Ազատ դեմոկրատներ կուսակցությունը չի մասնակցի այսօր Ազատության հրապարակում կայանալիք եռյակի հանրահավաքին: Այդ մասին Tert.am-ին տեղեկացրեց Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ, մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը:
Խաչատրյանը նշեց, որ իրենց չմասնակցելու պատճառն այն է, որ հանրահավաքում չի հնչելու Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցով որևէ պահանջ։
«Հոկտեմբերի 10-ին զուգահեռ տեղի է ունենում ԵՏՄ խորհրդաժողովը, որի ժամանակ, հավանական է, որ պետք է ստորագրվի ՀՀ-ի անդամակցության փաստաթուղթը, թեև հակասական կարծիքներ կան՝ ի վերջո կստորագրվի՞, թե՞ չի ստորագրվի, քիչ է մնացել, շուտով կիմանանք վերջնական արդյունքը։ Այնուամենայնիվ, հոկտեմբերի 10-ին նման իրադարձությանը զուգահեռ Հայաստանում անցկացնել հանրահավաք և չխոսել նման կարևոր իրադարձության մասին, չխոսել ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղղվածության մասին՝ ո՞ւր ենք գնում՝ դեպի զարգացում, թե՞ հետընթաց: Կարծում ենք հենց այդ օրը հանրահավք անել և չխոսել ու չբարձրաձայնել մեր երկրի առջև կանգնած գլխավոր մարտահրավերի մասին վկայում է այն մասին, որ այդ հանրահավաքը կտրված է մեր իրականությունից և դրանով երկրի կարևոր հարցերի օրակարգից շեղում է տեղի ունենում»,-ասաց նա։
Հարցին, որ նույնիսկ եթե իշխանափոխության հարց բարձրացվի՞, Անժելա Խաչատրյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ իշխանափոխություն են իրենք պահանջում։ Մենք հետևում ենք իրադարձություններին, և մինչև վերջ էլ քառյակի, հետո եռյակի, գուցե հիմա էլ երկյակի միջև վերջնական կոնսենսուս չկա այդ հարցի հետ կապված՝ ի վերջո պահանջելո՞ւ են իշխանափոխություն, թե չէ, և քանի որ այստեղ էլ հստակ որոշում չկա, որպեսզի գնանք և մենք էլ մասնակցենք, այդ իսկ պատճառով նպատակահարմար չի գտնում կուսակցությունը մասնակցել այդ հանրահավաքին»։