«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
– Տիկին Սեդրակյան, ըստ Ձեզ, մենք երկրի այս կամ այն խնդիրներին որքանո՞վ ենք կարողանում համարժեք գնահատական տալ: Եթե հաշվի առնենք վերջին իրադարձությունները, չի՞ ստացվում, որ մենք սելեկտիվ արդարադատություն ենք պահանջում:
– Մենք սելեկտիվ արդարադատություն ենք պահանջում իբրև հակազդեցություն, որովհետև մեր արդարադատությունն ի սկզբանե սելեկտիվ է: Տեսեք, թե ինչ են կատարվում պաշտոնյաների որդիների հետ, տեսեք, թե ինչպես են դատվում այն մարդիկ, որոնք տնտեսական հանցագործություններ են կատարել, և նրանց գործերը վայրկենապես կարճվել են, ու նրանք ազատության մեջ են: Մենք պետք է հասկանանք, որ այս պարագայում, եթե պետական մեքենան օգտագործում է իր հնարավորությունները և լիազորությունները պետական մամլիչը գործարկելու թշվառ, խեղճ, անպաշտպան մարդկանց դեմ, ապա գոնե մենք հանրայնորեն պետք է կարողանանք մեր պաշտպանության խոսքն ուղղորդենք դեպի այդ մարդիկ, և կարող ենք ասել, որ մենք հանրայնորեն ոչ թե սելեկտիվ արդարություն ենք պահանջելու, այլ պահանջելու ենք հումանիստական արդարադատություն: Սա մեր իրավունքն է այն մարդկանց համար, որոնք լիովին անպաշտպան են այս մեքենայի դեմ:
– Մենք տեսանք, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դեպքում նման հանրային արձագանք չեղավ: Չի ստացվո՞ւմ, որ մեկի համար պայքարում ենք, մյուսին՝ անտեսում:
– Հայ ժողովրդի կարծիքը շատ իմաստուն է, որովհետև սոցիալական կոռուպցիան և սոցիալական հանցագործությունները մեր հասարակության ախտն են, դրա համար հասարակությունը շատ մեծ վերապահումով է այդ խնդրին մոտենում: Եվ դրա համար պրոտեստային զանգված չի լինում: Իսկ Վարդան Պետրոսյանի դեպքը, ինչպես նաև Շանթ Հարությունյանի դեպքը զուտ պատահականություն են, ոչ թե չարակամ մտադրություն: Դրա համար մենք պետք է հասկանանք, որ հանրային կարծիքը իբրև անձնավորված մոտեցմամբ, բայց իրականում շատ էլ ճշգրիտ պարամետրեր է դնում արդարադատության համար: Մնում է, որ արդարադատությունը հետևի այդ ընդհանուր ծրագրերին: Իսկ գիտեք՝ ո՞րն է այդ ընդհանուր հիմքը, որով պետք է շարժվի թե՛ արդարադատությունը, թե՛ պետությունը, թե՛ տնտեսությունը… հումանիզմն է, մարդու հանդեպ հարգալից վերաբերմունքը (չեմ ասում սիրո, գոնե հարգալից վերաբերմունքը), որտեղ կհարգվեն նրա իրավունքները: Եթե մենք չունենայինք թերի արդարադատություն, մենք չէինք ունենա նման իրարամերժ կարծիքներ, բոլորը կսպասեին, որ արդարադատությունը արդար և հանգիստ իր գործը աներ, բայց քանի որ հույս չկա, չկա նաև հեռանկար:
– Իսկ որքանո՞վ էր հանրության արձագանքը ադեկվատ Վարդան Պետրոսյանի գործի հետ կապված:
– Դարձյալ իրարամերժ կարծիքներ եղան, բայց ինձ թվում է՝ թե՛ Շանթ Հարությունյանի, թե՛ Վարդան Պետրոսյանի դատերը պետք է հրապարակային անել, մաքսիմալ մասնակցությամբ, որովհետև բոլոր դեպքերում թե՛ Վարդանը, թե՛ Շանթը հանրային դեմքեր են, և նրանց հանդեպ թե՛ ուշադրությունն է մեծ, թե՛ անձնական պատասխանատվությունն է մեծ, որովհետև այս մեկ նախադեպի օրինակով է որոշվում՝ ինչպիսին կլինի վերաբերմունքը նաև շարքային քաղաքացու հանդեպ, և մենք պետք է կարողանանք այդ նախադեպերը մաքսիմալ արդար ձևով հնչեցնել:
– Բայց կլինի՞ արդյոք բաց և թափանցիկ դատավարություն:
– Նույնն է, որ ասենք, իսկ կլինի, վերջապես, արդար պետություն, հակաօլիգարխիկ պետություն, համենայնդեպս` մենք ապրում ենք այն պետության մեջ, որտեղ էլեմենտար իրավունքի իրացումը դառնում է յուրաքանչյուրի անձնական պայքարը: Ինչ արած, մենք պետք է այդ պայքարը տանենք:
– Չի՞ ստացվում, որ մեր սելեկտիվ պայքարը սխալ է, դրա համար էլ գուցե մենք էլ իշխանությունից ստանում ենք այն, ինչ պահանջում ենք:
– Նեգատիվ սելեկցիային պետք է հակազդել պոզիտիվ սելեկցիայով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Սիրանույշ Պապյան