ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ Հայաստանի քաղաքացիների անգամ մեկ քառորդը կողմ չէ Մաքսային միությանը, և դա հզոր կռվան է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանը նշեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համատեղ որոշում է կայացվել հրապարակային քննարկում կազմակերպել:
«Նոյեմբերի 22-ը կարևոր օր էր մեր ժողովրդի համար և դեռ կարող է այդպիսին լինել. դա Վիլսոնի իրավարար վճռի օրն է»,- ասաց նա:
Անդրադառնալով ՄՄ-ին անդամակցելու որոշմանը՝ Հայրիկյանը նկատեց՝ նախագահը կարող է այդ օրը վատ տրամադրություն է ունեցել՝ ճնշման կամ այլ պատճառով, ուրեմն անհասկանալի է՝ ինչու են եվրոպական կառույցներն այդքան մեծ դեր տալիս դրան:
«Նախագահը շատ բան կարող է հայտարարել: Նա միաժամանակ ասել է՝ չէ, մենք չենք հրաժարվում եվրոպական ուղղությունից, ուրեմն եվրոպացիները պիտի ասեն՝ արի, ստորագրի, տեսնենք՝ հետո Մաքսային միությունդ իրեն ոնց կպահի»,- ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց այն տեսակետի հետ, որ ՄՄ-ին անդամակցելու հայտարարությունը (ոչ՝ որոշումը) միանշանակ հայ ժողովրդի ցանկությունը չէր, և դրա մի քանի պատճառ նշեց:
«Քաղաքական գործընթացների առումով՝ այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին, լեգիտիմություն չուներ, կարծում եմ՝ այստեղ եվրոպական կառույցները ևս մեղքի մեծ բաժին ունեն, քանի որ վերջին տարիներին նրանցից շատերն ըստ էության հզորացրին իշխող համակարգը Հայաստանում՝ թուլացնելով ընդդիմությանը»,- ասաց նա:
Մարտիրոսյանը նշեց, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք տեսնում են Հայաստանի ապագան ժողովրդավարական համակարգում, պիտի միաբանվեն, Հայաստանը տանեն այն արժեքների ուղղությամբ, որով երկարատև զարգացում կապահովեն:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը ցավով նշեց, որ ժողովրդի մեջ այսօր դեռ ռուսամետությունը որոշակի տեղ ունի. մի մաս կա, որ գերադասում է ստրուկ լինել, տեր ունենալ, իրենց մի կտոր հաց տան, որ գոյությունը պահպանի: Դրան զուգահեռ, սակայն, ըստ Առաքելյանի՝ կա նաև մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդություն, Խորհրդային Միություն չտեսած սերունդ, որը բոլորովին այլ արժեհամակարգի կրող է:
«Ես զարմանում եմ՝ ո՞նց կարելի է գնալ մի երկիր, որ անգամ ինքն իր կրթական համակարգին չի վստահում. բոլոր պաշտոնյաների երեխաները դրսում են կրթություն ստանում: Մաքսային միությունը քվոտավորված է. 40 տոկոսից ավելին Ռուսաստանին է պատկանում, 22-ական տոկոս՝ Ղազախստանին և Բելառուսին: Հայաստանն ի՞նչ կարող է ունենալ, այսինքն՝ ցանկացած առաջարկ Հայաստանին պարտադրվելու է. Ռուսաստանը ոնց որոշի՝ այդպես էլ կլինի»,- ասաց նա:
Առաքելյանը կարծիք հայտնեց, որ նույն Ռուսաստանի համար էլ հակասություններ կան: Մաքսային միությունն, ըստ նրա, չի կայացել և երևի թե չկայանա էլ, քանի որ որոշ ժամանակ առաջ նույն Պուտինը հայտարարեց, որ իրենց թիվ մեկ գործընկերը Եվրոպան է, և ՌԴ-ն իրեն պատկերացնում է Եվրոպայի կազմում՝ սկսած Կալինինգրադից:
«Մենք, ցավոք, կարծում եմ՝ Ռուսաստանի մեծ խաղի մեջ զուտ գործիք ենք, որ նա աշխարհից մեծ կտոր պոկի իր համար: Ամենացավալին այն է, որ իբրև գործիք ենք օգտագործվելու, ինչը չի տալու ոչ տնտեսական, ոչ այլ կարգի օգուտ, համոզված եմ՝ Մաքսային միությունը լիարժեք երբեք չի կայանա»,- ասաց նա: