Պարոն Քոքոբելյան, պարզվեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու հրավերը ԵՏՄ անդամ երկրներից Ղազախստանի ու Բելառուսի նախագահները չեն ընդունել, և միայն ՌԴ նախագահը կմասնակցի այդ միջոցառումներին: Սա ի՞նչ է նշանակում:
Նախ առաջինը, անկախ ամեն ինչից, պետք է շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդիկանց, ովքեր այդ կապակցությամբ գալիս են Հայաստան: Լավ կլիներ, որ այցելողները, որպես կանոն, այնպիսի երկրների նախագահներ լինեին, որոնք ժողովրդավար երկրներ են և որոնց համար մարդու իրավունքները գերակա խնդիր են: Մի շատ կարևոր հանգամանք կա այստեղ, որը չենք կարող չփաստել՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է և որպես ցնցուն փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր գտնվում է մի տնտեսական ասեմ, քաղաքական ասեմ, միության մեջ, որտեղ պարտադրված է գնացել: Ես միշտ նշել եմ, որ դա քաղաքական միավոր է, դա պուտինյան ռեժիմին հարմարեցված միություն է՝ անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ինչպիսի անուն կդրվի այդ կառույցին: Միշտ գտել եմ, որ Հայաստանը պարտադրված է գնացել այդ միություն, նկատի ունեմ, որ դա հայ ժողովրդի ընտրությունը չի եղել, որովհետև երբեք այդ քննակումը հայ ժողովուրդը չի ունեցել: Այդպես էլ մենք չենք իմացել, թե ինչ ենք կորցնում Ասոցացման պայմանագրին միանալու դեպքում, ինչ ենք շահում այստեղ գալով: Ավելին, այս կարճ ժամանակահատվածում, երբ խոսվեց տնտեսական ձեռքբերումների, 170 մլն-ոց շուկայի և այլնի մասին, դա ի չիք դարձավ:
ԵՏՄ անդամ երկրների նախագահների չմասնակցությունն առաջին հերթին չեմ համարում կորուստ մեզ համար, որովհետև մեկ ավտորիտար պետության նախագահի մասնակցությունն այդ ոգեկոչման արարողությանը չեմ կարծում, որ էական մեսիջ կլիներ աշխարհին: Բայց կա մի շատ կարևոր հանգամանք՝ իրենք իրենց այդ արարքով ցույց տվեցին իրենց ոչ ադեկվատ և ոչ լուրջ ու հարգալից վերաբերմունքն առաջին հերթին հենց Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, որի ճարտարապետներն էին համարում իրենք իրենց: Այսինքն՝ դե ֆակտո հերթական անգամ ապացուցվեց, որ այդ կառույցը ձևական է, արժեք չունի ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ մշակութային, ոչ ռազմական ոլորտներում: Նույն ռազմական առումով մենք ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում մեր հակառակորդ երկրների ու այդ երկրների հարաբերությունների զարգացման հարցում, ինչ արագությամբ է այդ զարգացումը գնում, ինչպիսի տեմպերով են զենք վաճառում մեր հակառակորդին: Եվ ուզում եմ հերթական անգամ փաստել, որ այսօր՝ 100-ամյա տարելիցի միջոցառումների ֆոնին, Ադրբեջանին զենքի առաջին մատակարարը Ռուսաստանն է, երկրորդը՝ Բելառուսը: Այլ վերաբերմունք ակնկալելն արդեն մեր կողմից ադեկվատ չէր լինի: Շատերը խոսում են այն մասին, որ տեսեք, Պուտինը նախընտրեց Հայաստանը, ոչ թե Թուրքիան: Դա շատ մակերեսային մոտեցում եմ համարում մի պարզ պատճառով, որովհետև ռուս-թուրքական համագործակցությունը և տնտեսական ոլորտում, և գազի գնի հետ կապված, ռուս-ադրբեջանական ռազմական համագործացությունը զուտ մասշտաբային առումով համեմատելի չէ շատ հարցերում մեր ու Ռուսաստանի միջև համագործակցությանը: Այսինքն՝ եթե մնում են միայն, ինչպես մեր ժողովուրդն է ասում, բարոյական հաղթանակները կամ բորսայական հայտարարությունները, ապա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահներն անգամ դա չապահովեցին:
Ապրիլի 24-ին ՌԴ-ից բարձրաստիճան անձանցից բաղկացած պատվիրակություն է գնում Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի հաղթանակի միջոցառումներին: Այնինչ հայտնի է, որ Թուրքիան դիտավորյալ կազմակերպեց այդ միջոցառումը՝ ստվերելու հայաստանյան միջոցառումները:
Այս փուլում մեծ դեր ունեցավ թուրքական հակաքարոզչությունը: Իմ համոզմամբ՝ Թուրքիան սխալը սխալի հետևից արեց, փակուղային քաղաքականությամբ առաջնորդվեց և կարծես թե իրեն մտցրել է փակուղի: Պետք է փաստենք, որ, նորից եմ կրկնում, ռուս-թուրքական հարաբերություններին չի կարելի այդքան մակերեսորեն մոտենալ ու համարել, որ Պուտինի կողմից այնտեղ այց չկատարելը նսեմացնում է այդ հարաբերությունները: Հակառակը, ինքը Հայաստան այցելությամբ նաև ցույց է տալիս իր դիրքորոշումը որոշակի հարցերում և զուգահեռ սրընթաց առևտրատնտեսական հարաբերություններ է զարգացնում Թուրքիայի հետ: Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանն այսօր այնպիսի վիճակում է գտնվում, որ իր համար ցանկացած երկիր, ցանկացած հենակետ շատ կարևոր է, որովհետև կարծես թե քաղաքակիրթ աշխարհի դեմ մնացել է մենակ: Պուտինն ամբողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ է գործում այսօր: Տեսեք թե ինչ աստիճան ենք մենք հասել և ինչ քաղաքակրթական համակարգ ենք ընտրել:
Կարծում եմ, որ սա պետք է մեր հասարակության, առաջին հերթին քաղաքական գործիչների համար մեծ դաս լինի, որ այլևս հայ-ռուսական գոյություն չունեցող հարաբերությունների զարգացման հարցով չզբաղվեն և ավելի իրատես լինեն: Հարյուր տարի առաջ էլ Ռուսաստանն այդ ոճրագործության ժամանակաշրջանում առաջորդվել է իր շահով, այսօր էլ շարունակում է առաջնորդվել իր շահով: Բավ է, պետք է մենք գիտակցենք, որ հայ ժողովուրդն ունի իր առանձին հետաքրքրությունները, իր քաղաքական շահը, պետք է դա գիտակցել, չհակադրել գերտերություններին, բայց կարողանալ մեր լուծումները գտնել:
Հայաստանի ընտրած ուղին՝ ԵՏՄ–ին անդամակցությունըդեր խաղա՞ց այն հարցում, որ քիչ երկրների նախագահներընդունեցին Սերժ Սարգսյանի հրավերը:
Եվրոպայի կողմից Ցեղասպանության վերաբերյալ միաձայն ընդունված բանաձևը փաստեց, որ եվրոպական երկրները, ծայարհեղ դեպքում իրենց ներկայացուցիչների միջոցով, միաձայն արտահայտվեցին այդ ոճրագործությունը դատապարտելու հարցում: Բայց քաղաքակրթական այցելությունների առումով դա չէր կարող որոշակի դեր չունենալ: Բայց չեմ կարծում, որ դա էական է, որովհետև եվրոպական ամենակարևոր երկրներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահը իր մասնակցությունն է բերում այդ միջոցառումներին: Եվ եթե ուշադիր ենք լինում, նմանատիպ զգայուն թեմաներում ավելի շատ դեր են ունենում իրենց ներքին խնդիրները, սփյուռքը և այլն:
Այս փուլում Հայաստանը բանակցում է ԵՄ հետ նորփաստաթուղթ ստորագրելու համար: Ի՞նչ եք կարծում,որքանով կհաջողվի այս գործընթացը բարեհաջող ավարտինհասցնել՝ հաշվի առնելով Հայաստանի այսօրվակարգավիճակը:
Որքանով մենք տեղեկացված ենք, այս հարցում կա հստակ մոտեցում: Բարեբախտաբար Եվրոպան օբյեկտիվորեն հասկացավ, որ Հայաստանի առաջ դռներ փակելու խնդիր ու դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև դա անելով՝ Հայաստանին կմղեն դեպի այլ քաղաքակրթություն: Ցավոք սրտի, չեմ կարծում, թե էական փաստաթուղթ կստորագրվի, հայտարարությունների մակարդակով դա կարծես թե նշվել է: Կամրագրվի այն, ինչ մենք անցել ենք, այդ բանակցային փուլը երեք ու կես տարվա, որպեսզի լրիվ ջուրը չլցվի, գոնե փաստաթղթի տեսքով լինի: Եվրոպական կողմը հայտարարեց, որ ինչ-որ մանդատ կձևավորվի, որպեսզի հնարավորություն ստեղծվի առաջիկա ելակետային աշխատանքների համար: Այդուհանդերձ, ակնհայտ է դառնում հերթական անգամ, որ մեր ուղղությունը եվրոպական քաղաքակրթական ուղղվածությունն է՝ թե տնտեսական, թե արժեհամագարի առումով: Այլ արժեհամակարգ չի կարող Հայաստանն այս վիճակից հանել: Իսկ առանց արժեհամակարգի ներդրման ուղղակի ոչինչ անել հնարավոր չէ:
lragir.am