Առաջին Լրատվականի զրուցակիցն է Ազատ Դեմոկրատներ Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը
-Պարոն Քոքոբելյան, օրերս Եվրամիությունը հրապարակեց առաջիկայում ստորագրվելիք Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստը, դրանից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը թարգմանեց այդ տեքստը: Ինչո՞ւ հիմա այս տեքստը հանրայնացավ, տեսակետ կա, որ եթե արդեն այն հրապարակվել է, ուրեմն թեման փակվել է, այն իմաստով, որ հնարավոր է, ինչ-ինչ խոչընդոտներ կան և այս համաձայնագիրը կյանքի չի կոչվելու:
-Նախ ես ուզում եմ լավատես լինել, և հավատալ, որ այդպես չի լինի և համաձայնագիրը կստորագրվի: Թե՛ ես, թե՛ Ազատ դեմոկրատները ողջունում ենք այդ համաձայնագրի ստորագրումը: Իսկ ես ասում եմ լավատես եմ, որովհետև կան մի շարք պատճառներ և ի թիվս դրանց պետք է հիշեցնեմ, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնից հնչեցրեց, որ չկա որևիցե պատճառ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չստորագրելու համար: Իհարկե մենք նաև ունենք նախկին դառը փորձը, երբ իշխանությունները 2013-ի սեպտեմբերի 3-ից ընդամենը մեկ օր առաջ, տարբեր մակարդակներով հայտարարում էին, որ ասոցացման համաձայնագիրը կստորագրվի, բայց սեպտեմբերի 3-ին տեսանք հակառակը: Ամեն դեպքում այս անգամ իրավիճակն այլ է և ես լիահույս եմ, որ առաջիկայում կստորագրվի Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը: Թե՛ ԵՄ-ն, թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ քաղաքացիական հասարակությունը և թե՛ քաղաքական ուժերը պետք է միահամուռ և հետևողական լինեն, որ չվիժեցվի այս պայմանագրի ստորագրումը, քանզի ՀՀ-ի համար սա էապես կարևոր փաստաթուղթ է:
Որոշ լրատվամիջոցներ և որոշ գործիչներ փորձում են գտնել նույնիսկ այն, ինչ չկա պայմանագրում: Կարևոր եմ համարում բոլոր գլուխները, բայց կցանկանայի առանձնացնել անվտանգության, էներգետիկայի, տնտեսության և առևտրային հարաբերությունների, կրթության և մշակույթի բաժինները:
Ակնհատ է, որ այս պայմանագիրն այն չէ, ինչ Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, բայց այստեղ նախկին բանակցված համաձայնագրի քաղաքական մասը պահպանված է, սա էական խնդիր է և դա ապագայի համար գործիքակազմ է տալու, որ մենք շարունակենք, և նաև հնարավորություն է տալու, որ Հայաստանը, բառիս բուն իմաստով, ազդեցություն ունենա նաև եվրոպական քաղաքականության վրա: Այս պայմանագրով Հայաստանը հանձնառություն է վերցնում, որ հայկական օրենսդրությունը պետք է մոտարկվի եվրոպական օրենսդրությանը՝ բիզնես ոլորտում, մարդու իրավունքների, անվտանգության, էներգետիկ, կրթության ոլորտներում: Այսինքն դա վերաբերելու է բոլոր կարևոր նշանակության ոլորտներին՝ հարկային օրենսգիրքը, հարկային պարտավորությունները, կենտրոնական բանկի անկախության ապահովումը, գնագոյացման խնդիրները հստակ նշված են համաձայնագրում: