Մեր զրուցակիցն է հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ
Անուշ, ինչո՞ւ է ձգձգվում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, սա մեր նկատմամբ վերաբերմունքի՞, թե պարզապես տեխնիկական հարց է:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ քաղաքական վերլուծաբանները, լրագրողները, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում Եվրասիական միության ժամկետի հետաձգման հետ կապված, լուրջ տեղեկություններ ունեն այն մասին, որ Եվրասիական միությունը կայացած տնտեսական ապահովվածություն տվող միավոր է: Ես խիստ կասկածում եմ: Ինձ համար Եվրասիական միությունը բազում ներքին կճռոտ հարցեր ունեցող միավոր է: Լինենք մենք այնտեղ, թե չլինենք, կապ չունի, մենք տեսնում ենք, որ շարունակվում է ներքին հակամարտությունը Եվրասիական միության երեք կետերի՝ Նազարբաևի, Լուկաշենկոյի, Պուտինի միջև, և հնարավոր է, որ մենք այդ առևտրի բոլոր մանրամասներին տեղյակ չենք: Ինչ վերաբերում է մեր անդամակցության հետաձգմանը, ես ուղղակի արտահայտում եմ իմ ցանկությունը՝ կուզենայի ամսեամիս այդ անդամակցությունը հետաձգվեր, մինչև որ հայտարարվեր՝ Եվրասիական միությունը ինչ-ինչ պատճառներով չկայացավ: Մենք ունենք ԱՊՀ ֆորմալ կայացման փաստ, որ այդպես էլ չդարձավ դե ֆակտո միություն:
Մեզ այլևս չի սպառնում միասնական արժույթ, միասնական լեզու կամ միասնական քաղաքացիություն ունենալու վտանգը: Այդ երեք բաղկացուցիչները պետականությունը հաստատող բաղկացուցիչներ են, և մենք դրանք չենք կորցնում Նազարբաևի շնորհիվ: Դրա համար մենք իհարկե չպետք է շնորհակալ լինենք նրան, բայց ուրախությամբ պիտի արձանագրենք այդ փաստը: Պետականության այդ խորհրդանիշները, այնուամենայնիվ, տրված են Հայաստանին որպես թայմ-աութ, մինչև կտեսնենք, թե ինչ է կատարվում համաշխարհային ընդհանուր ասպարեզում:
Ինձ թվում է, որ Եվրասիական միության այս ողջ առևտուրն, այնուամենայնիվ, դարձյալ կապված է Ուկրաինայի հետ, որովհետև որքան էլ ռուսական պրոպագանդան վերջին ճիգերով փորձի ներկայացնել, որ Ուկրաինայում դեռ ընթանում է այսպես կոչված Ուկրաինայի վերաբաժանման գործընթաց, արդեն ակնհայտ է, որ սահմանագիծը դրված է: Ուկրաինան, որը ձգտում է դեպի Եվրոպական միություն և լինելու է ԵՄ լիարժեք անդամ, փոխելու է ռազմական բալանսը: Ուկրաինայի ԵՄ անդամ դառնալու և մասնավորապես ՆԱՏՕ արագ մտնելու պարագայում Ուկրաինայում տեղադրվելու են ՆԱՏՕ-ի հրթիռներն ու զորքերը, և դա իհարկե աշխարհքաղաքական բալանսը արմատականորեն փոխելու է: Ես չեմ տեսնում այդ գործընթացին հակազդող միավոր:
Ահա այդ համատեքստում Եվրասիական միությունն իր բոլոր տնտեսական ամբիցիաներով դառնում է անկարևոր մի միություն, որովհետև Պուտինն անում է սխալ քայլեր: Նա խառնում է երկու իրար չխառնվող գործառույթներ. փորձում է տնտեսական շահագրգռությունը փոխարինել քաղաքական ռեպրեսիայով: 21-րդ դարում այդ գործառույթը չի կարող աշխատել, որովհետև չի կարելի մեր ժամանակների տնտեսական նպատակահարմարությունների, տեղեկատվության, համացանցի առկայության պայմաններում փորձել քաղաքական շանտաժ կիրառել տնտեսական բոնուսներ ստանալու համար: Եթե նույնիսկ դա կարճ ժամանակով աշխատում է, երկարատև կտրվածքով հաստատ չի աշխատելու: Տեսնում ենք, որ Ռուսաստանն էլի համառորեն չի ուզում բռնել տեխնիկական ինովացիայի ուղին, համառորեն չի ուզում բռնել տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների ուղին, ընտրել է ռազմական մահակի ճանապարհը: Այդ ճանապարհն անարդյունավետ է:
