International Business & Technical Consultants/ INC կազմակերպության ներկայացուցիչ, քաղաքագիտական հարցերով խորհրդատու Մերիլին Էվանսը USAID-ի նախաձեռնությամբ այսօր հանդիպեց «ԱզատԴեմոկրատներ» կուսակցության երիտասարդական միության անդամների հետ: Հանդիպման նպատակն էր լսել կուսակցության երիտասարդ անդամների գնահատականները «Ժողովրդավարության ազգային ինստիտուտի» (NDI) կազմակերպած առաջնորդության դասընթացների վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ կուսակցության երիտասարդական միության քսան անդամներ մասնակցում են առաջնորդության դասընթացներին:
Երիտասարդները Էվանսի հետ հանդիպման ժամանակ բարձր գնահատեցին այդ դասընթացների դերն ու արդունավետությունը, նշելով, որ այնտեղ բավականին գիտելիքներ են ստանում, ինչպես նաև ձեռք են բերում ընկերներ ի դեմս այլ կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների: Կարևորվեց այն հանգամանքը, որ թեև քաղաքական գործընթացներում տարբեր կուսակցությունների ղեկավար կազմերի միջև չկա հանդուրժողոկանություն և փոխըմբռնում, սակայն նույն այդ կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները NDI-ի դասընթացների շրջանակում կարողանում են մեկ ընդհանուր հայտարարի գալ և թիմային աշխատանք են իրականացնում: Այս փաստը, ըստ երիտասարդների, կարևոր է նրանով, որ հենց երիտասարդներն են Հայաստանի վաղվա քաղաքական օրակարգը կերտողները:
Մերիլին Էվանսը հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունեն «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության երիտասարդ անդամները 2012-ի խորհրդարանական ընտրություններից: Երիտասարդները նշեցին, որ կուսակցությունը անպայման մասնակցելու է ընտրություններին և անելու է հնարավորը դրանք ազատ և արդար անցկացնելու համար: Նրանց կարծիքով, այդ նպատակին հասնելու համար կարևոր է համագործակցությունը այլ շահագրգիռ կուսակցությունների հետ, որպեսզի ընտրատեղամասերում լինի խիստ վերահսկողություն և թույլ չտրվի որևէ խախտում: Երիտասարդները շեշտեցին, որ կուսակցությունն ունի մարդկային և ծրագրային այն բոլոր ռեսուրսները, որն անհրաժեշտ է խորհրդարանում ըստ արժանվույն ներկայացված լինելու համար, ինչն էլ կնպաստի արդեն իսկ պատրաստ ծրագրերի իրականացմանը` օգտագործելով խորհրդարանական ամբիոնը: Որպես Հայաստանի զարգացման ապագա երիտասարդները առանձնացրին կուսակցության տնտեսական ծրագիրը, որում կան հստակ լուծումներ և ուղենիշեր Հայաստանը դեպի զարգացում տանելու առումով: Երիտասարդները նաև խոսեցին «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության այն ծրագրի մասին, որն ենթադրում է ուսանողական վարձավճարի վարկավորում: Նրանք տեղեկացրին, որ այդ ծրագրի համաձայն, ոչ թե ուսանողն է ստիպված լինելու բանկից վարկ ստանալ իր ուսման դիմաց վճարելու համար, այլ բուհը պետք է ունենա մեխանիզմներ այդ վարկավորումն իրականացնելու, ինչն էլ կհեշտացնի այդ գործընթացը և ուսանողին հետ կպահի ավելորդ քաշքշուկներից: Երիտասարդները հույս հայտնեցին, որ այդ դեպքում ուսում ստանալու ցանկություն ունեցող, իրապես խելացի ու կարող երիտասարդները կկարողանան ստանալ կրթություն և կախում չեն ունենա այս կամ այն «բարերարից»:
Մերիլին Էվանսը տպավորված էր «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության երիտասարդների հետ հանդիպումից և շեշտեց, որ ինքը հանդիպել է նաև այլ կուսակցությունների երիտասարդների հետ, սակայն չի տեսել այն ակտիվությունն ու հետաքրքիր քննարկումը, ինչը կար «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունում: Նա հորդորեց երիտասարդներին շարունակել նույն տեմպով և ակտիվորեն աշխատել, և ընդգծեց, որ երիտասարդների նման ակտիվությունը խոսում է այն մասին, որ կուսակցության ղեկավարները կարևորում են երիտասարդների դերը քաղաքական գործընթացներում և նրանց ազատ գործելու հնարավորություն են տալիս:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն
30 նոյեմբերի 2011թ.