ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ներկայացրեց ԸՕ վերաբերյալ առաջարկներ և երկու հարց ուղղեց հիմնական զեկուցող՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Ստորև ներկայացնում են Քոքոբելյանի հարցերն ու առաջարկները:
«Երկու հարց կցանկանայի հնչեցնել. առաջին՝ Դուք շատ կարևոր և պատասխանատու հայտարարություն արեցիք, պարոն Հարությունյան, որ ընդդիմադիր գործընկերները վստահեցրել են, թե ԸՕ նշյալ փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ գումարի խնդիրը կլուծվի: Այդ հայտարարությունը շատ վտանգավոր եմ համարում՝ ես ինքս մասնակցել եմ շատ քննարկումների և նման հայտարարություն որևիցե անգամ չեմ լսել: Եթե գաղտնիք չէ, ապա հետաքրքիր է, թե ովքե՞ր են վստահեցրել և ովքե՞ր կարող են դոնորների փոխարեն այդպես լավ հայտարարություններ անել: Իհարկե հասկանում եմ, որ դա շատ նուրբ հարց է, բայց հավատացեք շատ կարևոր է նաև պատասխանը»:
Ի պատասխան Հարությունյանն արձագանքեց, որ կոնկրետ ինչ-որ մեկը նման հավաստիացում չի արել, ուղղակի բազմիցս եղել են հայտարարություններ, որ ֆինանսական աջակցություն կլինի և փաստորեն այն կա:
Երկրորդ հարցը, որ բարձրացրեց Խաչատուր Քոքոբելյանը վերաբերում էր կատարվելիք փոփոխությունների բնույթին. «Իհարկե համակարծիք եմ Ձեր հետ, որ այս փոփոխությունները դրական միտում կառաջացնեն, բայց չե՞ք կարծում, որ սրանք ավելի շատ կոսմետիկ փոփոխություններ են և էական որևիցե արդյունքի չեն բերի ընտրությունների ընթացքում: Ինչու եմ սա ասում՝ որովհետև ընդհանուր օրենսգրքի բովանդակությունը, նաև վերահսկողական մեխանիզմները չեն փոխվում՝ այդ թվում նաև ցուցակների ստուգման առումով»:
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ համաձայն չէ, որ արվել են կոսմետիկ փոփոխություններ, քանզի բավականին լուրջ փոփոխություններ կան:
Ինչ վերաբերում է առաջարկներին, ապա Խաչատուր Քոքոբելյանն առանձնացրեց չորսը.
- Համապետական ընտրությունների ժամանակ պետք է լինի մեկ ընտրական ցուցակ, և եթե ռեյտինգային քվեարկությունն այնուամենայնիվ պահպանվում է, ապա այդ քվեարկությունը կարող է կատարավել տվյալ կուսակցության համապետական ընդհանուր ցուցակից, որպեսզի օրենքով նախատեսված երկրորդ՝ տարածքային ընտրական ցուցակներին տրված ձայները չավելանան կուսակցության ձայներին:
- ԸՕ 97-րդ հոդվածում կոալիցիաների ձևավորման խոչընդոտն ընդհանրապես վերացնել: Այս խնդիրը . բարձրացրել է նաև Վենետիկի հանձնաժողովը ԸՕ մասին վերջին զեկույցում՝ շեշտելով, որ այդ սահմանափակումն անթույլատրելի է:
- Կանանց տրվող քվոտաների հետ կապված կա լավ մոտեցում՝ 70- 30 հարաբերակցությունը, և ես առաջարկում եմ դա անցումային դրույթներից ուղղակի տեղափոխել, որպեսզի այդ քվոտան գործի հենց 2017 թվականից, ոչ թե 2022-ից՝ ինչպես նշված է ԸՕ-ում:
- Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջարկում եմ բոնուսային քվեարկությունը վերացնել: Այդ մասին նաև խոսվում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկներում: Ինչպես նաև անցողիկ շեմը իջեցնել, ինչպես որ է համապետական ընտրությունների ժամանակ, հաշվի առնելով որ այդտեղ էլ բազմակարծությունը և բազմազանությունը շատ կարևոր է ինչպես որ համապետական ընտրություններին:
Խաչատուր Քոքոբելյանը նաև հավելեց, որ անհրաժեշտ է ընդհանրապես վերացնել ռեյտինգային համակարգը. «Բայց եթե ցանկանում ենք պահել այդ ընտրակարգը, ապա ռեյտինգայինի տարբեր մեխանիզմներ կան նույն Լեհաստանի կամ Գերմանիայի օրինակները: Վստահ եմ բոլորս էլ գիտենք, որ այդ տիպի քվեարկությունը նրա համար չէ, որ ձայներն արհեստականորեն գումարվեն կուսակցության ձայներին: Սակայն այն մեխանիզմը, որը Դուք եք առաջարկում, վստահ եմ որ դուք էլ եք դա պատկերացնում, որ բերելու է քաղաքական մրցակցային դաշտի թուլացման և հանգեցնելու է զուտ ֆինանսական և ռեսուրսային մրցակցության»:
Իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված, Քոքոբելյանը նկատեց, որ Գյումրիում, Երևանում և Վանաձորում ոչ պակաս կարևոր են ընտրությունների արդյունքները, քան համապետական ընտրություններում, և դա է պատճառը, որ առաջարկում է բոնուսային համակարգը վերացնել և թեկուզ ընտրությունների երկրոդ փուլ անցկացնել. «Դա մեծ ծախս չէ, բայց նպատակն այն է, որ իրականում արտացոլվի քաղաքացիների քվեները, այդ կերպ քաղաքապետ ընտրվի»: