Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը տեղի ունենալիք գագաթաժողովի մասին, նշեց, որ որևէ սպասելիքներ չունի, սակայն ենթադրեց, որ Վիլնյուսում մի փաստաթուղթ կստորագրվի, որի անունը կարող են դնել ինչ ուզում են` արձանագրություն, մտադրությունների մասին պայմանագիր և այլն, բայց փաստաթղթի էությունը լինելու է ընդամենը այն, թե ինչ է արվել այդ երեք ու կես տարիների ընթացքում,այսինքն, ըստ պատգամավորի, կֆիքսվի այն, ինչ արվել է, որպեսզի ապագայում, եթե Հայաստանը փոխի իր մտադրությունները` ԵՄ հետ կապված, բանակցությունները զրոյից չսկսվեն, այլ շարունակվեն կանգ առած կետից:
«Ես իշխանություններից սպառիչ պատասխան այդպես էլ չեմ ստացել, թե ինչու մենք չենք գնում դեպի ասոցացման պայմանագիր, բացառությամբ մի քանի կցկտուր արտահայտությունների` կապված ԼՂ հարցի ու անվտանգության հետ, բայց դա հիմնավոր չի բացատրվել»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը: Նա մեջբերեց Ուկրաինայի նախագահի կոչը իր ժողովրդին , ուր անգամ տողատակերը շատ հստակ էին: Ըստ Խաչատուր Քոքոբելյանի, Ուկրաինան երկու կողմի հետ էլ` ՄՄ-ի ու ԵՄ-ի հետ շուկայական հարաբերություններ է վարում, ասելով, որ իրենց պետք են լավ պայմաններ:
«Ռուսները հայտարարում են, որ Ուկրաինայի համար կվերանայեն գազի գինը , պայմանագրեր, համաձայնագրեր, բայց Հայաստանի համար որևիցե լուրջ առաջարկի ականատեսը չեղանք Ռուսաստանի կողմից»,- ասաց նա: Մեր այն դիտարկմանը, որ ռուսական կողմից որոշ հայտարարություններ կապված են ԼՂ հարցի և անվտանգության հետ, Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց. «Դուք լսե՞լ եք, որ ռուսները Հայաստանի հետ հստակ փաթեթ փաստաթղթային տեսքով ամրագրեն, որ ԼՂ անվտանգությանը սպառնալու դեպքում ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը որպես կողմ ստանձնում են պարտավորություն պաշտպանելու անվտանգության համակարգը, թե չէ ճառերով չես կարող կերակրել ժողովրդին»:
Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ Հայաստանը ցավալիորեն բաց է թողել պահը, երբ կարող էր հանդես գալ պահանջատիրության տեսանկյունից, դա մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածն էր: