ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ստորագրելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Հայաստանի զարգացման հեռանկարը հարցականի տակ դրեցին:
Այդ պայմանագրի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության անպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն և ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։
Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների իրականացումն է և նպատակ ունի ինքնիշխանությունից զրկել նախկին հետխորհրդային երկրներին՝ դրանով իսկ համաշխարհային հանրությանը ցույց տալով իր թվացյալ ուժը։
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է ի դեմս Սերժ Սարգսյանի` ՀՀ իշխանությունների կատարած նման քայլը, քանզի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն իրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անկախությանն ու ինքնիշխանությանը, սա պետականության դեմ ուղղված քայլ է։
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը հակասում է 1990 թ. օգոստոսի 23–ին ընդունված Անկախության հռչակագրին, որում հստակ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ»:
Այս պայմանագրի ստորգրումը նաև հակասահմանադրական քայլ է, քանզի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114–րդ հոդվածի համաձայն` «Սահմանադրության 1–ին, 2–րդ և 114–րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։
2013թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում Եվրասիական տնտեսական միության կողմնակիցների հիմնական փաստարկն այն էր, թե այս միությանն անդամակցելով ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգությունը երաշխավորված է լինելու, սակայն հայ-ադրբեջանական սահմանին ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին բացառապես հարձակողական տիպի ռազմատեխնիկայի վաճառքը ցույց տվեցին այդ փաստարկի սնանկությունը: Ուստի անընդունելի ենք համարում այս քայլը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտնագությամբ քողարկելու միտումները, քանզի ավելի մեծ հարված ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, քան Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերի թուլացումն է, հնարավոր չէ պատկերացնել։
Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը կարող է լինել միայն զարգացման հեռանկար ունեցող, միջազգային հարթակում վստահություն առաջացնող Հայաստանի Հանրապետությունը` իր մարտունակ բանակով: Ցավոք, ՀՀ իշխանությունները, ստորագրելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, փաստացիորեն, հարցականի տակ դրեցին մեր պետության և՛ զարգացման հեռանկարը, և՛ միջազգային վարկն ու հեղինակությունը։
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
10 հոկտեմբերի, 2014թ.
ք. Երևան