Ուկրաինան, ենթարկվելով ռուսական կողմի ճնշումներին, չկարողացավ դիմակայել այս փորձությանը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի կառավարության կողմից Եվրոպական միության հետ ասոցացման նախապատրաստական աշխատանքների կասեցման մասին համապատասխան որոշմանը:
«Կարծում եմ և չեմ բացառում, որ Ուկրաինան չի գնա նաև Մաքսային միություն, այս գործընթացը կշարունակվի դեռևս երկար: Ուկրաինան ոչ թե դադարեցրել է, այլ կասեցրել է գործընթացը: Իսկ դա նշանակում է, որ չի կարելի համարել այդ էջը փակված»,-ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ ռուսական կողմի ճնշումները պայմանավորված են երկու գործոնով: Դրանցից առաջինը գազն է, իսկ երկրորդը՝ այն հանձնաժողովը, որտեղ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշումներ են ընդունվում այն մասին, թե որ ապրանքները պետք է մտնեն ՌԴ, իսկ որոնք՝ ոչ:
«Ուկրաինան ՀՀ-ի նման զուտ ֆիզիկական անվտանգության խնդիր չունի, բայց այստեղ էլ գործում են իմ ասած երկու գործոնները, որոնց մասին բազմիցս խոսել է ռուսական կողմը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության մյուս երկու երկրներին՝ Վրաստանին ու Մոլդովային, որոնք նախապատրաստվում են Վիլնյուսում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, Խաչատուր Քոքոբելյանը այն վստահությունը հայտնեց, որ Վրաստանն ի վերջո կնախաստորագրի, սակայն նույն վստահությունը չունի Մոլդովայի նկատմամբ: