«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Արդեն հրապարակվել է Ընտրական օրենսգրքի նախագիծը, Դուք ծանոթացել եք նախագծին և համարում եք որ այն հակասում է Սահմանադրությանը: Ըստ Էության իշխանությունները ոչինչ չեն արել ընդառաջ գնալու ընդդիմադիրների պահանջներին: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այս փաստաթուղթը:
Նախևառաջ, ես միանգամից կնշեմ, թե ինչու եմ համարում, որ այս նախագիծը հակասության մեջ էմտնում Սահմանադրության հետ, իհարկե այդտեղ նաև մասնագիտական հարցեր կան, բայց կան շատ ակնհայտ փաստեր և հոդվածներ կան, որ հակասում են Սահմանադրությունը: ՀՀ Սահմանադրությամբ հստակսահմանված է, որ ՀՀ Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով: Ինչ է նշանակում համամասնական ընտրություն՝ դա նշանակում է, որ ամբողջ ՀՀ-ն պետք է դիտարկել որպես մեկ ընրատարածք, բնականաբար խոսքը չի վերաբերում տեղամասերին, և այդ տարածքում պետք է քվեարկվի միևնույն, ընդհանուր ցուցակը: Որտեղ է խնդիրը. այսօր բոլոր քաղաքական ուժերը կամ դաշինքները, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին, ըստ առաջարկվող նախագծի, պետք է ներկայացնեն մեկ համամասնական ցուցակ՝ բացի երկրորդ մասից, որն ազգային փոքրամասնություններին է վերաբերում և էլի վիճահարույց է՝ ընտրված մեխանիզմի առումով, բայց, իհարկե, դա այլ խնդիր է, և նույն ցուցակից պետք է լինի երկրորդ ցուցակը, որը պետք է յուրաքանչյուր ընտրատարածքում՝ այսինքն առանձնացված 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում, պետք է լինեն առանձին՝ միմյանցից տարբերվող ցուցակներ և առանձին քվեարկություններ: Այսինքն պետք է յուրաքանչյուր ընտրատարածքում առաջադրվեն նվազագույնը 5 թեկնածու, կարող են ավելի շատ առաջադրել՝ յուրաքանչյուր 10.000 ընտրողին 1 թեկնածու հաշվարկով: Օրինակ, Տավուշի մարզում առաջադրված 5 թեկնածուի ցուցակը, չի համընկնելու Շիրակի մարզում կամ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի այդ նույն ցուցակի հետ: Մեկ այլ հոդվածով էլ սահմանվում է, որ ընտրություններից հետո՝ մանդատների բաշխման ժամանակ ենթադրենք քաղաքական ուժը ստացել է 20 մանդատ, ապա այդ 20 մանդատից առաջին 10-ը բաժին է ընկնելու ցուցակի առաջին 10 համարներին՝ ըստ հերթականության, իսկ երկրորդ 10-ը՝ առանձին ընտրատարածքներում քվեարկված ըստ վարկանիշի առաջին տասը տեղում գտնվող թեկնածուներին: Առաջին հայացքից, կարծես թե, դա շատ տրամաբանական է և հասկանալի, բայց որևիցե աղերս չունի համամասնական ընտրական համակարգի հետ: Իհարկե, ռեյտինգային քվեարկություն կարող էր լինել և դա նորմալ է ու որևիցե կերպ չէր հակասի համամասնական ընտրակարգի փիլիսոփայությունը, բայց այս դեպքում, այս օրենսգրքով, դա այդ ռեյտինգային քվեարկությունը չէ: Թող լիներ ռեյտինգային քվեարկություն, բայց այդ դեպքում նույն մարդիկ պետք է քվեարկվեին ՀՀ բոլոր տեղամասերում:
Ըստ էության սա նույն մեծամասնականը չէ՞, ենթադրենք Սամվել Ալեքսանյանը Մալաթիայում մեծ վարկանիշ ունի և ինքն ինքնաբերաբար կընտրվի այդ կարգով:
Առանց անուններ տալու, մի բան հստակ է այս ընտրական համակարգը, որն առաջարկվում է Ընտրական օրենսգրքի այս նախագծով շատ հեռու է համամասնական կոչվելուց, որքան էլ ջանան հակառակն ապացուցել, սա դասական իմաստով ավելի շատ խառը համակարգ է, առավել մոտ ուժեղ, կենտրոնացված մեծամասնական համակարգին: Եւ այստեղ բնականաբար շատ վտանգներ կան և հիմնականում կապված են զուտ իշխանական ռեսուրսների կենտրոնացման մեջ: Ի սեր Աստծո, այստեղ խնդիրը ոչ թե Հանրապետական կուսակցությունն է կամ մեկ այլ քաղաքական ուժ, այստեղ խնդիրն այն է, որ զուտ ժողովրդավարական իմաստով հանարավորություն չի ստեղծվելու որպեսզի մրցակցություն լինի գաղափարների, մոտեցւմների միջև: Ինչպես նախկինում մենք ականատես ենք եղել մեծամասնական ընտրությունների ժամանակ գործում էր միայն ռեսուրսների, ծանոթ-բարեկամների մրցակցություն և ոչինչ ավելին: Եթե ինձ հիշեցնեք, գոնե մեկ օրինակ բերեք, որ վերջին տասը տարիների ընթացքում, որևիցե մի շրջանում, այդ թվում նաև Երևանում, մեծամասնական ընտրությունների ժամանակ եղել է գաղափարական պայքար, ապա ես պատրաստ եմ ներողություն խնդրել: Այսինքն շատ ակնհայտ է, որ այս համակարգը հանգեցնելու է ռեսուրսների մրցակցության, որտեղ քաղաքական մոտեցումները երկրորդական, երրորդական պլան են մղվելու և սա ինքնին որպես ընտրական համակարգ ես կբնութագրեմ, որպես ուժեղ, կենտրոնացված մեծամասնական համակարգ: Բայց այս Ընտրական օրենսգրքին մենք դեմ ենք ոչ միայն այս դրույթի հետ կապված, այլ կան նաև մի շարք այլ դրույթներ ևս: Ընդհանրապես որպեսզի կարողանան ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնենք, առաջին հերթին Ընտրական օրենսգիրքը պետք է հստակ ապահովեր այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտային բացառելու կեղծիքները, կրկնաքվեարկությունը, որը վերջին շրջանում ամենածանր և ամենակիրառելի ընտրակեղծիքն է, և նշածս մեխանիզմների առկայությունը քաղաքացիների համար համոզիչ կլիներ ընտրությունների արդյունքները: Այս օրենսգիրքը նման մեխանիզմները նույնիսկ չի էլ առաջարկում, ավելին կան վիճահարույց կետեր, օրինակ 65-րդ հոդվածով սահմանափակվում է քվեարկության սենյակում գտնվող լրատվամիջոցների և դիտորդների թիվը՝ 8 հոգի պետք է լինի: Իհարկե առաջին հայացքից պարզ է, որ չեն կարող միևնույն տեղամասում գտնվել մեծ թվով մարդիկ, զուտ տեղամասի աշխատանքը խանգարելու առումով, բայց սա շատ արհեստական եմ համարում, որովհետև Հայաստանում չկան այդքան ԶԼՄ ներկայացուցիչներ, որ բոլոր տեղամասերում այդքան շատ մարդ լինի: Ես սա համարում է լրատվամիջոցների աշխատանքի ուղղակի սահմանափակում, որովհետև միշտ կարելի է արհեստականորեն մեկ տեղ հավաքել 8 այսպես ասած ցանկալի լրատվամիջոցների և դիտորդական առաքելության ներկայացուցիչների, որովհետև մենք ականատես ենք եղել, որ ընտրությունների ժամանակ լինում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց մենք լրատվական դաշտում չենք տեսել և հետո էլ չենք տեսնում, և այս կերպ տվյալ տեղամասում լրատվամիջոցի աշծատանքն ուղղակիորեն օրենքը կսահմանափակի:
ԶԼՄ-ը փաստացիորեն նաև վերահսկողություն են իրականացնում ընտրատեղամասերում: Ըստ Ձեզ այս հանգամա՞նքն է հաշվի առնվել նման դրույթ մտցնելով:
Շատ ակնհայտ է, որ ընտրությունների ժամանակ լինում են այսպես ասած կիզակետեր և մենք գիտենք որ տեղամասերն են դրանք, և այդ կետերում միշտ կկարողանան 8 ցանկալի լրատվամիջոցի ներկայություն և լուսաբանել: Շատ էական եմ համարում նաև դիտորդների մասնակցության կարգը որովհետև, ի՞նչ է նշանակում տեղական կամ միջազգային դիտորդներին հրավիրելու իրավունք ունենան բացառապես ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և ԿԸՀ-ն: Ավելին, այս անգամ դիտորդական առաքելություն անցկացնլու իրավունքն ունեցողների ցուցակից հանվել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները, որովհետև նախկին ԸՕ-ում դա կար: Ինչո՞ւ մենք թույլ չենք տալիս ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներին ցանկության դեպքում դիտարկել ընտրությունները՝ ումի՞ց ի՞նչ ունենք թաքցնելու: Եթե մենք հակված ենք թափանցիկ, ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ ընտրություններ անցկացնելու, և կարծում եմ և հույս ունեմ որ հակված ենք, ապա այդ դեպքում որտե՞ղ է խնդիրը և ինչո՞ւ է նման սահմանափոկում մտցված ԸՕ նախագծում: Դա առնվազն մտահոգության տեղիք է տալիս:
Մեկ այլ կարևոր խնդրի մասին եմ ուզում խոսել, որն ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական նորմերին: Խոսքը 97-րդ հոդվածի մասին է, թե ԱԺ ընտրություններից և մանդատների բաշխումից հետո ինչպես են ձևավորվում կոալիցիաներ և թե ինչպես է կազմավորվում կառավարությունը: Նշածս հոդվածում գրված է, որ եթե ԱԺ անցած ուժերից որևէ մեկը չի հավաքել 50 տոկոսից ավելի քվե, ապա առաջին տեղը զբաղեցնող քաղաքական ուժը երկրորդ և երրոդ տեղը զբաղեցրած ուժերի հետ, եթե ցանկություն ունեն ու եկել են համաձայնության վարչապետի թեկնածության շուրջ, կազմում են կոալիցիա: Ինչ է դա նշանակում՝ ենթադրենք առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժը ստացել է 30 տոկոս ձայն, ապա նա կարող է երկրորդ և երոդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի հետ կազմել կոալիցիա, եթե չի կարողանում, ուրեմն անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ: Փստացիորեն, այդ 97-րդ հոդվածը հնարավորություն չի տալիս մյուս քաղաքական ուժերին, որոնք միասին հավաքել են 70 տոկոս և փաստացի ԱԺ-ում մեծամասնություն են, կառավարություն ձևավորելու և վարչապետի թեկնածու առաջարկելու: Այսինքն եթե հասարակության տարբեր խմբերի շահերը ներկայացնող ԱԺ-ում 70 տոկոս ներկայացվածություն ունեցող քաղաքական ուժերը եթե կարողանում են գալ նույն հայտարարի, ապա ինչու պետք է արգելվի նրանց ձևավորել կառավարություն և այստեղ խոսել ժողովրդավարության մասին ուղղակիորեն տեղին չէ: Եւ այո, սա էլ է հակասում Սահմանադրությանը, որովհետև գործող Սահմանադրությունում ասվում է, որ մենք ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական հանրապետություն ենք: Նման խնդիրներ շատ կան և չի կարող սա մեզ չմտահոգել:
Առաջադրումների հետ կապված էլ խնդիրներ կան,նշված է որ յուրաքանչյուր 10.000 ընտրողի հաշվով կարող են առաջադրել թեկնածուներ: Պատկերացրեք, օրինակ Սյունիքի մարզում, որտեղ 154.000 ընտրող է լինելու, որովհետև Վայոց Ձորն էլ նույն ընտրատարածքում է ներառվելու, կարող են առաջադրել 15 թեկնածու: Ես համոզված եմ, որ իշխանական ուժը հենց այդքան էլ կառաջադրի՝ նրանք առաջադրելու են խոշոր համայնքների ղեկավարներին, քաղաքապետերին և ազդեցություն ունեցող մարդկանց: Այստեղ խոսքը չի վերաբերում որևէ քաղաքական ուժի ռեսուրսներին, որովհետև նշածս համայնքի ղեկավարներն ավելի շատ իշխանության ներկայացուցիչներ են, քան թե քաղաքական ուժի անդամներ, և այդպես է եղել տարիներ ի վեր՝ մենք տեսել ենք, թե իշխանափոխությունների արդյունքում ինչպե են այդ համայնքի ղեկավարները կուսակցականափոխ լինում: Այսինքն այստեղ մենք գործ ունենք ոչ թե կուսակցական ռեսուրսի, այլ իշխանական՝ կենտրոնացված ռեսուրսի հետ, որը որոշակի առումով կբերի ոչ թե տեղաշարժերի և փոփոխությունների, այլ կայուն հաստատուն լճացման:
Պարոն Քոքոբելյան հաշվի առնելով այն, որ Դաշնակցությանը մի քանի մարզ տրվեց, մի քանի նախարարական պորտֆել, ենթադրվում է արդյո՞ք, որ ձեր ասած այդ 70 տոկոսի շեմը ապահովելու նպատակ ունի այս համաձայնագիրը, և մենք մյուս տարի կունենանք միահեծան քաղաքականություն, երկու կուսակցությունների միավորումը նոր խորհրդարանում կշարունակվի՞ և ձեր ասած սցենարը ըստ էության կլինի՞։
Անկեղծ ասած ես այդպես չեմ կարծում, այլ հարց է, թե ինչ են պլանավորում, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը ակնհայտորեն ընդիմադիր հայացքների հետևորդներ են և այստեղ էական չեմ համարում նույնիսկ, թե որ ընդիմադիր քաղաքական ուժի հետևորդներ են, որովհետև Հայաստանում, ցավոք սրտի, գաղափարական հենքի վրա ձևավորված քաղաքականությունը դեռևս բավարար չափով առկա չէ: Բայց պարզ է, որ մեր նորանկախ Հայաստանի Հանրապետության ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում, բոլոր ընտրություններին, մեր քաղաքացիները հստակ իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնել են քվեարկության միջոցով իրենց անհամաձայնությունը ցույց տալով իշխանություններին։ Եվ ձևական կամ ոչ ձևական՝ նույնիսկ բովանդակային միավորումները, արժեք չեն ունենա, եթե նրանք չբարձրացնեն մեր քաղաքացիներին հուզող հիմնախնդիրները։
Պարոն Քոքոբելյան, եթե ձեր, և մյուսների ողջամիտ առաջարկները հաշվի առնվեն, կարո՞ղ ենք ունենալ իդեալական տեսք ունեցող ընտրական օրենսգիրք, և արդյո՞ք այն մեծ ռեսուրսները՝ թե՛ մարդկային և թե՛ ֆինանսական, որոնց տիրապետում է իշխանությունը, հնարավորություն չի տա վերջինիս, անգամ առաջարկների ընդունման դեպքում և կատարյալ օրենսգրքի առկայության պարագայում, կրկին ընտրություներում հաղթանակ տանելու:
Ես երբևիցե այն կարծիքին չեմ եղել, որ առաջարկները չպետք է ընդունվեն, և երբեք չեմ կարծել, որ չպետք է առաջարկություններ անել, բայց երբեք չեմ էլ մտածել, որ առաջարկները ամբողջովին պետք է ընդունվեն։ Նույն այսօրվա ներկայացված օրենսգրքում ներառված է մեր՝ Ազատ դեմոկրատներ կուսակցության այն առաջարկը, որը մենք հնչեցրել ենք դեռևս սահմանադրական փոփոխությունների ժամանակ: Բայց դա բուն ընտրական պրոցեսի հետ կապ չունեցող առաջարկ է, խոսքս արտերկրում բարձրագույն կրթական հաստատություններում սովորող ուսանող ՀՀ քաղաքացիների ընտրվելու իրավունքի մասին է՝ առաջարկել ենք, որ պատգամավոր ընտրվելու համար պահանջվող 4 տարվա մշտական բնակության ցենզը վերը նշված քաղաքացիների համար իմպերատիվ բնույթ չունենա և արտերկրում կրթություն ստանալու ժամանակահատվածը բացառություն լինի: Եվ դա ընտրությունների թափանցիկության և կազմակերպման հետ որևիցե կապ չունի, դա ավելի շատ կապ ունի մարդու իրավունքների հետ։ Այստեղ ևս մենք մեր առաջարկները կներկայացնենք, մենք թվով մոտ յոթ կարևոր առաջարկ ենք ներկայացնում, նաև երեք հոդվածներում էական խմբագրական փոփոխություն ենք առաջարկելու, նույնիսկ հոդվածներ կան առաջարկում ենք ընդհանրապես հանել։ Բայց ինչը կընդունվի, ինչը՝ ոչ, դա դեռ առաջիկայում կտեսնենք, ես կարծում եմ, որ շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում, ինչու ոչ, իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերը, պետք է հետամուտ լինեն, դա առնվազն անհրաժեշտություն է, որպեսզի մենք ունենանք այնպիսի ընտրական օրենսգիրք, որը հնարավորություն կտա այնպիսի Ազգային ժողով ձևավորելու, որը արտացոլի մեր հասարակության և քաղաքացիների իրական, այլ ոչ թե արհեստական պատկերը։ Իսկ եթե մենք այս օրենսգրքով առաջնորդվենք, այսպես ասած այդ 13 ընտրատարածքներում տեղի կունենան սուպեր կենտրոնացված մեծամասնական ընտրություններ և կհաղթեն ոչ թե գաղափարական մոտեցումների հետևորդները, այլ նրանք, ովքեր իրենց ձեռքում ունեն շատ ռեսուրսներ և ինչը երբեք էլ Ազգային ժողովի որակի բարձրացման չի հանգեցնի:
Ընդիմադիր ուժերի հետ միավորման որևէ հեռանկար կա՞, թե՞ ոչ, ի նկատի ունեմ մեկ ընդհանուր ցուցակով գնալու։
Բնականավար կա, դա նաև հասարակության պահանջն է այսօր, երբեք չպետք է խուսափել այդ հարցից խոսել, դա շատ լուրջ թեմա է և երբևէ չենք էլ խուսափել այդ մասին խոսելուց: Բայց ես միշտ պնդել եմ և հիմա էլ պնդում եմ, որ ընդհանրապես մոտեցումներով ընդհանրություն ունեցող ուժերի միավորումը միայն կարող է արդյունավետ լինել, որովհետև համախմբվել զուտ մեխանիկական հարցեր լուծելու համար անարժեք եմ համարում և դա որևէ էական արդյունք չի բերում, քանզի համախմբումները նաև կապված են Հայաստանի թե՛ արտաքին, և թե՛ ներքին մարտահրավերների հետ։ Համախմբումը էֆեկտիվ է դառնում, երբ միավորվող քաղաքական ուժերը նույն նպատակներն են հետապնդում: Իսկ հակառակ բևեռներում գտնվող քաղաքական ուժերի՝ այդ թվում նաև անհատների, մոտեցումները փորձել մեկտեղել և մեկ դրոշի տակ հանդես բերել նույնքան անարդյունավետ եմ համարում, և դա որևէ դրական արդյունքի չի բերի՝ քաղաքական դաշտի առողջացման տեսանկյունից ևս:
Հարցազրույցը՝ Սիրանույշ Պապյանի