Նրանք հայտարարել են, որ Եվրասիական միությունը տնտեսական միություն է: Տնտեսական միությունը պարտավոր է լինել տնտեսապես շահավետ: Եթե այն տնտեսապես շահավետ չէ, ուրեմն այն չի գործելու, դա տարրական տրամաբանություն է: Դուք տեսաք, որ երբ Ուկրաինան արդեն սկսել է շատ վստահ ու չոր դիրք գրավել գազի սպառման հարցում, ինչպիսի զիջումների է գնում Ռուսաստանը, որովհետև տնտեսական նպատակահարմարությունն ուղղակի պահանջում ու թելադրում է, որ Ռուսաստանը փորձի խոշորագույն սպառողների հետ պահպանել քիչ թե շատ նորմալ հարաբերություններ: Ռուսաստանը հումք արտահանող երկիր է, նա չի արտադրում մի ունիկալ բան, բացի զենքից, որը կարող է մրցունակ լինել: Ու եթե հանկարծ նա իրենից հումք գնող երկրների հետ շեշտակիորեն վատացնի իր հարաբերությունները, իսկ նա հենց այդպես է անում, այդ երկիրը տնտեսապես երկար չի ձգի:
Սա 21-րդ դարն է, երբ ոչ մի բան երկար թաքուն հնարավոր չէ պահել, ոչ մի պատերազմ հնարավոր չէ վարել երկարատև, որովհետև նորից հաղթում են տեղեկատվական տեխնոլոգիաները, և ոչ մի գաղափարախոսություն չի կարելի պարտադրել: Այս երեք բացահայտ իրողությունների առկայության պայմաններում մենք հասկանում ենք, որ աշխարհաքաղաքական բալանսը փոխվում է մեր աչքի առջև: Ի դեպ, Պուտինն այնքան էլ հիմար մարդ չի և հիանալի հասկանում է, որ աշխարհքաղաքական բալանսը շուտով անդառնալիորեն փոխվելու է, և դրա համար փորձեց ստեղծել այդ Եվրասիական միությունը, որը չաշխատեց, որովհետև շանտաժի ճանապարհով է ստեղծվում: Դրա համար, արդեն նոր բալանսի պայմաններում մենք պետք է ցուցաբերենք առավելագույն դիվանագիտական ճկունություն, որովհետև այս պարագայում ոչ մեկի համար էական ու հետաքրքիր չէ մեր վիճակը: Հիմա մենք պետք է ուղղակի կարողանանք առավելագույնս մանևրել, որ կարողանանք պահպանել մեր պետականությունը:
Ստացվում է, վերջին իրադարձությունները եւ այն, որ Հայաստանն այդպես էլ Եվրասիական միության հիմնադիր անդամների մեջ չհայտնվեց, ծրագրվա՞ծ էր:
Եվ փառք Աստծո, որ Հայաստանը այդ միության հիմնադիրների մեջ չհայտնվեց: Ցանկալի կլիներ անդամների մեջ էլ չլինեինք: Գիտեք, Հայաստանում եթե դիվանագիտորեն մանևրելը չի ստացվում, ապա գոնե մի բան ստացվում է՝ պահպանել լռություն, որ հետագայում կարելի կլինի մեկնաբանել ինչ-որ կերպ, որովհետև եթե հանկարծ հիմա արտասանվեն վճռական և վերջնական խոսքեր արտաքին դիվանագիտական ֆրոնտում կամ արվեն վճռական գործողություններ, հնարավոր է, որ այդ պրոցեսները լինեն անշրջելի:
Ներկա պահին լավագույն տարբերակը Հայաստանի տնտեսական, ինչքան հնարավոր է ժողովրդավարական վիճակը լավացնելն է, ուրիշ ճանապարհ այժմ Հայաստանը չունի: Մենք ակնհայտ տեսել ենք, որ մեր՝ ինչ-ինչ պարտադրանքով ընտրած գործընկերն իրականում որևէ ցանկություն չունի լինել մեզ գործընկեր, որևէ գործընկերային քայլ չի կատարում, զենք է վաճառում Ադրբեջանին, Ղարաբաղի հարցը դրված է անորոշ սահմանագծում: Իսկ մենք ունենք Ղարաբաղի խնդիր ոչ միայն ֆիզիկական հողատարածքի ձևով, այլեւ իբրև պետական ինքնագիտակցության լավագույն օրինակ, որովհետև մենք գիտենք, որ Ղարաբաղի մարտի վրա էր ձևավորվում մեր անկախական ինքնագիտակցությունը, դա բացահայտ է, և պատմականորեն է այդպես:
Սահմաններում անհանգստությունը պայմանավորված է քաղաքական խաղո՞վ:
Իհարկե, քաղաքական խաղ է, որովհետև մենք խաղալիք ենք Ռուսաստանի ձեռքին: Հիշում եք՝ երբ փորձեցին Ջավախքում ինչ-որ քայլեր անել, նույն ձևով Ղարաբաղի սահմանին, հիմա նույնը Նախիջևանի սահմանին: Ռուսաստանը մեր միջոցով իր ավելի խոշոր գործընկերներին ինչ-որ բաներ է ուզում հասկացնել, և այսօր մեր խնդիրն է այդ սադրանքները մաքսիմում մեղմենք և թույլ չտանք, որ դրանք տեղի ունենան, որովհետև Հայաստանի ներկա աշխարհաքաղաքական վիճակը և ներկա տնտեսական և բարոյական իրավիճակն ուղղակի բացառում է ռազմական կոնֆլիկտների հրահրումը: Միշտ կա քարեր հավաքելու և քարեր թափելու ժամանակ, հիմա հաստատ քարեր շպրտելու ժամանակը չէ:
www.lragir.am