղաքացիները կհիասթափվեն, ես այդ կարծիքն էլ չեմ կիսում, քանի որ մեր իրատես քաղաքացիները սոցիալական որ շերտում էլ ներկայացված լինեն, վստահ եմ, որ այլ ամփոփում չէին սպասում։
Այսինքն՝ գիտեին, որ հանրաքվեն կեղծվելու է, որ իշխանությունը կեղծելու է և ընտրական գործընթացով հնարավոր չէ իշխանափոխությա՞ն հասնել։
Մենք կանգնած ենք մի դիլեմայի առջև, որին առնչվում ենք այս էլ որերորդ անգամ, այդ թվում նաև 1991-ին, ՀՀ քաղաքացիները իրենց ձայներով աջակցել են ընդդիմությանը, քանի որ առաջին նախագահը ընտրվել է որպես ընդդիմության ներկայացուցիչ։ Ես չեմ ուզում մեզ համեմատել այն երկրների հետ, որոնք ԵվրԱզԵս-ի մեջ են մտնում, ուզում եմ մեզ համեմատել քաղաքակիրթ աշխարհի և հետխորհրդային այն երկրների հետ, որոնք այս պահին դուրս են ԵվրԱզԵս-ի գոտուց։ Բոլոր տեղերում ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի է ունեցել, բացի Հայաստանից։ Բոլոր երկրներում՝ թե Վրաստանում, թե Ուկրաինայում, բալթյան երկրներում կարողացել են հաղթահարել այն ճահիճը, որը պահպանվում էր խորհրդային ժամանակներից եկած հոգեբանությամբ։ Եվ սա այն իրողությունն է, որը Հայաստանն այս վիճակում է պահում։
Մեր նոր սերունդն այսօր ցույց է տալիս, որ այս ընտրություններին, ի տարբերություն նախորդ ընտրությունների, ունեցանք քաղաքացիներ, որոնք բացի պատրաստ լինելը, նաև կարող էին, ի վիճակի էին տեղամասերում նաև քվեարկության միջոցով իրենց մոտեցումներն արտահայտել։ Երևան քաղաքի բուն կենտրոնում, այսինքն՝ ՀՀ սրտում «ոչ»-ը հաղթեց, հաղթեց նաև Գյումրիում, Վանաձորում, Իջևանում։ Դա խոսում է այն մասին, որ հասարակությունն իր վստահության արտահայտությունն ուղղակի «ոչ»-ով արտահայտեց։ Այո, կիսում եմ նաև այն կարծիքը, որ կային մարդիկ, որոնք ոչ էին քվեարկում ոչ թե զուտ բովանդակային առումով, այլ նաև այն պատճառով, որ այդ նախագիծը ներկայացվեց իշխանության կողմից։
Կարծիք կա, որ թաղային հեղինակություններն ավելի շատ էին ներգրավված հանրաքվեին, լցոնումներն են շատացել և այլն, ինչը պայմանավորված է նրանով, որ մենք ԵՏՄ անդամ ենք, և այլևս եվրոպական դիտորդները չեն կարողանում զսպաշապիկ լինել։ Համամի՞տ եք։
Բնականաբար կա այդ խնդիրը, բայց ես չեմ կարծում, որ շատացել են թաղային հեղինակությունները։ Ես ՀՀ նորանկախ պատմության բոլոր ընտրություններում ուղղակիորեն ներգրավված եմ եղել, և չեմ ասի, որ ավելացել են։ Օրինակ՝ Կենտրոնում՝ 10/7 ընտրատեղամասում, որտեղ ես իմ քաղաքացիական պարտքն եմ կատարել և իմ ընտրական իրավունքը իրացրել, կարող եմ ասել, որ նույնիսկ ընտրության ժամանակ հերթ կար, շատերին դեմքով ճանաչում եմ այդ շրջապատից և ինձ հետաքրքիր էր, թե ինչ արդյունքներ են լինելու, այդտեղ ոչ-ը ջախջախիչ հաղթանակ է տարել 200-ից ավելի ձայների տարբերությամբ։ Եվ այս ընտրությունների միակ նորույթը կրկնաքվեարկությունն էր, որն ուղղակի օրենքի ուժով էր հնարավոր կազմակերպել։ Որակական առումով պետք է նշենք, որ այս անգամ մարզերում նաև դեմ կարծիքի արտահայտման պատկերը մենք տեսանք, որը միշտ չէ, որ մենք տեսնում ենք։
