Երեկ ԱՄՆ դեսպանությունը տարածեց հերթական հայտարարությունը՝ դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված: Այս հայտարարությունում, սակայն, ամերիկյան դեսպանատունը հստակ զգուշացնում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի համար դեսպանատան հայտարարությունն օրինաչափ է:
«Ի տարբեություն շատերի՝ ես այդ հայտարարությունը համարում եմ օրինաչափ և տեղին: Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որ ֆինանսական առումով, կոռուպցիայի դեմ աջակցման ծրագրով, ժողովրդավարության հաստատման ծրագրով ամենամեծ աջակցությունն է ցուցաբերել ՀՀ-ին: Չկա մեկ այլ երկիր , որն այդքան օժանդակություն ցուցաբերած լինի ՀՀ-ին, որքան ԱՄՆ-ն»,- մեզ հետ զրույցում նշեց Խաչատուր Քոքոբելյանը:
ԱԺ պատգամավորի կարծիքով՝ մեր իրավապահ մարմիններն ու իշխանությունները չպետք է այդ հայտարարությանը նայեն մատների արանքով, հակառակը՝ պետք է հստակ հետևություններ անեն:
«Պետք է անաչառ քննություն անցկացվի և բոլոր ընտրախախտումների հեղինակները պատժվեն»,- ասաց Քոքոբելյանը:
Ըստ նրա՝ դա դաս կլինի, որ ընտրախախտումների հեղինակները «խորը շունչ քաշեն», հետո փորձեն խախտումներ անել:
«Մարդու ամենակարևոր իրավունքի՝ ընտրության իրավունքի իրացումը ձևախեղելը ամենամեծ հանցագործություններից մեկն է ՀՀ քաղաքացու նկատմամբ»,- ընդգծեց պատգամավորն ու հավելեց .«ԱՄՆ-ն կարծում եմ՝ հետևողական է լինելու և եթե հայտարարությանը համապատասխան արձագանք չլինի՝ կհետևեն սև ցուցակներ, իսկ դա այս պահին շատ շատերին է դա մտահոգում»: