«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Մասիս Այվազյանը:
Դեկտեմբերի 28-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարությունից հետո բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել այդ խմբակցությունում: Հիշեցնենք, որ Թ. Պողոսյանն այդ օրը Facebook-յան իր էջում գրել էր, թե իր որոշման «պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքին խոհանոցային են, հետևաբար դրանք հրապարակայնացնելը էթիկ չի համարում»: Իսկ մինչ հայտարարությունը նա մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Նշենք, որ Թ. Պողոսյանի այս հայտարարությունից հետո նույնանուն խմբակցության «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների անդամների միջև պայքար է մղվում այդ թափուր մանդատի համար: Բանն այն է, որ համատեղ համամասնական ցուցակում մանդատի սպասող հաջորդ մարդը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Մասիս Այվազյանն է: Մինչդեռ «Ժառանգությունը» ցանկանում է խորհրդարան բերել իր անդամ և նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանին: Իսկ եթե Մ. Այվազյանը գա խորհրդարան, ապա «Ժառանգություն» խմբակցությունում ուժերի որոշակի հարաբերակցություն կխախտվի, և խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կհայտնվի գրեթե միայնակ վիճակում: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ աշնանային նիստի ժամանակ Սերժ Սարգսյանին կազինոյում խաղալու վերաբերյալ նրա ուղղած հարցից հետո խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հրաժարական տվեց և մնաց շարքային պատգամավոր: Փոխարենը խմբակցության ղեկավար ընտրվեց Զ. Փոստանջյանը: Եվ հիմա «ժառանգականները» ցանկանում են այդ հարաբերակցությունը վերականգնելու համար Ս. Սաֆարյանին բերել ԱԺ, սակայն այս պարագայում Մ. Այվազյանը պետք է ինքնաբացարկ ներկայացնի: Այս հարցերի մասին էլ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Մ. Այվազյանի հետ:
– Պարոն Այվազյան, ճի՞շտ են խոսակցությունները, թե «Ժառանգություն» կուսակցության ղեկավարները Ձեր և Ձեր կուսակցության հետ բանակցություններ են վարում, որ հրաժարվեք մանդատից:
– Ոչ, ոչ: Այդպիսի բան չկա:
– Իսկ եթե փորձեն բանակցել, Դուք կհրաժարվե՞ք մանդատից, որպեսզի Ս. Սաֆարյանը դառնա պատգամավոր:
– Նման խոսակցություն չի էլ եղել և չի կարող լինել:
– Այսինքն՝ փետրվարին Դուք ստանալու եք մանդատը և դառնալու եք պատգամավոր:
– Ուրեմն, երբ հարցը դրան կհասնի, կորոշենք: Հայտարարությունը դեռևս քիչ է, 15 օր ժամանակ կա դեռ: Այդ մարդը դեռ պետք է վերջնականապես որոշի՝ վայր դնել մանդատը, թե ոչ: Դրանից հետո՝ խնդրեմ:
– Բայց եթե Թ. Պողոսյանն այդպես հրապարակավ է հայտարարում մանդատը վայր դնելու մասին, դժվար թե փոշմանի:
– Ես չեմ որոշում, այդ հարցը որոշում է Թ. Պողոսյանը:
– Իսկ ինքնաբացարկ հայտարարելու կամ մանդատը վերցնելու առումով ինչպե՞ս է Ձեր տրամադրվածությունը:
– Նորմալ՝ ինչպես ընտրություններից առաջ: Ցուցակ ենք կազմել, և ցուցակի տրամաբանությունը պետք է աշխատի:
– Այսինքն՝ Դուք դառնալու եք պատգամավոր:
– Բնական է:
– Եվ Դուք նույնպես լինելու եք «Ժառանգություն» խմբակցության անդամ:
– Այլ տարբերակ չկա: «Ժառանգություն» խմբակցություն է, այդ ցուցակով ենք մենք ներկայացված, բնականաբար այդ խմբակցության անդամ պետք է լինենք:
– Ձեր կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց խմբակցությունից դուրս գալու մասին: Դուք ինչպե՞ս կվարվեք, երբ դառնաք պատգամավոր:
– Խ. Քոքոբելյանը նման հայտարարություն անելու իրավունք ուներ, որովհետև ինքը ցուցակի առաջին համարներից էր: Երրորդ համարից հետո արդեն աշխատում է ցուցակի տրամաբանությունը, և մյուս համարները խմբակցությունից դուրս գալու իրավունք չունեն:
– Իսկ այդպիսով հնարավո՞ր է խմբակցության ղեկավարի փոփոխության հարց բարձրացնեք, քանի որ խմբակցությունում «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների անդամների միջև հակասություն կա:
– Եկեք ջուրը չմտած՝ չբոբիկանանք: Մարդը կարող է փոշմանի ու ետ վերցնի դիմումը: Իսկ այդ հակասության հարցը ես չեմ պատրաստվում քննարկել, դրանից անցել է մեկուկես տարի: Եվ եթե Թ. Պողոսյանի հրաժարականը կկրկնվի, դրանից հետո մենք կորոշենք մեր անելիքը: Իսկ «Ժառանգության» հետ նման որևէ բանակցություն չի եղել, որևէ մեկը չի էլ զանգել:
– Կարծիք կա, որ Թ. Պողոսյանի հրաժարականն էլ պատահական չէ, և այդպիսով ցանկություն է եղել խմբակցությունում «Ժառանգություն» կուսակցության անդամների քանակը նվազեցնել:
– Նման տեսակետ ինձ հայտնի չէ:
– Իսկ Դուք ինքներդ հակասություն ունե՞ք «Ժառանգության» հետ:
– Բացարձակապես:
– Այսինքն՝ Դուք Զարուհի Փոստանջյանի ղեկավարությամբ հաշտ ու խաղաղ աշխատելու եք այդ խմբակցությունում:
– Ես դեռևս չեմ պատրաստվում աշխատել, մինչև չլինի հստակ որոշում:
Արմինե Ավետյան