Կայուն արժույթ ունենալու խնդիրը ևս պետք է կարգավորվի: ՀՀ-ն՝ որպես պետություն, այս պայմանագրով ունի այն հանձնառությունները, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարելավման, մարդու իրավունքների, կրթության, առողջապահության հետ, և բոլոր այդ ոլորտներում ստանդարները պետք է ապահովել: Դրանք այսօր եվրոպական կամ արևմտյան ստանդարտներն են, որոնք ժամանակակից քաղաքացու համար այսպես թե այնպես, որպես պետություն, պետք է ապահովել, եթե մենք ուզում ենք ժողովրդավար պետություն ունենալ, եթե ուզում ենք պետությունը լինի մարդակենտրոն: Այս ամենն անհրաժեշտ է մեզ, մեր քաղաքացիների համար և նաև որպես ազատական ուժ մենք միշտ ասել ենք, որ մեր ամենամեծ կապիտալը ՀՀ քաղաքացին է:
Կարծես թե վայնասուն է բարձրացված ատոմակայանը փակելու հետ կապված՝ ուզում եմ հիշեցնել, որ եթե պայմանագիրը կարդացել են այդ վայնասուն բարձրացնողները, ապա պետք է տեսնեն, որ պայմանագիրը ստորագրվում է Եվրամիության անդամ երկրների և Եվրոպական ատոմային համայնքի կողմից: Դեռևս տարիներ առաջ ՄԱԳԱՏԵ-ի մակարդակով մեր ատոմակայանի խնդիրը դրված է, և մեր պետությունը այդ հանձնառառությունը առել է մեր ատոմակայանի անվտանգությունից ելնելով, քանի որ այնտեղ շատ լուրջ խութեր կան և մի քանի տասնյակ միլիոն դոլար փող է հատկացվել դրա համար մինչև այս պահը, որպեսզի ատոմակայանը գոնե այս փուլում բերվի անվտանգ ռեժիմի և ապագայում, որպես այլընտրանք հնարավորություն է տրվում, նույնիսկ ֆինանսավորվում է միջազգային ատոմային էներգետիկայի կազմակերպության կողմից՝ նոր ատոմակայան կառուցելու ծրագիրը: Ես հասկանում եմ, որ ռուսական որոշ փորձագետներ դա ծանր են տանում, քանզի եթե հիշում եք շատ անհասկանալի պայմաններում ատոմակայանի կառավարումը հանձնվել է ռուսներին, և վերը բերված պայմանները, բնականաբար, զուտ տնտեսապես իրենց ձեռնտու չէ: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն է պետք է ունենա նոր ատոմակայան, բայց պետք է և՛ արտգործնախարարությունը, և՛ կառավարությունը հասարակությանը բացատրեն, որ ատոմակայանի փակման և նոր ատոմակայանի վերագործարկումը ոչ միայն էներգետիկ անվտանգության խնդիր է, այլ նաև ուղղակի անվտանգության և ատոմային երկիր լինելու խնդիր է, պետք նաև տեղեկացնեն, մինչ այս ունեցած հանձնառառությունների և դրանց դիմաց մի քանի տասնյակ միլիոնի դրամաշնորհներ ստանալու մասին:
Մեկ այլ կարևոր խնդիր ևս կուզենամ առանձնացնել՝ ի տարբերություն Եվրասիական տնտեսական միության, այստեղ հստակ գրված է նաև Արցախի հիմնախնդրի լուծման հետ կապված այն սկզբունքները, որոնք այսպես թե այնպես Հայաստանը որպես պետություն ընդունել է: Նախ շատ կարևոր եմ համարում, որ այնտեղ տարածքային ամբողջականության սկզբունքի հետ միևնույն հարթության վրա դրված է նաև անձերի ինքնորոշման իրավունքը: Իսկ դա նշանակում է, որ մենք Արցախում միջազգային դիտորդների, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող պետությունների ներգրավմամբ կարող ենք հասնել Արցախի ինքնորոշմանը և միջազգային ճանաչմանը: Այսինքն այս փաստաթուղթը չի սահմանափակում և, ի տարբերություն Եվրասիական տնտեսական միության փաստաթղթի, որտեղ ոչ մի կետ չկա Արցախի հիմնախնդրի լուծման մասին, ՀՀ-ԵՄ համաձայնագրում խոսվում է նաև տնտեսական խնդիրների լուծման մասին: Այսինքն, առաջին անգամ նախատեսվում է միջազգային փաստաթուղթ ստորագրել, ի նկատի ունեմ միջպետականից էլ վեր, որտեղ Արցախի հիմնախնդրի հետ կապված հստակ ամրագրված է, որ տարածքային ամբողջականության հետ միասին նույն հարթության վրա պետք է դիտարկել նաև անձերի ինքնորոշման իրավունքը:
Էներգետիկայի առումով գրված է պայմանագրում, որ օրինակ նույն բաշխիչ ցանցը, որպես հոսանք տարածող պարտավոր է տնտեսապես էֆֆեկտիվ պայմաններ ստեղծի: Այստեղ նաև խոսվում է Եվրոպական էներգետիկ համակարգի հետ ինտեգրման մասին, ինչը մեծ և շատ կարևոր այլընտրանք է: Խոսքը գնում է նաև ոչ մոնոպոլ վիճակի մասին, քանի որ այսօր բաշխիչ ցանցը մոնոպոլ վիճակում է գտնվում և պետք է օրենքով ամրագրվի, որ նա չի կարող միակողմանի խնդիրներին լուծում տալ: Պետք է բոլոր տնտեսավորողների համար համապատասխան լինի ցանկացած փոփոխություն:
Կրթության հետ կապված հստակ նշված է, որ պետք է կրթական ծրագրերն ու մեթոդները համապատասպանեցվեն եվրոպական ստանդարտներին, այսինքն դրված է դիպլոմների համերժեքության խնդիրը:
Առևտրի և տնտեսական հարաբերությունների մասով. բոլորս էլ գիտենք, որ Հայաստանն օգտվում է GSP համակարգից և շուրջ 6400 անուն ապրանքատեսակներ կան, որոնք առանց մաքս ներմուծվում են Եվրոպա: Այս համաձայնագրի տնտեսական մասով մենք չենք ունենա այն, ինչ կունենայինք Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանգրի դեպքում, որովհետև այն ժամանակ եվրոպական ապրանքներն ևս առանց մաքս կգային Հայաստան՝ սկսած ավտոմեքենաներից, եվրոպական հագուստից, սննդամթերքից, ամենակարևորը՝ դեղորայքից: Ճիշտ է այստեղ մենք չենք ունենում այդ նշածս արտոնությունը, բայց այս համաձայնագրով առնվազն ամրացնում և հստակեցնում ենք GSP համակարգը և այլևս չի վտանգվի այդ 6000-ից ավել ապրանքատեսակների արտահանումը ՀՀ-ից դեպի Եվրոպա:
Մյուս հարցը վիզաների ազատականացման խնդիրն է: Շատ կարևոր է, որ մենք շատ կարճ ժամանակում հասնենք առանց վիզայի ռեժիմի, այսինքն Եվրամիության անդամ երկրներ, հատկապես շենգենյան անդամ երկրները մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պարտադրված չլինեն օրերով հերթեր կանգնել դեսպանատների առջև: Ես վստահ եմ, որ հետևողական լինելու դեպքում այս պայմանագրի ստորագրումից հետո կարելի է կարճ ժամանակում հասնել նաև առանց վիզայի ռեժիմի Եվրամիության հետ, իսկ դա կխթանի թե՛ բիզնեսը, թե՛ կրթությունը, թե՛ առողջապահությունը: Եվրոպական երկրների քաղաքացիները առնվազն 156 երկիր առանց վիզայի մուտք ունեն: Եվ այդ հնարավորության պայմաններում, 21-րդ դարում ՀՀ քաղաքացիներին պահել այսպիսի սահմանափակումների մեջ ուղղակի անթույլատրելի է:
-Պարոն Քոքոբելյան այս բոլոր կարևոր կետերը, որ Դուք նշեցիք հնարավո՞ր է ինչ-որ առումով շարժեն Ռուսաստանի խանդը և վերջին րոպեին որոշումը փոխվի: Իշխանությունը, ի դեպ, այս օրերին շարունակ պնդում է, որ 2013-ի սեպտեմբերի 3-ի որոշումը չի եղել մեկ գիշերվա ընթացքում կայացված որոշում, ավելին՝ Հայաստանը պատրաստ է եղել ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն Եվրամիությունը պատրաստ չի եղել և ընտրել է կամ-կամ-ի սկզբունքը: Հիմա այս առումով հնարավո՞ր է չստորագրվելու դեպքում դարձյալ մեր իշխանությունները մեղադրեն Եվրամիությունը:
-Գիտեք, եթե չստորագրվի կարելի է պատճառներ միշտ էլ գտնել: Նախ ես չեմ կիսում իշխանության այն կարծիքը, որ իրենք դա երկար ժամանակ խորհել են, առնվազն Եվրասիական տնտեսական միության հետ բանակցային գործընթացը կամ պայմանագրի ստորագրումը հանրային քննարկման, քաղաքական ուժերի դատին ներկայացնելու համար գրեթե ժամանակ չի եղել, դա շատ արագ տեղի ունեցավ: Մինչև այս պահը ես վստահ եմ, որ Եվրասիական տնտեսական միության շատ համոզված կողմնակիցներ այդպես էլ չեն հասկացել ինչ է դա տվել Հայաստանին և ինչից է զրկել: Հայաստանն այսօր ունենալով պատերազի վտանգ չի կարող երրորդ կողմից զենք ներկրել Հայաստան, քանզի եթե դա անի, ապա 18 տոկոս ավել պետք է վճարի ԵԱՏՄ բյուջե: Դրա վառ օրինակներց մեկը այն է, որ վերջերս Չինաստանից զենք չներմուծվեց Հայաստան, իսկ վերջերս ԱԺ-ում ընդունված տխրահռչակ օրենքով ռուսական կողմը 2013 թվականից հետո ՀՀ-ին վաճառած բոլոր զենքերի վրա վերահսկողություն իրականացնելու իրավունք ստացավ: Դա նշանակում է, որ Հայաստանի ռազմատեխնիկան Արցախի պաշտպանությանը ծառայացնելը պետք է լինի ռուսների համաձայնությամբ: Պետք է նաև նշեմ, որ լավ կլիներ, որ Հայաստանը Չինաստանից զենք բերեր, որովհետև գոնե Չինաստանից կամ այլ՝ երրորդ երկրից բերված զինտեխնիկայի վրա Ռուսաստանը այդ իրավունքները չէր կարողանա բանեցնել, սակայն պարզ է, որ Չինաստանից կամ երրորդ երկիրց էլ բերելուց պետք է 18 տոկոս հավելավճար գանձվի հօգուտ ԵԱՏՄ-ի: Այսինքն աստիճանաբար մենք նույնիսկ մեր ռազմատեխնիկայի իրացման և տեղաշարժի իրավունքն ենք տալիս ենք այլ երկրի, այն էլ այնպիսի երկրի, որն անխնա զինում է մեր հակառակորդ երկրին: Չի կարելի զբաղվել պարզագույն դեմագոգիայով և փորձել ցույց տալ այն ինչ չկա: Ես շատերին գիտեմ, որոնք անխնա պաշտպանում են ռուսական կողմնորոշումը, բայց նրանից ոչ մեկին չգիտեմ, որ ձգտում է, որ իր երեխան սովորի Վոլգոգրադում կամ Չիտայում, ինքն էլ բուժվի օրինակ Կրոսնադարում: Բոլորը փորձում են բուժվել Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում: Ուզում եմ ասել, որ չի կարելի այդքան անբարեխիղճ գտնվել և իր ու սեփական զավակի համար անելով այլ բան, ՀՀ քաղաքացու համար պրոպագանդել մեկ այլ՝ ավելի հետադիմական ուղի: Այս կոնտեքստում ուզում եմ խոսել նաև լեզվի խնդրի մասին, որ երբ ՀՀ-ում տարբեր մակարդակներով հայտարարվում էր, թե ռուսերենը գիտության լեզու է ու դրա համար են հայեցակարգ մշակել ռուսերենին ՀՀ-ում արտոնյալ դիրք տալու մասին, նույն այդ օրերին Ռուսաստանի կրթության նախարարը, ի պատիվ իրեն, հայտարարեց, որ ռուսերենով գիտությունը զարգացնել ուղղակի հնարավոր չէ և անհրաժեշտություն կա ՌԴ-ում անգլերենի ուսուցման խորացման: Եթե վերջին 30 տարում ոչ մի լուրջ գիտական նվաճում չի եղել ռուսական տարածքում, ապա ինչո՞ւ պետք է դա կարդալ ռուսերենով, առավել ևս եթե այն չկա: Ռուսական գիտական մտքի զարգացման համար ամենաուժեղ խթանիչ ուժը դա իրենց Мир գիտական հրատարակչությունն է, որը 1-2 տարի ուշացումով թարգմանաբար տպագրում է գիտական նվաճումների մասին նորությունները, գրքերը, դասագրքերը և այլն: Սա, կարծում եմ, բավարար ցուցիչ է հասկանալու, թե գիտության լեզուն այսօր որն է:
-Պարոն Քոքոբելյան, ի վերջո ինչո՞ւ այս համաձայնագրի տեքստը հանրայնացրին: Անսպասե՞լի էր Ձեզ համար:
-Ինձ համար անսպսելի չէր: Պետք է ասեմ, որ տեքստի որոշ հատվածներին նաև ծանոթ էի: Անցած անգամ մեղադրվեց, թե ինչու տեքստը չհրապարակվեց նախապես, ես ինքս էլ եմ մեղադրել, թե՛ Եվրամիությանը, թե՛ ՀՀ բանակցային գործընթաց տանող իշխանական այդ հատվածին, որովհետև հասարակությունը այդպես էլ չիմացավ, թե ինչից է զրկվել: Պայմանագրի տեքստը հրապարակվել է եվրոպացիների կողմից՝ ոչ որպես խոչընդոտ, այլ, ընդհակառակը: Եվ որոշ գործիչների ոչ ադեկվատ մեկնաբանությունները այս համաձայնագրի մասին, ինչպես նաև նրանց՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները տարբեր, ոչ էական հարցերի հետ կապելու փորձերը ի չիք դարձան: Այո, ցավոք, կային մարդիկ, որոնք փորձում էին պղտոր ջրում ձուկ որսալ և հակաքարոզչություն իրականացնել:
-Պարոն Քոքոբելյան տեղեկատվություն կա, որ Եվրամիության անդամ երկրներից մի քանիսը դեռ չեն հասցրել տեքստը թարգմանել և, ըստ էության, կարող է տեխնիկական խնդիրներ առաջանալ այն կյանքի կոչելու ճանապարհին:
Ցավոք սրտի, ես դա կարդացել եմ մամուլում և տեսել եմ, որ ուղղորդված կարծիքներ ևս կան, ես դա համարում եմ գործընթացի վիժեցում և կարծում եմ, որ Եվրամիությունը, ինչպես նաև մեր արտգործնախարարությունը պետք է հանձնառու լինեն, որպեսզի նման խութեր չլինեն, որովհետև նախապես համաձայնություն կար անդամ երկրների հետ և եթե այստեղ զուտ ժամանակային առումով անհամապատասխանատվություն լինի, դա նշանակում է, որ տեխնիկական առումով թերացում է եղել, որը կհամարեմ քաղաքական առումով լուրջ բացթողում Եվրամիության կողմից: Եվ հիմա մենք բոլորս պետք է նպաստենք, որ չլինի ԵՄ անդամ մի երկիր, որտեղ հանկարծ թյուրըմբռման պատճառով վիժեցվի այս պայմանագիրը: Սա վերջին շանսն է Հայաստանի համար, սա վերջին կարևորագույն հնարավորությունն է, որ Հայաստանը որպես պետություն չհայտնվի լուսանցքում և սա հնարավորություն է ինտեգրման գործընթաց սկսել քաղաքակիրթ աշխարհի հետ: Սա իհարկե բավարար չէ, բայց սա այն անհրաժեշտն է, որ մեզ համար որպես պետություն օրհասական անհրաժեշտություն է:
-Կցանկանայի անդրադառնաք Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու Ելքի նախաձեռնությանը, որը քննարկվեց և քննադատվեց Ազգային ժողովում: Մենք տեսանք իշխանության հակափաստարկները, Հերմինե Նաղդալյանի և Արտաշես Գեղամյանի կողմից, Դուք , երբ այլևս Ազգային ժողովում չեք, պատրա՞ստ եք աջակցել այդ նախաձեռնությանը:
Բոլորը գիտեն, որ դա իմ նախաձեռնությունն է եղել, ես բավականին չարչարվել եմ, որ այդ նախագիծը չվիժեցվի Ազգային ժողովում և չվիժեցվեց, ես հայտարարությամբ հանդես եկա և ասեցի, որ այդ հաճույքը չեմ պատճառի ձեզ և թույլ չեմ տա, որ այն մերժվի: Եվ ինձ համար անակնկալ չէր, բայց և ցանկալի չէր, որ այդ նախագիծն այս անգամ նման կերպ քննարկվեր Ազգային ժողով: Խոսքը չի վերաբերվում նախաձեռնությանը, այլ քննարկմանը: Ցավոք, իշխանություններին հաջողվեց շատ կարճ ժամանակում շրջանառության մեջ դնել և առիթն օգտագործելով հասարակությանը հրամցրին, իբրև թե Եվրասիական տնտեսական միության հետ պայմանագրի ստորագրումը Հայաստանի համար խիստ ցանկալի և անհրաժեշտ է եղել: Շատ խոսեցին այլընտրանքների բացակայությունից՝ ԵԱՏՄ-ն մեր վերջին հնարավորություն ներկայացվեց, բայց ես միշտ ասել եմ, որ այլընտրանքները պետության համար հնարավորություններ են և պետությունը ի դեմս իր իշխանության, իր քաղաքական համակարգի և քաղաքացիների պետք է այդ այլընտրանքները ստեղծի: Եվ, կարծում եմ, այդ գործընթացը ոչ թե ծառայեց ի շահ եվրոպական արժեհամակարգի հանրայնացման, ԵՄ-ի հետ ինտեգրացիայի կարևորության շեշտման, այլ ճիշտ հակառակը: Ես նկատի ունեմ այն, որ իշխանությունը տարբեր միջոցներով այդ առիթն օգտագործեց հակաեվրոպական փաստարկներ ներկայացնելու:
Ես շատ ուրախ եմ, որ մեր գործընկերները այդ հարցը բարձրացրել են և գտնում եմ, որ երբեք չպետք է դադարեցնենք խոսել այդ մասին, բայց պետք է շատ զգոն լինենք: Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր ծրագրային դրույթներում նշել է, որ Հայաստանը պետք է լինի Եվրոպական միության լիիրավ անդամ: Բայց մենք բոլորս պետք է ուշադիր լինենք, որ դրան հակադրվող քաղաքական ուժերը, երբեմն արհեստականորեն, չկարողանան դա օգտագործեն իրենց քաղաքական նույնիսկ ոչ հեռատես մոտեցումների համար, բայց այս փուլում մենք ունեցանք այն, ինչ ունեցանք: Քաղաքականության մեջ ամենակարևոր բանը նաև քո ընդդիմադրին արհեստական հնարավորություններից օգտվելու հնարավորություն չտալն է: Ինձ համար տրիվիալ էր , որ դա այդպես էր լինելու: Ես վատ զգացի, որ նույնիսկ մի քանի առաջադեմ լրատվական միջոցի ղեկավարներ խոսեցին, որ դա արհեստական օրակարգ է: Ես չեմ կարծում, որ այն խնդիրը, որը կա արհեստական է, բայց իշխանությանը դա հաջողվեց օգտագործել ի շահ իրենց: Իշխանությունը ամեն ինչ արեց, որ դա ուղղակի վերածվի սովորական գզվռտոցի:
Իշխանությունը միշտ էլ վախեր ունեցել է ռուսական մոտեցումների առնչությամբ, բայց չեմ կարծում, որ այստեղ ցույց տվեցին իրենց վախերը, այլ հակառակը որոշ գործիչներ ցույց տվեցին իրենց՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու հանգամանքը: Ես միշտ զարմացել եմ, որ որոշ գործիչներ ռուսական կամ արևմտյան կողմնորոշումը ավելի շատ են պաշտպանում, քան նույն այդ արևմտյան կամ ռուսական գործիչները: Այն գիտակցումը, որ ՀՀ քաղաքական գործիչները և քաղաքական ուժերը պետք է ծառայեն բացառապես Հայաստանի Հանրապետությանը շահերին, այսօր պարզապես անհրաժեշտություն է: Ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակահատված հետո Հայաստանում շատ քաղաքական ուժեր, ստափ մտածող քաղաքական գործիչներ կկիսեն այդ կարծիքը և կհասկանան, որ Հայաստանի Հանրապետության ապագան դեպի Եվրամիություն է: Շատ ուրախ եմ, որ Ելքի որոշ գործիչներ այսօր պաշտպանում են Եվրամիության հետ ասոցացման ուղղությունը, թեկուզ այնտեղ դրա մասին չեն խոսում, այլ խոսում են միայն Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին: Ես սա կարևոր առաջընթաց եմ համարում, բայց միևնույն ժամանակ գտնում եմ, որ որևէ մեկս իրավունք չունենք հնարավորություն տալ իշխանություններին, որ նման կարևոր նախաձեռնություններն օգտագործեն ի շահ ռուսական պրոպագանդային, և ոչ էլ մենք իրավունք ունենք հակառակն անելու: Սա ՀՀ քաղաքացիների կենսական խնդիրներին վերաբերվող հարց է և դա է պատճառը, որ այսօր, Հայաստանում էներգետիկ համակարգը մոնոպոլ վիճակում է և գտնվում է ռուսական տոտալ վերահսկողության տակ: Ինչ՞ է նշանակում ամբողջ էներգետիկ համակարգը տալ մեկ պետության:
-Արևմտյան ուժերը Հայաստանում պարտվա՞ծ են, դեռ այս համաձայնագրի նախաստորագրման փուլում խոսվում էր այն մասին, որ չկա վերահսկողական մեխանիզմ, անգամ ընդիմությունը որևէ կերպ չի արձագանքում տեղի ունեցածին և ամեն ինչ թողնված է իշխանության քմահաճույքին:
Չի եղել քաղաքական լուրջ պրոցես, որին Ազատ դեմոկրատները չեն անդրադարձել, չեն փորձել ունեցած քաղաքական գործիքներով դրանց վրա ազդել: Հայաստանում տպավորություն կա, որ ընդիմությունը պետք է գլադիատորների դերում հանդես գա: Մենք քաղաքական ուժ ենք և մենք քաղաքական գործիքակազմից ենք օգտվում, նաև որպես ազատական ուժ գլադիատորական մարտերը քաղաքականության մեջ մեզ համար անընդունելի են:
Նախ չի կարելի ասել արևմտյան ուժեր, իսկ այն քաղաքական ուժերը ում համար գաղափարական առումով ժողովրդավարությունը, արևմտյան արժեհամակարգը, մարդու իրավունքները դոմինանտ են, հենց նրանք են Հայաստանի ապագան, որովհետև ժամանակակից աշխարհում, 21-րդ դարում առանց ժողովրդավարության, առանց մրցակցային դաշտ ապահովելու հնարավոր չէ երկրի զարգացում, հնարավոր չէ նաև գիտության զարգացում, սպորտի զարգացում: Հանրության մեջ ընդիմության մասին առկա ոչ ճիշտ մոտեցումների և ընկալումների ձևավորմանը շատ խիստ նպաստում է իշխանությունը: Հայաստանում ընտրական համակարգը կոռումպացված է, քաղաքական համակարգը Հայաստանում ամենակոռումպացված համակարգն է: Հայաստանում մարդ կա արդեն 10 անգամ գաղափարափոխ է եղել՝ խոսքը չի վերաբերվում կուսակցություններին: Մարդ կար 3 տարի առաջ խոսում էր խիստ ժողովրդավարական դիրքերից, այսօր խոսում է ֆաշիստական դիրքերից կամ հակառակը: Հայաստանում, ցավոք սրտի, ԶԼՄ–ների և լրատվամիջոցների հիշողությունը շատ կարճ է, իսկ դա խոսում է մեր քաղաքական համակարգի մակերեսային լինելու մասին: Աշխարհում որևէ քաղաքական կարևոր իրադարձություն առնվազն 2-3 տարի պահպանվում է և լրատվամիջոցներն այդ մասին անընդհատ հիշեցնում են: Մեզանում պետական մակարդակով նպաստվում է քաղաքական համակարգի այլասեռմանը, ընտրական համակարգի բառացիորեն ոչնչացմանը, և առանց խորշելու որոշ քաղաքական գործիչներ թե՛ ընդիմադիր և թե՛ իշխանական ասում են, թե մենք ինչ կարող էինք անել, փողը վերցրեցին և ընտրեցին: Այսինքն, դե ֆակտո իրենք ընդունում են, որ իրենք կոռումպացված համակարգի դեմ պայքարողները չեն:
Ես չեմ ընդունում, որ պարտվել են քաղաքական ուժերը, որովհետև իդեալոգիան, մոտեցումները և սկզբունքները, առավել ևս, եթե դրանք արդիական են, դրանք չեն պարտվում, ուղղակի քաղաքական պրոցեսում լինում են ինչ-որ հանգրվաններ, որոնք պետք է անցնես՝ ուզես, թե չուզես, քանզի դրա անհրաժեշտությունը կա: Ես չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացիները չգիտեն, թե ով ինչով է զբաղված, այլ հարց է ընտրության արդյունքները: Շփվում ենք հասարակության հետ, տարբեր առիթներ են լինում և տարբեր կարծիքներ լսելու հնարավորություն ենք ունենում և, փառք Աստծո, լսում ենք այն, ինչ իրականությունն է, ես չեմ տեսել, որ մեր քաղաքացիները փաստերը խեղաթյուրեն, լրատվամիջոցների մասին չէ խոսքը, այլ զուտ ամենօրյա շփումների, հանդիպումների մասին: Մեր հասարակությունն ամեն ինչ շատ լավ հասկանում է:
Չեմ կիսում նաև այն կարծիքը, որ պետք է ընտրություններին չմասնակցել, եթե չկա Հայաստանում ընտրական համակարգ, ապա ոչ թե պետք է ձեռքերը լվանալ և նստել, այլ պետք է միշտ պայքարել, պետք է դասեր քաղել անհաջողություններից և պետք է հստակ մշակել պլան, որով հնարավոր է Հայաստանի քաղաքական այս կոռումպացված համակարգին վերջ դնել: Նույնիսկ այդ կոռումպացված քաղաքական գործիչների շահերից է բխում այս քաղաքական համակարգի վախճանը: Չեք կարող դուք ինձ նշել որևիցե մի երկիր որտեղ կա կենսամակարդակի զարգացման աճ և նման կոռումպացված քաղաքական համակարգ, քանզի դրանք մեկը մյուսին հակասող երևույթներ են:
Պատրաստեց՝ Սիրանյուշ Պապյանը