Պարոն Քոքոբելյան, ԱԺ վավերացմանն է ներկայացված ՀՀ-ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։ Ինչպե՞ս կգնահատեք այն։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի հետ կապված միանգամից ասեմ, որ այն անընդունելի եմ համարում` առնվազն մի քանի կարևորագույն խնդիրներից ելնելով:
Առաջին՝ այն զրկում է մեզ մեր սեփական հակաօդային համակարգի զարգացման հնարավորությունից և շատ ակնհայտ իրողություն է այսօր, որ դրա զարգացման, այդ համակարգերին ինքնուրույն տիրապետելու ուղղակի անհրաժեշտություն և օրվա հրամայական ունենք՝ ինչը ցույց տվեցին նաև ապրիլյան պատերազմական գործողությունները: Այդ համաձայնագրի 6-րդ հոդվածով նշվում է, թե ով ինչ պարտավորություններ է ունենալու ՀՕՊ միավորված համակարգերի ղեկավարման ընթացքում և այն էլ ոչ հստակ ձևակերպմամբ: Դա ոչ թե խմբագրական բացթողում է, այլ հստակ բովանդակային լղոզվածություն: Հստակ տարանջատում չկա ղեկավարման հետ կապված, մասնավորաբար գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը առանձին ենթակառուցվածքների առումով ունենալու է ղեկավարում, բայց նաև նշված է, որ ռուսական կողմը, ռուսական հակաօդային ուժերի հրամանատարությունն է իրականացնելու միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարումը:
Երկրորդ խնդիրն այն է, որ մենք սահմանափակում ենք մեր հակաօդային համակարգերի զարգացման հնարավորությունները՝ հանձնելով երկրորդ կողմին: Ինչու եմ այդպես նշում, որովհետև մինչև այս պահը որևիցե փաստաթուղթ, որը վավերացվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև, ռազմական փոխօգնությունից և ռազմավարական գործընկերությունից սկսած, որպես կանոն, չի աշխատել ի օգուտ Հայաստանի: Այսինքն մինչ օրս մենք չենք տեսել այդ համագործակցության ոլորտում շոշափելի օժանդակություն թե՛ նյութատեխնիկական առումով՝ գործնական և շոշափելի օգնության առումով, և թե՛ հայտարարությունների մակարդակով՝ երբ օրինակ 2014 թվականի ամռանը Հայաստանի Հանրապետության պետական սահմանը գնդակոծվում էր, երբ խաղաղ բնակչության շրջանում զոհեր էինք ունենում ականատեսն եղանք ՀԱՊԿ-ի ոչ համարժեք հայտարարություններին կամ հաճախ էլ դրանց բացակայությանը:
Այս համաձայնագիրը նաև սահմանափակում է երրորդ կողմի երկրների և դրանց անվտանգության համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության անկաշկանդ համագործակցությունը, այդ թվում՝ ընդհանուր պաշտպանական համակարգերի հետ կապված և ինչու ոչ հենց օդային:
Մյուս կարևոր հանգամանքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է՝ այս փաստաթղթով մենք ևս մեկ անգամ անջրպետ ենք մտցնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգերի միջև: Այսինքն մենք այս փաստաթղթով ինքնակամ տարանջատում ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգերը, ինչն անընդունելի է, քանզի հստակ է բոլորի համար, որ մենք միևնույն անվտանգության համակարգն ունենք: Ես ցավով պետք է նշեմ, որ այդպիսի բացթողում և նման մի տարանջատում էլ եղավ ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցման պարագայում, ընդ որում այստեղ քիչ կարևոր եմ համարում Եվրասիական տնտեսական միությանը իմ դեմ լինելու հանգամանքը, այլ այստեղ առավել կարևոր է այն, որ նույնիսկ եթե պետական մակարդակով այդ գործընթացը մեկնարկվեց և անդամակցեցինք ԵԱՏՄ-ին, ապա այդ դեպքում գոնե Լեռնային Ղարաբաղը որպես տնտեսական տարածք պետք է ամրագրած լինեինք պայմանագրով և դա պետք է դիտարկվեր Հայաստանի հետ որպես մեկ միասնական տարածք:
Մենք դեմ ենք այս պայմանագրին և բնականաբար ես դեմ եմ քվեարկելու: Այդ պայմանագրի վավերացմամբ կսահմանագծվի Հայաստանի արդեն վաղուց սահմանագծված օդային տարածքը, բայց խնդիրն օդային տարածքը սահմանագծելու մեջ չէ, այլ այն, որ այս պայմանագրի վավերացմամբ կսահմանագծվի ՀՀ անվտանգության համակարգը, որը գործելու է միայն Հայաստանի Հանրապետության համար և իրավական առումով չի տարածվելու Լեռնային Ղարաբաղի վրա: Դա անթույլատրելի է բոլոր առումներով:
Մեկ այլ վտանգ ևս կա այս համաձայնագրում՝ նույն ռուսական կողմը, թեկուզ թղթի վրա լինելով մեր ռազմավարական գործընկերը, կարող է այդ համակարգը գործածել մեր հարևան երկրների նկատմամբ, որը մեր շահերից չի բխում: Այսինքն տեսեք ինչքան կարևորագույն ռազմավարական խնդիրներ կան, որոնք չի կարելի այդ մակարդակով մեկնաբանել և ուղղակի անթույլատրելի է: Սա համարում եմ ինքնիշխանության այն կարևորագույն ատրբուտներից մեկը, որը փաստորեն կամավոր զիջում ենք Ռուսաստանին: Հուսանք, որ դա տեղի չի ունենա: Ամեն դեպքում պարտավոր ենք անել ամեն ինչ, որ դա տեղի չունենա:
Այսինքն, Պն-ի տրամադրած պարզաբանում այդ համաձայնագրի վերաբերյալ Ձեզ ընդհանրապես չի՞ համոզել:
Բնականաբար ոչ միայն չի համոզել այլ ավելին իմ մտահոգությունները ավելի են խորացել: Այսպես թե այնպես մենք բոլորս էլ գիտեինք, որ դա չի տարածվելու Լեռնային Ղարաբաղի հակաօդային անվտանգության պաշտպանության վրա, բայց այս փաստաթղթով դա ևս մեկ անգամ ամրագրվում է: Ես չեմ կարծում, որ կա որևիցե մեկը, որ կասկածում է, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիրը մեկ միասնական խնդիր է և որևիցե մենք իրավունք չունենք վավերացնելու որևէ մի փաստաթուղթ, որը տարանջատում է մտցնում ՀՀ և ԼՂՀ անվտանգության համակարգերի միջև: Եվ վերջապես մեկ անգամ էլ եմ ուզում կրկնեմ, որ սա ՀՀ-ին զրկում է հակաօդային պաշտպանության համակարգը զարգացնելու հնարավորությունից։
Հարցազրույցը՝ Armtimes.com-ի։