Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ և ՌԴ միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծմանը և այն մեկնաբանություններին, որ այդ խորհուրդը կսպառնա Հայաստանի ինքնիշխանությանը, նշեց. «Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները միտում են ունեցել թուլացնելու ՀՀ ինքնիշխանությունը: Դրա վառ օրինակը ՄՄ անդամակցելու մեր հայտարարությունն էր և արդյունքում տնտեսական հանձնաժողովի հանձնախմբի լիազորությունները, որը ենթադրում է ցանկացած սահմանափակում անդամ պետությունների նկատմամբ` ի նկատի ունեմ բանկավարկային գործունեության հետ կապված, երրորդ կողմի պետությունների հետ առևտրի և մաքսատուրքերի որոշման ժամանակ: Ինչպես բոլորս գիտենք, բարեբախտաբար, ՀՀ սահմանադրությունը արգելում և անթույլատրելի է համարում վերազգային, վերպետական որևէ կառույցի միջամտությունը և դրանց պարտադիր լինելը ՀՀ պատկան մարմինների և քաղաքացիների համար, իսկ այս դեպքում ստացվում է Սահմանադրության կոպիտ խախտում, ինչքան էլ որոշ իրավաբաններ փորձեն դա քողարկել, դա ուղղակի էլեմենտար ճշմարտություն է»:
Պատգամավորի կարծիքով դեկտեմբերի 2-ին կնքված և դեռ կնքվելիք բոլոր համաձայնությունները, գործարքներն ու հայտարարություններն, ինչպես նաև նախագահական խորհրդի ստեղծումը նմանօրինակ գործընթացի շարունակություն են:
Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով այդ գործընթացին նպաստում է նաև ՀՀ-ին պատկանող կարևոր ռազմավարական նշանակության օբյեկտների վաճառքը Ռուսաստանին: Վերջին գործարքի արդյունքում «ՀայՌուսգազարդ»-ը բաժնեմասերի 20 տոկոսը հանձնեց Ռուսաստանին: «Մենք բազմաթիվ անգամներ պաշտոնապես կառավարությունից հարցրել ենք, թե ինչու գազի հետ կապված բանակցություններ չենք վարում Իրանի հետ, և ինչն է պատճառը, որ մենք չենք նպաստում իրանական գազի` Հայաստան մուտք գործելու գործընթացին»,-նշեց Խաչատուր Քոքոբելյանը:
Հիշեցնենք` Հայաստանում Իրանի դեսպան Ռեիսին օրերս հայտարարեց, որ Իրանը կարող է Հայաստանին մատակարարել էժան գազ: Այս դեպքում ի՞նչն է խանգարում մեզ օգտագործել իրանական գազ` հետաքրքվեցինք Խաչատուր Քոքոբելյանից: «Այդտեղ խանգարում է միայն, վստահ եմ, որ իշխանությունն էլ կփորձի դա ասել, որ մենք չունենք ինֆրաստրուկտուրաներ, այսինքն` ՀՀ-ում գտնվող գազի ենթակառուցվածքները այլևս Հայաստանին չեն պատկանում, և եթե մենք իրանական գազը օգտագործենք, որը, ես կարծում ենք, մենք ուշ թե շուտ պետք է բերենք, մենք նոր խնդիրների առաջ ենք կանգնելու: Այսինքն` իշխանության երկարատև անհեռանկար քաղաքականության պատճառով այսօր ՀՀ-ն զրկված է իր ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր օբյեկտների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից»:
Իշխանությունների այն հիմնավորումները, որ 20 տոկոս բաժնետոմսերի հանձնումը 155 մլն դոլար պարտքի դիմաց փոխշահավետ գործարք է կամ թե Հայաստանին ինչ կարող էր տալ այդ 20 տոկոս բաժնեմասը, Խաչատուր Քոքոբելյանի համար անընդունելի են. «Այդ 20 տոկոսը հայկական կողմին հնարավորություն էր տալիս վերահսկելու բոլոր այն ծախսերը ու ծածկագրումները, որոնք որ ներկայացվում էին, օրինակ հաշվարկելու համար, թե հիմնավոր էին այն փաստարկները, որ ներկայացվում էին գնի աճի հետ կապված: Քանի որ կոնկրետ ինձ համար անհասկանալի են այն պնդումները, որ «ՀայՌուսգազարդ»-ը վնասով աշխատող հիմնարկ է, եթե դա այդպես է, ուրեմն այնտեղի բոլոր մենեջերները պետք է ենթարկվեն պատասխանատվության»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստանին գազը ներքին գներով վաճառելու հայտարարության մասին խոսելով` Խաչատուր Քոքոբելյանը հարկ է համարում հիշեցնել, որ Ռուսաստանում գազի 1000 մետր խորանարդի գինը 78.75 դոլար է, իսկ Հայաստանում` 189 դոլար: «Եթե Ռուսաստանը ներքին գներով վաճառի, այս տարբերությունը իշխանությունները որպես ճանապարհածախս չեն կարող ներկայացնել, իսկ թե ճանապարհածախսը ինչպես է գոյանում, մենք որևէ պարզաբանում ՀՀ կառավարությունից չենք ստացել»:
Նաիրա Նալբանդյան