Պարոն Քոքոբելյան, Սերժ Սարգսյանը հեռուստաընկերություններին տված ասուլիսում ըստ էության չվերահաստատեց այն, որ ինքը ԱԺ նախագահ և վարչապետ չի պատրաստվում դառնալ Սահմանադրության փոփոխությունից հետո։ Այս փոփոխություններով մենք ամրագրում ենք Սերժ Սարգսյանի իշխանության անորոշ ժամանակով հետաձգո՞ւմ։
Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ ես այդ կարծիքը չեմ կիսում։ Նախ եթե Հայաստանի զարգացման օրինաչափությունները նայենք, կտեսնենք, որ այդպես չի լինում։ Իհարկե, այն կարծիքին եմ, որ սահմանադրական փոփոխությունն այս տեսքով հնարավորություն է տալիս նեղ միջուկին իշխանության պահպանման խնդիր լուծել, բայց նաև այնտեղ էլ են փոփոխություններ լինում։ Եվ եթե նկատեցիք, հանրաքվեի քվեարկության անալիզն ենք անում և հաշվի ենք առնում, թե որտեղ ովքեր են եղել Այո-ի պատասխանատուները, ինչ տրամաչափի մարդկանց են ներգրավել իրենց իսկ թիմից, և տեսնում ենք իրենց պարտությունը, ապա ակնհայտ է դառնում, որ այդ դատողությունները միանշանակ չէ, որ կարող են կյանքի կոչվել։ Այսօրվա զարգացող աշխարհում, և ինչու չէ, այն մարտահրավերները, որ Հայաստանն ունի՝ կապված ռուս-թուրքական, հայ-ռուսական, Հայաստան-Եվրոպա հարաբերություններում, Հայաստանի զարգացման տեսլականի հետ կապված, այնքան արագ փոփոխություններ կարող են լինել մինչև 2017-18 թվականները, որ նույնիսկ այսօրվա իշխանության շատ անդամներ կարող է չպատկերացնեն։ Եվ ես երբեք չեմ կիսում այն կարծիքը, որ սա հնարավորություն է տալու տոտալ վերահսկել և վերարտադրման խնդիրը լուծել։ Ի դեպ, այս նոր համակարգով, ընդհակառակը, ընդդիմության համար կա մեծ հնարավորություն այն առումով, որ այստեղ ոչ թե երկու մեծ համապետական ընտրություններ պետք է հաղթել, այլ մեկ համապետական ընտրություն։ Իհարկե, սա չի խոսում այս նոր ներդրված համակարգի էֆեկտիվության մասին, այլ զուտ տեխնիկական առումով ընդդիմությանն իրենց մոտեցումները իրենց հաղթանակը իրացնելու հնարավորության առումով պետք է դիտարկել։ Կա ևս մեկ կարևոր խնդիր, կարծես թե բոլորը մեղադրում են ընդդիմությանը, որը այսօր շատ մոդայիկ է դարձել, բայց ընդդիմությունն էլ ժողովրդի մի մասն է, և առաջին հերթին ընդդիմությունը ՀՀ այն քաղաքացիներն են, որոնք չեն կիսում իշխանության մոտեցումները: Այդ տարանջատումն իշխանության քարոզչության կողմից, որ փորձում են տարանջատել ընդդիմությանն ու ընդդիմադիր քաղաքացիների շերտին, որը պաշտպանում է հակառակ տեսակետը, միևնույն է դրանից իրենց գործն ավելի չի հեշտանում, դա արհեստական մոտեցում է, որը խնդիրը չի լուծում:
Հարցազրույցը՝ Սիրանույշ Պապյանի
Lragir.am