Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը գտնում է, որ Հայաստանում սեպտեմբերի 3-ից սկսած կրիտիկական ժամանակաշրջան է, որովհետև ՀՀ-ն պետք է ընտրի իր ապագայի ուղղությունը, և պետք է ՀՀ քաղաքացին ստանա այն հարցերի պատասխանները, որոնք 10 տարի հետո պետք է լինեն իր աչքի առաջ:
«Խոսքը Մաքսային միության մասին է: Իմ խորին համոզմամբ՝ Մաքսային միություն գնալու ճանապարհը ՀՀ զարգացման շահերից չի բխում»,- ասաց նա:
Վերջինիս գնահատմամբ՝ որոշ քաղաքական շրջանակներում թյուրըմբռնում կա, քաղաքական գործունեությունը երբեմն շփոթում են այլ միջոցառումների և ակցիաների հետ՝ համարելով դրանք թեժ աշնան վկայություններ, բայց թեժ աշունը միայն դա չէ. «Ուղղակի քննարկումներն են քիչ՝ հասկանալի պատճառով, որովհետև շատ կողմերի ձեռք չի տալիս այդ քննարկումներն անել, և մինչև հիմա մենք իշխանություններից հստակ չենք լսել որևէ հիմնավորում, որևիցե տնտեսական հիմնավորում չեմ լսել, թե ինչ օգուտ կբերի Հայաստանին, իսկ որ ռուսական կողմի համար հստակ շահ կա, դա ուղղակի անզեն աչքով է երևում»:
Խաչատուր Քոքոբելյանը այդ հարցն ավելի շատ դիտարկում է ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական դաշտում:
Նա նաև ասաց, որ ընդդիմությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի հասարակության ավելի լայն շրջանակներ տեղեկացված լինեն, թե իրենք ինչու են դեմ ՄՄ-ին: Այդ հարցում «Ժառանգություն» կուսակցության հետ համատեղ քայլերով հնարավոր հանդես գալը Քոքոբելյանը հերքեց: «Նրանց մոտեցումը լրիվ այլ է, ՀՀ-ում կան քաղաքական գործիչներ, որ այդ հարցը կապում են Ղարաբաղի անկախության ճանաչման հետ, սակայն դա այլ հարթության վրա է: Ես վստահ չեմ, որ այսօր, ենթադրենք, Ռուսաստանի կողմից, առավել ևս Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը կխոչընդոտի Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը, ես չեմ գտնում, որ ՀՀ-ն պետք է այս պահին, այս փուլում ճանաչի Ղարաբաղի անկախությունը»,- ասաց նա՝ հավելելով, թե միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա շատ լուրջ հարց է, չի կարելի կապել ՄՄ-ի կամ Ասոցացման համաձայնագրի հետ:
ՄՄ-ին անդամակցելու՝ ՀՀ նախագահի որոշման վրա ռուսական կողմից ճնշումներ կիրառելու մասին Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Ինչքան էլ որ ասեն, թե ՀՀ-ն ինքնակամ է գնում Մաքսային միություն, միևնույնն է, այդ կարծիքները հիմնավորված չեն, որովհետև ունենք բազում դեպքեր, երբ ռուսական մամուլում ռուսական նախկին չինովնիկների, նախկին և գործող դիվանագետների այդ հարցում հանդես եկան, և իրենց հայտարարություններում ուղղակիորեն ուղղորդում էին»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: