This post is also available in:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ Արևմուտքը, ի դեմս նաև Միացյալ Նահանգների, վերջին տարիներին հետամուտ է եղել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն և ներդրումների ծավալներն ավելացնելուն:
Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին՝ կապված Հայաստանում ամերիկյան հնարավոր ներդրումների մասին, Քոքոբելյանը նկատեց՝ դեսպանը շարունակում է ՀՀ-ում ԱՄՆ վարած քաղաքականությունը՝ աջակցել ներդրումների ծավալների մեծացմանը:
«Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, հատկապես Միլսի դեսպանության ժամանակահատվածում, որ իրենց համար գերակա ուղղություն է համարվում Հայաստանում ներդրումների ավելացման խնդիրը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ ԱՄՆ կառավարությունը դիտարկում է, թե ինչ միջոցներով ու ճանապարհով կարող է աջակցել ՀՀ կառավարությանը: «Դիտարկում ենք հնարավոր ուղիները, և դա կարող է ներառել ֆինանսավորման ծավալների ավելացում, որը աջակցության տեսքով հատկացվում է Հայաստանին՝ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ այլ պետական կառույցների կողմից»,- ասել էր նա: Նաև ավելացրել էր, որ դեռ վաղ է համարում խոշոր ներդրումների մասին խոսելը: Նրա գնահատմամբ՝ կոռուպցիան և բոլոր տնտեսավարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Միևնույն ժամանակ ողջունել էր՝ կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ներկայիս գործողությունները. «Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից»,- ասել էր նա:
Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ իր կարծիքով, այժմ, ավելի քան երբևիցե, Հայաստանում թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը հետևողական են կոռուպցիոն գործընթացների բացառման հարցում:
«Տարիների ընթացքում է այդ պահանջը ձևավորվել․Հայաստանի Հանրապետության քաղաքացին լիիրավ գիտակցում է՝ կոռուպցիան է թիվ մեկ խոչընդոտը, որի պատճառով ինքն ունեզրկվում է իր հնարավորությունների իրացման տեսանկյունից: Եվ բնականաբար ոչ հավասար մրցակցային պայմանների առկայության փաստը ներքաղաքական դաշտում, տնտեսական մրցակցության բացակայությունը խոչընդոտում են թե՛ տնտեսության, թե՛ երկրի զարգացմանը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ԱՄՆ դեսպանն ասել է, որ վաղ է համարում խոշոր ներդրումների մասին խոսելը, գուցե չեն շտապում իշխանափոխությունից հետո Հայաստանին աջակցել, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Ես դեսպանի հայտարարության մեջ նման շեշտադրում չեմ տեսնում, թե շտապում կամ չեն շտապում: Հայաստանում սկսվածը նոր պայքար է կոռուպցիայի, մենաշնորհների դեմ: Ես լիահույս եմ, որ ողջամիտ ժամկետում մենաշնորհների հետ կապված շատ-շատ բաներ հասկանալի կլինեն: Եվ դա ոչ միայն Հայաստանի, այլ նաև Հայաստանում գտնվող բոլոր ինստիտուտների խնդիրն է, քանի որ Հայաստանի նման փոքր երկրի դեպքում, նման մենաշնորհների առկայության պայմաններում տնտեսությունը զարգացնել հնարավոր չէ»:
Ժողովրդավարության զարգացման՝ մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարում, ըստ նրա, պետք է ներգրավված լինեն ոչ միայն իշխանությունները, այլ նաև երկրի բոլոր քաղաքական և հասարակական ինստիտուտները:
Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ այդ պայքարը պետք է վերաբերի նաև Հայաստանում բնական մենաշնորհների ոլորտի կարգավորմանը: «Հայաստանում կան բնական մենաշնորհներ, օրինակ՝ էներգետիկայի, գազի, կոմունիկացիայի ոլորտները, որտեղ շատ աշխատանք կա անելու և վերանայման ենթակա շատ հարցեր կան»,- ասաց նա:
Մինչ իշխանափոխությունը, ըստ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահի, եղել է ոչ թե ժողովրդավարություն, այլ ժողովրդավարության իմիտացիա: «Սա պետք է ֆիքսենք: Գաղտնիք չէր, որ Հայաստանը կոռումպացված է եղել, որ այստեղ մենաշնորհներ են եղել, և այսօր քայլեր են ձեռնարկվում ջարդելու այդ մթնոլորտը: Դեռ քայլեր են անում: Այս առումով՝ պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ օտարերկրյա ներդրողների համար, որոնց ցանկացած հիմնած արտադրություն գործ ունի էլեկտրաէներգիայի և գազի հետ, Հայաստանը մի երկիր է, որտեղ նշված ոլորտների մենաշնորհը Ռուսաստանինն է: Եթե մենք ցանկանում ենք հարաբերվել աշխարհի հետ, պետք է մեզ համար պարզաբանենք, թե աշխարհաքաղաքական որ բևեռի հետ ինչ հարաբերություններ ունենք և ինչպիսի արտոնություններ ենք տալիս այս կամ այն բևեռին: Ես միշտ նշել եմ և այժմ էլ կկրկնեմ, որ Հայաստանը պետք է շարժվի միմիայն մեր պետության շահերից ելնելով»,- ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ այս պայմաններում այլ մենաշնորհների մասին, օրինակ՝ «անձեռոցիկից» խոսելն այնքան էլ լուրջ չէ: «Պետք է խոսենք այնպիսի մենաշնորհների մասին, որոնք տնտեսության ողնաշարն են: Եվ այստեղ թե՛ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, թե՛ քաղաքացիները ակնհայտորեն իրենց իսկ շահերից ելնելով՝ հստակ քայլեր ունեն ձեռնարկելու: Դա անհրաժեշտ է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման համար, տնտեսության զարգացման, մրցակցություն ապահովելու համար»,- ասաց նա:
Քոքոբելյանը նաև ընդգծեց՝ օտարերկրյա ներդրումները, որպես կանոն, քաղաքական գործընթացների շարունակությունն են, չնայած երբեմն տնտեսական խիստ հետաքրքրությունը միմյանց նկատմամբ իր ազդեցությունն է ունենում նաև երկրների քաղաքական հարաբերությունների վրա:
«Պետք է կարողանանք աշխարհին լուրջ ծրագրեր առաջարկել՝ անկախ ամեն ինչից»,- ասաց նա և հավելեց, որ ԱՄՆ-ը շահագրգիռ է ներդրումների ծավալն ավելացնելու հարցում:
«Դա ընդհանրապես Հայաստան-Արևմուտք շահերից է բխում: Հայաստանի նման երկրները պետք է պարզապես կարողանան իրենց առաջարկները ճիշտ ներկայացնել: Նկատի ունեմ նաև ներդրումների առումով՝ պետք է շահագրգռել, դառնալ ցանկալի հարթակ ներդրումների համար,- ասաց նա՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների կողմից այդ ուղղությամբ կատարվող քայլերը նկատելի են, մասնավորապես ձեռնարկվում են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլեր, մենաշնորհների վերացման մասին խոսվում․ «Բայց ես ինքս կարծում եմ, որ մենաշնորհների վերացման ոլորտում դեռ շատ անելիքներ կան անելու»: