Ազատ Դեմոկրատներ Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին այսօր Բրյուսելում ԱլԳ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան–ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:
Tert.am- ի հետ զրույցում Խաչատուր Քոքոբելյանը ասաց, որ համաձայնագրի ստորագրումն ինչ-որ առումով համարում է պատմական իրադարձություն՝ ՀՀ –ԵՄ համագործակցության դաշտում:
Գնահատելով ԵՄ-ի հետ նման առանցքային փաստաթուղթ ստորագրելու Հայաստանի երկրորդ փորձը, որն այսօր արդեն իրականություն է, ԱԴԿ նախագահն արձանագրեց հետևյալը.«Բնականաբար, սա այն առավելագույնը չէր, որն, ըստ իս, կարող էր ունենալ Հայաստանը, բայց առնվազն բավարար հենակետ էր: Եվ սա կլինի առաջին հանգրվանը, որ Հայաստանը, որպես հենակետ օգտագործելով, էլ ավելի կխորացնի Հայաստան –Եվրամիություն համագործակցությունը՝ ողջ ասպեկտներով: Ոչ միայն քաղաքական համագործակցության, այլ նաև տնտեսական, անվտանգության, ինչու ոչ, և նաև ամենաէական խնդիրների առումով: Դրանք առնչվում են Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, մարդու իրավունքներին, արդարադատության հիմնարար սկզբունքներին և արդարադատության իրական հաստատմանը: Հավատացած եղեք,այն արևմտյան ստանդարտները, որ առկա են և առնչվում են բիզնես միջավայրի, արդարադատության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատություններին, գոնե մինչ այս պահը մարդկության կողմից հաստատված ու կիրարկվող լավագույն մեխանիզմներ են»:
Հիշեցնենք, որ համաձայնագրում անդրադարձ է կատարել նաև Ղարաբաղյան հակամարտությանը, որտեղ մասնավորապես, նշվում է.
«Ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են սպառնալիքից կամ ուժի կիրառումից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և անձանց հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընդունված բոլոր հռչակագրերում. հաշվի առնելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառությունը»։
Արդյո՞ք փաստաթղթում տարածքային ամբողջականության մասին հիշատակումը չպետք է մթագնի այս լավատեսությունը, Խաչատուր Քոքոբելյանը փաստաթղթի այս հատվածում որևէ վտանգավոր բան չի տեսնում ու ընդգծում է. «Բազմիցս շեշտվել է և այսօր էլ ամրագրվեց, որ արցախյան հիմնախնդրի լուծման հարթակը մնում է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը, և այն սկզբունքները, որ ամրագրված են, եղել են բանակցային ողջ գործընթացում, և այս փաստաթուղթը որևէ բացասական ազդեցություն չի կարող ունենալ:
Ավելին՝ վստահ եմ, որ նմանատիպ համաձայնագրերը հնարավորություն են տալու առաջիկայում Արցախի միջազգային ճանաչման համար, որովհետև ոչ ավել, ոչ պակաս, արցախցի մեր հայրենակիցները պայքարում են մարդու ամենահիմնարար ազատությունների համար: Այսինքն՝ազգերի ինքնորոշման խնդիրը կարևորագույն իրավունքներից մեկն է», -ամփոփեց ԱԴԿ նախագահը:
Անուշ Դաշտենց