ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերը կարող են հաղթանակ տոնել, եթե կոալիցիա կազմեն: Նա նաև նշեց, որ համագործակցության առաջարկություն է արել «Ազատ դեմոկրատներ», «ՀԱԿ», «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ կուսակցություններին:
Panorama.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ, վարչության անդամ Անժելա Խաչատրյանը նշեց, որ ընդդիմադիր դաշտի համախմբումը, ինչի մասին խոսել է Բագրատյանը, ինքնին դրական երևույթ է, սակայն պակաս կարևոր չէ նաև հաշվի առնել թե ինչքանով են համատեղելի համախմբվող ուժերը։
«Ազատ դեմոկրատներ կուսակցությունը միշտ խոսել է այդ մասին, որ համախմբումը պետք է լինի ընդհանուր գաղափարական հենքի վրա, այսինքն տվյալ ուժերի պատկերացումները թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական ու աշխարհաքաղաքական մարտահրավերների շուրջ պետք է համընկնեն»,-ասաց Ա. Խաչատրյանը:
Նա նաև մանրամասնեց, ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի հրավերին, ապա եղել է ոչ թե հրավեր, այլ քննարկումներ և ոչ միայն Բագրատյանի, այլև այլ քաղաքական ուժերի ու անհատների հետ։
«Այդ քննարկումներն եղել են ու ընթացքի մեջ են, դրանք նոր չէ որ սկսվել են և մեկ օրվա խնդիր էլ չէ՝ մենք ուզում ենք համախմբենք իրապեա ազատական մտածողությամբ անհատների և ուժերի»,-ասաց Անժելա Խաչատրյանը: